Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 176

— Բանն այն է, որ Տարկվինիոսը մենակ չէ,— ասաց բանտապետը,— բայց ես կարող եմ նրան փոխադրել այլ խուց, եթե տրիբուններից որևէ մեկը կարգադրի ինձ անել այդ ։
Սակայն կոնսուլի դեմքին դժգոհության կնճիռներ նշմարելով ՝ նա զգաց, որ հարմար առիթը բաց է թողնվում, և շարունակեց անհամարձակ.
— Եթե խիստ անհրաժեշտ է այդ տեսակցությունը, ես ինչ-որ բան կձեռնարկեմ, բայց պիտի խնդրեմ, որ պատվարժան կոնսուլն այդ օրը որևէ տարբերանշան չկրի ։ Իհարկե, ես կընտրեմ բերդականներից առավել վստահելիներին, բայց և այնպես լավ կլիներ, եթե...
— Բերդականները չեն ճանաչի ինձ,— ասաց Կեսարը բազմանշանակ տոնով, և Աիրեբը թեթևացած շունչ քաշեց ։
Երբ կոնսուլը մտավ բանտախուց ՝ ուշ ժամ էր արդեն, և Տարկվինիոսը քնած էր ։ Մշտարթուն մի զգայարան Տարկվինիոսին ազդակեց, որ ինքը խցում մենակ չէ ։ Նա բացեց աչքերը և նկատելով մահճակալի մոտ կանգնած տղամարդուն ՝ հանկարծակի եկած նստեց անկողնում ։ Ճանաչելով կոնսուլին ՝ Տարկվինիոսը վախեցած կուչ եկավ ՝ զրնգացնելով իրեն պատին գամող շղթաները, բայց Կեսարի դեմքին չարակամություն չգտնելով ՝ հանգստացավ ։
— Այս ի ՞ նչ օրն են գցել քեզ, Վետտիո ՛ ս,— ասաց Կեսարը ՝ կարեկցանքով նայելով բանտարկյալի տանջահար, դեղնած դեմքին, որը, թվում էր, արև չէր տեսել մի ողջ հավերժություն ։
Տարկվինիոսը չպատասխանեց և ջանալով կռահել անսպասելի այցելության պատճառը ՝ հայացքը չէր կտրում կոնսուլի աչքերից ։
— Որպիսի երախտամոռություն,— Կեսարը դառնությամբ օրորեց գլուխը ։— Նրանց համար վտանգեցիր կյանքդ, իսկ նրանք բոլորովին մոռացել են քեզ ։ Մի ՞ թե այսպես են վարվում նվիրված մարդու հետ ։
Վետտիոսին անհասկանալի էր կարեկցանքը մի մարդու, որին ինքը վատություն էր արել ։
Կոնսուլը գնաց դեպի դուռը և շատ չանցած ՝ վերադարձավ Աիրեբի հետ, որը յուղալի կարկանդակներով, ցողապատ մրգերով ու գինով բեռնված սկուտեղ էր բռնել ։ Վետտիոսը շուրթերը լիզելով նայեց սկուտեղին և նրա համար պարզ դարձավ, որ աննախադեպ այս շռայլությունը հենց այնպես չի արվում ։ Եվ սպասեց բացատրության ։
Աիրեբը սկուտեղը դրեց սեղանի դեր կատարող տախտակին, որը մի կողմով մխրճված էր պատի մեջ ։
— Կե ՛ ր,— ասաց Կեսարը ։
Վետտիոսն ուտում էր ագահությամբ ՝ իր խոշոր աչքերով նայելով սկուտեղին, կարծես հայացքով կլանելու համար այն, ինչը միանգամից չէր կարող վերցնել ։ Նա գինին խմում էր երանությամբ ՝ մատերով հավաքելով ու բերանը տանելով հագուստին թափված կաթիլները ։
— Ուզո ՞ ւմ ես ազատվել,— հարցրեց կոնսուլը ՝ նստելով մահճակալի եզրին ։