Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 180

այլ քայլում էր նրանց շարքերում ՝ գլխաբաց, մի հասարակ շապիկ հագին և բոլորովին մոռացած իր աստվածային ծագումը ՝ քնում էր սայլի վրա ՝ բաց երկնքի տակ ։
« Զինվորի համար ամենալավ նախաճաշը գիշերային արշավն է »,— սիրում էր նա կրկնել Ալեքսանդրի խոսքերը, և ավելի հաճախ դա էր նրա և նրա զինվորների նախաճաշը ։ Երբեմն նա արգելում էր վերցնել ծառաներին, և ազնվատոհմիկ զինվորականները ստիպված էին իրենք հոգալ իրենց սնունդի և այլ պետքերի մասին ։
Դյուրին չէր հնազանդության մեջ պահել Գալլիան ՝ կիսավայրենի ժողովուրդների այդ քաոսը, և հռոմեական բանակը քիչ արյուն չէր թափել այս կողմերում. փառասեր քվիրիտների հոգում դեռ մխում էր այն վերքը, որ հասցրին նրանց հելվետները ՝ յոթ տարի առաջ սպանելով կոնսուլ Կասիոսին և խայտառակորեն լծի տակ քշելով նրա բանակը ։ Նա հասկանում էր, որ գալլական ցեղերին, որոնց համար դաշնություններ խախտելը և խոստումներից հրաժարվելը սովորական բան էր և մեկ անգամ չէին հիմարացրել իր նախորդներին ՝ կհնազանդեցնի միայն հզոր բանակը և անպատժելիության վստահության իսպառ վերացումը ։ Եվ նա անսահման ոգևորվածությամբ ձեռնամուխ էր եղել բանակի վարժեցմանը ՝ նպատակ ունենալով մինչև ձմեռ մարտունակ դարձնել այն ։ Բայց առաջին իսկ օրերին համոզվեց, որ դա ամենևին հեշտությամբ լի լինի, քանի որ այն աղոտ պատկերացումը, որ ուներ իրեն բաժին հասած պրովինցիայի ժողովուրդների և նրա դիրքի մասին, շատ հեռու էին իրականությունից, և ինքն էլ այլոց նման կարծել էր, թե դժվար է միայն կուրիայում ։
Բազմաթիվ ցեղեր էին ապրում Գալլիայում, գրեթե բոլորն էլ անհնազանդ ու ռազմաշունչ, բայց առավել վտանգավոր էին հարևանությամբ բնակվող բելգերն ու հելվետները, որոնք ամեն օր կռվում էին այլոց հետ և խենթանում էին ձանձրույթից, եթե օրն անցնում էր առանց արյան խրախճանքի ։ Կռվելը նրանց համար նույնքան սովորական էր, որքան հռոմեացիների համար թերմեր հաճախելը, և նրանք մահն ընդունում էին նույնպիսի թեթևությամբ, ինչպես տրվում էին գինարբուքին ։
Ամեն օր օգնության խնդրանքով դեսպանախմբեր էին գալիս Նարբոն. մի տեղ կռիվ էր հարևանների միջև, մի այլ տեղ գժտվել էր ավագանին, սահման էին խուժել կապույտ ինչ-որ մարդիկ, և կուսակալը պարտավոր էր բոլորին հասնել, հաշտեցնել, հարցերը լուծել և վեճերը հարթել ։
Ասես նրան փորձելու համար պրովինցիայի զանազան մասերում խռովություններ էին հրահրվում, ասպատակվում էին դաշնակիցների հողերը ։ Եվ, ի զարմանք բարբարոսների, նա խիստ վարժեցված զորականների հետ հայտնվում էր ավելի վաղ, քան, նրանց կարծիքով, լուրերը կհասնեին Նարբոն ։ Այն մեծ տարածությունները, որ նա անցնում էր կարճ ժամանակում, առաջշարժման արագությունն ու սրընթացությունը բարբարոսներին զգացնել էին տալիս, որ գործ ունեն անվեհեր ու հանդուգն զորավարի հետ ։ Մի անգամ բարբարոսները հարձակվել էին հռոմեական փոքրաթիվ ջոկատի վրա, ապա պատսպարվել մի բարձր լեռան գագաթին ։ Իմանալով այդ մասին ՝ նա մի գիշերվա մեջ անցավ հարյուր մղոն և լեռը բարձրանալով ճահճապատ տեղանքով, ուր բարբարոսները համարել էին անանցանելի և պահակներ չէին կարգել ՝ կոտորեց բոլորին ։