Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 184

Գլուխ երկրորդ
թոհուբոհի մեջ չկարողանալով ազատել իրարից կառչած զենքերը ՝ կռվում էին կաշկանդված ։ Ի վերջո նրանք ստիպված եղան նետել վահանները, և հռոմեացիների համար արդեն դժվար չէր խոցել նրանց ։ Վիրավոր հելվետները սոսկալի ճիչերով ետ ընկրկեցին, միմյանց ոտնատակ տալով ՝ խառնեցին շարքերը, իսկ հռոմեացիք գիտակցելով պահի կարևորությունը ՝ սողոսկում էին առաջացած ճեղքվածքների մեջ ու թրատում անխնա ։ Հելվետների առաջապահ գնդերը նահանջեցին, իսկ երբ տարափի պես բարձունքից իջավ ամրությունները թողած թարմ լեգեոնը ՝ դադարեցին կռվել ու փախան դեպի բլուրները ։ Մյուս զորամասերը խուճապի մատնվելով ՝ հետևեցին նրանց ։ Հռոմեացիք նետվեցին նրանց ետևից և շատերին սպանեցին ։ Բայց հազիվ էին հաջողությունից ոգևորված վերջապահ կոհորտաներն իջել բարձունքից, երբ անտառածածկ լանջերից անսպասելիորեն նրանց անպաշտպան թևի վրա հարձակվեցին տասնհինգ հազարի չափ բարբարոսներ, որոնք հսկում էին հռոմեացիներից թաքցրած գումակը ։ Նկատելով այդ ՝ փախչողները կանգ առան և արագորեն շարվելով ՝ փորձեցին դիմադրել իրենց հալածողներին ։ Հռոմեացիք ստիպված էին կռվել երկու ճակատով ։ Սակայն նրանք, որ փախչում էին դեպի բլուրները, անկարող եղան կանգնեցնել թշնամուն և ցրվեցին հարթավայրով մեկ, մյուսները նահանջեցին դեպի գումակ և ամրություն սարքեցին սայլերից ու քարշակներից ։ Մթնեց ։ Նրանք կռվում էին ջահերի լույսի տակ, հրկիզում էին սայլերն ու վրանները ։ Բարբարոսներն այստեղ զենքի բավականին պաշար ունեին և նիզակների տարափ էին անվերջ տեղում ։ Ստրուկներն օգնում էին նրանց, կանայք նույնպես ելել էին բարիկադների վրա ։ Բայց նրանք անզոր էին այլևս իրավիճակը փոխել և լուսադեմին անձնատուր եղան ։
Հաղթանակի լուրը քամու պես արագ տարածվեց Գալլիայում, և բազում ցեղեր, որ հարկատու էին հելվետներին, հարուստ նվերներով դեսպանախմբեր ուղարկեցին Նարբոն, իսկ նրանք, որ մտադիր էին ընդվզել հռոմեական գերիշխանության դեմ ՝ հրաժարվեցին իրենց ծրագրերից ։
Ի պատիվ այս հաղթանակի սենատը տասնօրյա երախտագիտական աղոթք սահմանեց Հռոմում ։
Ձմեռային ճամբարների հրամանատարությունը հանձնելով Պոլիոնին ՝ Կեսարը մեկնեց հարավ ՝ Լուկա, ուր նախնական պայմանավորվածության համաձայն նրան սպասում էր Պոմպեոսը ՝ բազում սենատորների հետ ։ Երեք օր տևած խորհրդակցությունից հետո որոշվեց, որ Կլոդիոսն աքսորի Ցիցերոնին Հռոմից ՝ մեղադրելով նրան համաքաղաքացիներին ապօրինաբար մահվան դատապարտելու մեջ, Պոմպեոսը պարտավորվեց ժամանակավորապես երկու լեգեոն տրամադրել Կեսարին հյուսիսային ցեղերին հնազանդեցնելու և ոսկով հարուստ հողերին տիրելու համար, իսկ Կեսարը պիտի ընտրություններին երկու հազար զինվոր ուղարկեր Հռոմ ՝ իրենց քվեները տալու դաշնակիցներին ։ Եվ այդ ամենը պիտի արվեր արագ, քանի դեռ Կատոնը չէր վերադարձել Եգիպտոսից ։

Գլուխ երկրորդ

Ձմեռը դեռ չէր ավարտվել, երբ տագնապալի լուրեր հասան Նարբոն ։ Գերմանական ցեղերը ՝ թվով հարյուրհիսուն հազար մարդ, անցել էին Հռենոսը և ավերում էին Գալլիայի հյուսիսային մարզերը ։ Նրանք առանց լուրջ դժվարության հնազանդեցրել էին բելգերին, ամբորիգներին, ներվիներին և բարձր հարկեր դնելով նրանց վրա ՝