Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 182

անարգանքն արյունով լվալու հնարավորությունից։ Կասիոսի հետ հելվետները սպանել էին նաև նրա լեգատ Լենիոս Պիզոնին՝ Կալպուրնիայի պապին, և Պիզոնն իր բազում նամակներով փեսային վրեժխնդրության էր կոչում։ Այս ամենից զատ կար նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր, հանգամանք. հելվետները բավականին հարուստ էին և ոսկու հսկայական պաշարներ էին տեղափոխում իրենց հետ։ Իսկ բարբարոսներն արդեն մտել էին էդուների երկիրը, որ դաշնակից էր Հռոմի հետ, և ամայացնում էին նրանց ցանքսերը։ Այլևս չհապաղելով՝ Կեսարը բանակն արագ երթով տարավ էդուների Բիբրակտե քաղաքը, դեպի ուր, իր տեղեկությունների համաձայն, շարժվում էին հելվետները։ Բիբրակտե չհասած՝ նրան հանկարծ լուր բերին, որ երթի թիկունքում բարբարոսական հսկայաթիվ հեծելազոր է երևացել և նեղում է վերջապահ ջոկատներին։ Նա անմիջապես իր ողջ հեծելազորն ուղարկեց ետ՝ կասեցնելու թշնամու առաջխաղացումը, իսկ ինքը հետևազորի հետ շտապով դիմեց դեպի մոտակա բարձունքը և զորքը մարտաշարքի բերեց թեքության վրա։ Կոհորտաներից նա երեք շարք կազմեց, լեգեոններից մեկը բոլոր ծառաների և գումակի հետ բարձրացրեց բլրագագաթ, ուր նրանք հապճեպորեն ամրություն պիտի կառուցեին անհաջողության դեպքում այնտեղ պատսպարվելու համար։ Վեց լեգեոն համր լռությամբ նրան էին նայում, և նրանց բախտն այժմ իր ընդունակություններից էր կախված, իսկ իրենը՝ նրանց բազկի զորությունից։ Նրան հանկարծահաս դող էր համակել, ձայնը դավաճանում էր երբեմն։ Դա երկյուղից չէր, այլ հուզմունքից. վիթխարի էր մարտի նշանակությունը՝ առաջին հաղթանակը կոգևորեր իր զինվորներին և կհնազանդեցներ մյուս բարբարոսներին, իսկ պարտությունը հավասարազոր էր մահվան, քանի որ այլևս բանակ չէր ունենա և ոչ մի լեգեոներ չէր վստահի իրեն։ Նա աղոթեց բոլոր աստվածներին, որ եթե պարտություն ունեն նախանշած իր համար, ապա թող բարեգութ լինեն և հետաձգեն այն, քանի դեռ չի հասցրել հեղինակություն ձեռք բերել զինվորների մոտ։ Ճերմակ նժույգը հեծած ու զորավարական ալ թիկնոցը ծածանելով,՝ նա սուրում էր շարքերի միջով, ուղղում դասավորությունները, սակայն տանջալի սպասումը տակնուվրա էր անում նրա հոգին։ Բայց երբ հարթավայրի վրա երևացին հռոմեական հեծյալները, որոնք արագ թափով եկան ու դիրքավորվեցին թևերում, իսկ նրանց ետևից նշմարվեցին հելվետների միաձույլ, ահռելի շարքերը, նրան համակած հուզմունքը հանկարծ չքացավ, արյունը տրոփեց քունքերում և նրա հոգում գլուխ բարձրացրեց ամեն զոհողության պատրաստ սառնասիրտ հռոմեացին։ Բարբարոսներն այնքան շատ էին, որ հարթավայրն ամբողջովին երփներանգվել էր նրանց հագուստներից ու շարքերի վրա ծածանվող անհամար դրոշներից։ Իրենց առջև տեսնելով հռոմեական ընդամենը քառասուն կոհորտա, նրանք, վստահ հաղթանակին, գալիս էին անշտապ, ամեհի լավայի պես դանդաղ ու անդիմադրելի։ Հռոմեացիք,— իսկ նրանցից շատերն առաջին անգամ էին բարբարոսական հսկայաթիվ բանակ տեսնում,— լարված ու ակնապիշ նայում էին մերթ նրանց, մերթ կուսակալին։ Հելվետների առաջնորդները սպիտակ նժույգով էին և ահարկու կերպով ընդգծվում էին հետևակ բազմության մեջ։ Հեծելազորը փոշու ամպ հանելով՝ առաջանում էր մի կողմ քաշված. տեղանքի թեքությունը առաջնորդներին հուշել էր չնետել այն կռվի մեջ առաջին վայկյաններին։