Նա միշտ հայտնվում էր այնտեղ, ուր թշնամին չէր սպասում, նրա լեգատները
խստորեն զգուշացված էին՝ անպատիժ չթողնել ոչ մի ոտնձգություն։ Այս և մյուս
մանր ու մեծ ընդհարումները տարածում էին նրա համբավը պրովինցիայում և
սահմաններից դուրս, և որոշ ցեղապետեր կամովին պատանդներ էին ուղարկում
նրա մոտ՝ այդպես արտահայտելով իրենց հնազանդությունը, մյուսներին նա ինքն էր
դա պարտադրում։ Բայց կային և այնպիսիք, որ ատում էին հռոմեական
գերիշխանությունը մահու չափ և առիթ էին փնտրում նրան անակնկալի բերելու
համար։ Նրանք դարանակալում էին կիրճերում և անտառներում, հարձակվում էին
հարկահավաք ջոկատների վրա, գերի չէին վերցնում և բոլորին սպանում էին
տանջալի մահով։ Նախկին կուսակալների օրոք անպատիժ մնալով՝ նրանք
շարունակում էին զբաղվել նույն գործունեությամբ, պատահում էր՝ միավորվում,
մեծաքանակ բազմությամբ գրոհում էին ամրոցներն ու ձմեռանոցները, փակում
ճանապարհները կամ էլ լցվում հռոմեացիներին դաշնակից ցեղերի տարածքները և
ավերում դրանք։
Այդ ամենին վերջ տալու համար նա իր միջոցներով հավաքագրեց ևս երկու լեգեոն,
ուժեղացրեց կայազորերը, պատժիչ ջոկատներ ուղարկեց առավել հանդուգն
մարզերը, և ձմեռնամուտին պրովինցիայում խաղաղությունն էր թագավորում։
Չնայած Հռոմում ահռելի պարտք ուներ՝ ավարից իրեն չնչին մաս էր բաժին հանում,
մնացյալը բաժանում էր զինվորներին։ Այս արարքով նա իր կողմը գրավեց բոլորին, և
ոչ միայն զինվորները սկսեցին ավելի նվիրվածությամբ ծառայել նրան, այլև
բավականին համալրում եղավ այն վետերաններից ու սպաներից, ովքեր
ծառայության ավարտից հետո բնակություն էին հաստատել պրովինցիայում։
Համոզվելով, որ ոչինչ անպատիժ չի մնում՝ բարբարոսներն առժամանակ դադարեցին
ընդվզել։ Մտերիմներից նրանք, որ գալլերին լավ էին ճանաչում, խորհուրդ էին
տալիս չհանգստանալ, քանի որ Գալլիան նման է անթեղված կրակի, որն իր մոխրի
տակ վտանգ է թաքցնում և կարող է բոցավառվել ցանկացած պահի։
Կուսակալության մեկ տարին հազիվ էր բոլորել, երբ նրան լուր բերին, որ
հելվետները՝ թվով հինգ հարյուր հազար մարդ, որից զենքի ընդունակ երկու հարյուր
հազարը՝ թողել են իրենց քաղաքներն ու բնակավայրերը և մտել են պրովինցիա՝
նպատակ ունենալով կարճ ճանապարհով անցնել Հռենոսի մյուս ափը։ Այս ցեղը ոչ
վաղ անցյալում տիրում էր ողջ Գալլիային, և միայն հռոմեացիների ներխուժումն էր
զրկել նրանց անծայրածիր թագավորությունից։ Հելվետներն ընդունակ չէին որևէ
գործի և զբաղվում էին ավարառությամբ, նրանք հարկ էին դնում նվազ հզոր ցեղերի
վրա և ապրում էին լիառատ կյանքով։ Նրանք բազում ստրուկներ ունեին, որոնց ևս
զինում էին պետք եղած ժամանակ, սաստիկ կռվարար էին, խոշորամարմին,
ամբողջովին կորած մազածածկույթի մեջ։ Ինչ վերաբերում է նրանց կանանց, ապա
սրանք պարարտ էին, բայց ձիգ, կրքոտ էին խենթանալու չափ և արի՝ որպես
ամազոնուհիներ։ Նրանք հմուտ նետաձիգ էին, սուր բանեցնում էին
տղամարդկանցից ոչ վատ և, որ գլխավորն է, նրանք էին իրենց ամուսիններին
ոգեշնչողները և իրենց ձեռքով սպանում էին կողակցին, եթե սա երկչոտաբար
փախչում էր մարտադաշտից կամ ծախվում թշնամուն։
Կեսարը վաղուց իրեն և բանակը կռվում փորձելու կարիք էր զգում և երախտապարտ
էր աստվածներին բարեհաջող առիթի համար։ Բացի այդ, նրա մեջ խոսում էր
վիրավորված հռոմեացին, և նա անկարող էր չօգտվել իր ժողովրդին հասցված