Գլուխ առաջին
— Մի տանջիր քեզ,— ասաց Սերվիլիան ՝ բռնելով նրա ձեռքը,— մահկանացուներին թե լավ զննես, նրանց գրեթե բոլորի վարքում ստորություն միշտ էլ կգտնես ։ Մխիթարվիր նրանով, որ խիղճդ տանջում է քեզ ։
Մասն հինգերորդ
Գլուխ առաջին
Վերջապես նա բանակ ուներ, ճիշտ է ՝ մարտունակությունը կորցրած և բարոյալքված, բայց, այնուամենայնիվ, բանակ ։ Նա ուներ գլխավորը ՝ սենատի կարգադրությունը ՝ Գալլիա պրովինցիան խաղաղության մեջ պահելու համար գանձարանի միջոցներով կազմավորել չորս լրիվ լեգեոն ։ Նա հասկանում էր, որ քանի դեռ Պոմպեոսը քաղաքում է ՝ իրեն այնտեղից ոչ մի վտանգ չի սպառնում, բայց հայտնի չէր ՝ ինչպիսին կլիներ վիճակը, երբ Մագնիան մեկներ կառավարելու Իսպանիան ու երբ Եգիպտոսից վերադառնար Կատոնը ։ Անհնար էր գուշակել սենատի հետագա դիրքորոշումը, մանավանդ, որ ժողովուրդը, որ մինչ այդ աջակցում էր պոպուլյարներին, սկսել էր շրջվել դեպի օպտիմատները ։ Դա անսպասելի չէր բոլորովին. ժողովրդի համար միշտ սիրելի է այն ուժը, որը դժգոհ է քաղաքական իրավիճակից և պայքարում է իշխանություների դեմ ։
Քաղաքական ամեն տեսակ փոփոխություններից պաշտպանված կլիներ ու իր կարծիքի հետ ամենքը հաշվի կնստեին, եթե մարտերում կոփված բանակ ունենար ։ Այն անհրաժեշտ էր նաև Գալլիան խաղաղության մեջ պահելու համար, քանի որ տևական անպատժելիությունը ոգևորել էր թե ՛ պրովինցիայի, թե ՛ մերձակա ժողովուրդներին, և ամենուր արյունալի ընդհարումներ էին լինում ։
Երբ կոնսուլական լիազորությունների ավարտից հետո նա հասավ Նարբոն ՝ կուսակալի նստավայրը, ողջ պրովինցիայում ընդամենը մեկ լեգեոն կար, այն էլ նախորդ կուսակալի անվտանգությունն ապահովելուց զատ ուրիշ ոչնչով չէր զբաղվել և լիովին կորցրել էր մարտունակությունը ։ Նա շտապ զորահավաք հայտարարեց, իսկ հարևան ցեղերին հաղորդեց, որ եթե նրանք այսուհետ էլ միտք ունեն նեղության պահերին ապավինել հռոմեական զենքին ՝ պարտավոր են հեծյալ ջոկատներ տրամադրել իրեն ։ Նոր հավաքագրած զինվորներից կազմելով չորս լեգեոն ՝ նա դրանք հանձնեց Պոլիոնին, Անտոնիոսին, Կուրիոնին ու Օպիոսին, հեծելազորը վստահեց Ռուֆիոնին, իսկ ինքը Տասներորդ լեգեոնը համալրելով ամենաընտիր և անվեհեր զինվորներով ՝ դարձրեց այն իր հարվածային գունդը և նրանց անձամբ ինքն էր վարժեցնում ։
Հռոմեական բանակը մոռացավ ՝ ինչ է հանգիստը. անվերջ մարզումներից թուլացած զինվորները միայն կեսգիշերից հետո էին շունչ առնում ։ Սակրավորներն օրնիբուն հապճեպորեն կամուրջ գցելու եղանակներ էին յուրացնում, հետևակը պաշտպանության կամ հակագրոհի վաղուց մոռացված հնարքներ էր փորձարկում, իսկ հեծյալները, որ սակավաթիվ էին և զիջում էին բարբարոսական շատ ցեղերի, սովորում էին կռվել երկար նիզակ բանեցնող հետևակի հետ միախառնված ։ Այս ամենից զատ բանակը սակավապետության էր վարժեցնում իրեն, պատահում էր ՝ փորձնական երկարատև արշավի էին ելնում առանց ջրի ու պարենի, և ոչ ոք չէր տրտնջում, քանի որ կուսակալն այլոց նման չէր հետևում այս ամենին շքեղ պատգարակի վարագույրի ետևից և ծարավը չէր հագեցնում զովացուցիչ հյութերով,