— Հայտնի է քեզ, որ այդ հարցը հանգիստ չի տալիս ինձ ահա արդեն չորս տարի։
Բայց նա մտերիմն է Պոմպեոսի...
— Պոմպեոսն ամենևին չի խրախուսում նրա վարքը։
— Բայց և թույլ չի տա վտանգվի նրա կյանքը։
— Աստված հեռացնի թող չարը,— Մումերկոսն ափերը միացրեց իրար,— իսկ ո՞վ
ասաց, թե ես նրան մահվան եմ դատապարտում կամ աքսորում տաժանակրության.
թող քաշվի որևէ խաղաղ պրովինցիա, թեկուզ հենց Կիլիկիա,— ասում են նա այնտեղ
մեծ հարգանք է վայելում,— և թող ճամարտակի սրտի ուզածի չափ։ Իսկ մենք
բավական եղավ լսենք նրա ինքնագովությունը։ Ահավասիկ,— Մումեկոսը հայացքն
ուղղեց սեղանին դրված գրքին,— նոր է հրատարակել՝ «Հաղագս բարեկամության», և
ծայրեծայր գովաբանում է իրեն, թե ինչպես կերավ Կատիլինայի նման քաջարի
ազնվականի գլուխը։ Փո՛ւչ արարած...
Էմիլիոսը չկարողացավ զսպել իրեն և թունդ հայհոյեց։ Ապա, ինչ-որ բան հիշելով,
շարունակեց.
— Երեկ գիշեր երազում նա երևացել է ինձ, ավելի ճիշտ, մարմնից անջատված նրա
գլուխն ու ձեռքերն եմ տեսել, որ ցուցադրում էին Ֆորումի ռոստրաների մոտ։
Սահմռկեցուցիչ տեսարան էր և, պիտի խոստովանեմ, որ բավականություն
չապրեցի։
Մումերկոսը ձեռքն առավ գիրքը և հայացքը սահեցրեց գալարների վրայով։
— Պատկերացնո՞ւմ ես՝ նա իրեն Հռոմի առաջին իմաստասերն է համարում,—
քմծիծաղով արտաբերեց Մումերկոսը։— Այդ որկրամո՞լն է իմաստասեր, այդ երկչոտ
արարա՞ծը, որ կնոջ պահանջով պատրաստ է մահվան ուղարկել ամենանվիրված
ընկերոջն անգամ։ Նա ինձ եղջերու է հիշեցնում, որի համար բնությունն աճեցրել է
զարմանալի մեծ և ամուր եղջյուրներ, հոգին թողնելով երկչոտ ու տոկունությամբ
չօժտված։ Երբ արքաներն են ձգտում նվաճել իմաստասերների համակրանքը,
հյուրընկալում են նրանց և ունկնդիր լինում նրանց խորհուրդներին՝ սա գովելի է և
վկայում է տիրակալի խոհեմության մասին։ Բայց եբր իրեն իմաստասեր համարող
անձնավորությունն է փորձում վայելել հզորների բարեհաճությունը, սա արդեն
պարսավելի է և անբարոյական։ Իսկ նա, այդ որկրամոլը, Քաղաք գալուն պես սկսեց
շողոքորթել Սուլլային, իսկ այժմ հաճկատարություն է անում Կատոնի առջև։
Իսկական իմաստասերը կարևորություն չի տալիս մարմնական հաճույքներին, նրա
համար արժեք չունեն վայելուչ հագուստները, նուրբ կոշիկները, մարմնի զարդերը։
Իսկական իմաստասերը միայն անհրաժեշտությունից է օգտագործում դրանք, իսկ
այդ ճարտասանը,— երբ նա ճառում է, ես չմրսելու համար փաթաթվում եմ տոգայիս
մեջ,— շքեղ տուն ունի Կարինքում, հրաշալի վիլլա՝ Պոմպեյքում, էլ չեմ խոսում
Արպոսի դղյակի մասին, որի միայն գծագրերի համար վճարեց երեք հազար դենարե։
Թե կուզես իմանալ՝ իմաստասերը Դիոգենեսն էր, Սոկրատեսն էր, որ ատում էին
իրենց մարմինը, քանի որ այն իր բազմաբնույթ պահանջմունքներով կաշկանդում էր
հոգին և խանգարում հաղորդակից լինել բարձրագույն ճշմարտությանը։ Այնպես որ
առանց երկմտանքի ձեռնամուխ եղիր նրա արտաքսմանը. Պոմպեոսը չի դժգոհի։
Կլոդիոսը վաղուց ծարավի է վրեժի. այդ գործը հանձնարարիր նրան, և նա ամեն ինչ
գլուխ կբերի հաջողությամբ, ինչպես՝ ոչ ոք։ Եվ շտապիր։ Բայց դառնանք Պիզոնին։
Ինձ թվաց, թե նա տատանվում է, և աններելի սխալ կգործենք, եթե Կատոնին