Պատառը մնաց Վետտիոսի կոկորդում, և քիչ մնաց խեղդվեր։ Շփոթմունքով և
զարմանքով լի նրա հայացքն անցավ Կեսարից Աիրեբին, հետո նորից Կեսարին, բայց
ոչինչ արտաբերել չկարողացավ։ Ու երկյուղելով, թե կոնսուլն իրեն ճիշտ չի
հասկանա և կփոխի մտադրությունը՝ գլխով արեց, միաժամանակ անհասկանալի
ինչ-որ ձայներ հանելով։
— Իսկ հիմա լսիր ուշադիր,— ասաց կոնսուլը, երբ սկուտեղը մաքրելուց հետո
Վետտիոսն իրեն կերակրողներին նայում էր ճիշտ այնպիսի հայացքով, ինչպես
շներն են նայում տերերին՝ պատրաստ կատարելու ամեն հրաման։
— Ի՞նչ եմ անելու,— կտրուկ հարցրեց Վետտիոսը։
— Ես գիտեի, որ դու խելամիտ այր ես,— ասաց Կեսարը գոհունակությամբ,— և եթե
համաձայնես անել այն, ինչ հիմա կառաջարկվի քեզ, ոչ միայն ազատ կարձակվես,
այլև մեծ պարգև կստանաս։
Տարկվինիոսը համակ ուշադրություն էր։
— Վաղը քեզ ազատ կարձակեն,— ասաց Կեսարը՝ բառերը հատ-հատ
արտասանելով։— Դու պիտի դավադրություն կազմակերպես Պոմպեոսի դեմ։
Եվ տեսնելով, թե ինչպես Վետտիոսը գունատվեց, շտապեց հանգստացնել նրան.
— Մի՛ երկյուղիր, բանը մահափորձի չի հասնի. իմ մարդիկ կկանխեն այն։ Քո
խնդիրը պիտի լինի հավաքագրել իմպերատորից դժգոհ մեկ տասնյակի չափ
մարդկանց, գերադասելի է՝ օպտիմատներից, ու երբ բռնվես, ցուցմունք տաս, որ այդ
ամենն արվել է Կատոնի և Ցիցերոնի պահանջով։ Քեզ ոչ մի վտանգ չի սպառնում,
բայց իմացիր, որ երկար ժամանակ հարկ կլինի ապրել Քաղաքից հեռու, թեկուզ ինձ
մոտ՝ Գալլիայում։
Մի քանի օր անց՝ կուրիայի ճանապարհին, Կեսարի պատգարակը անսպասելիորեն
կանգ առավ։ Չէր հասցրել նա պարզել՝ ինչն ինչոց է, երբ վարագույրի ծիրանեգույն
շղարշների ետևից երևաց Ափրոկլեսի սափրած գլուխը։
— Տե՛ր,— ասաց նա անհանգստացած,— Տուլլիոսի բանտապետն ուզում է խոսել քեզ
հետ, ասում է, թե կարևոր բան ունի հաղորդելու և որ դու...
— Թող ներս անցնի,— ընդհատեց նրան Կեսարը՝ վատ բան կանխազգալով։
— Ամեն ինչ տակնուվրա եղավ,— վրա տվեց Աիրեբը՝ վարագույրը ծածկելով և
տեղավորվելով կոնսուլի կողքին։ Նա երկար էր փնտրել Կեսարին և գրեթե
շնչասպառ էր լինում։— Այդ հիմարն անզգուշաբար առնչվել է Պոմպեոսի
զարմիկներից մեկի հետ, և դավադրության լուրը հասել է իմպերատորին։ Նա էլ
անմիջապես տեղյակ է պահել սենատին։
— Ու՞ր է հիմա Վետտիոսը,— հարցրեց Կեսարը՝ տագնապած։
— Նրան կանչել են նախաքննության, և նա, չգիտեմ, քո բարեհաճությունը շահելու
նպատակով, թե անձնական վրեժխնդրությունից դրդված՝ դավադիրների թվում տվել
է նաև Պիզոնի անունը ու նաև ասել, թե Պոմպեոսին սպանելու համար ինքը դաշույն
է ստացել Բիբուլոսից...
— Խելագա՛ր,— նետեց Կեսարը՝ ատամները կրճտացնելով։
— Նա հիմա ձերբակալված է։