Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 173

— Անկողնում պառկելու միակ մխիթարությունն այն է, որ խորհելու առատ ժամանակ ես ունենում,— ասաց Մումերկոսը՝ ժպտալով։— Ես ինչ-որ բան մտածել եմ. Հուլիային [55] կնության տուր նրան։ — Բայց նա նշանված է կրտսեր Կրասոսի հետ,— Կեսարն ուսերը վեր քաշեց, թեև այդ միտքը գրավեց նրան։ — Պուբլիոսը չի մեռնի վշտից,— ասաց Մումերկոսը կտրուկ,— իսկ թե կմեռնի՝ ուրեմն այդպես էր կամքը աստվածների։ Ես միշտ խղճացել եմ նրանց, ովքեր կնոջ համար կորցնում են գլուխը։ Իմ Նիդիան չեմ հիշում արդեն որերորդն է, բայց ես այդպես էլ նրանց միջև տարբերություն չտեսա։ Նրանք բոլորն էլ զազիր են, կեղծավոր ու ձանձրալի, և կյանքում վեհ նպատակներ ունեցող այրը պիտի հեռու մնա նրանց հետ տևական շփումից. լոտոսի յուղի նման նրանք թմրեցնում են մարդուն իրենց վայելքներով և իրապաշտությամբ, ու հրապույրի անցողիկ ակնթարթի դիմաց տարիների տառապանք են բերում։ Պուբլիոսին մի լավ պաշտոն խոստացիր Գալլիայում, և նա քեզանից շատ ավելի շնորհակալ կլինի։ Հա, քիչ մնաց մոռանայի. կարևոր լուր ունեմ քեզ համար. առավոտյան ինձ մոտ էր Պիզոնը... — Պիզո՞նը,— Կեսարը չհավատաց ունկերին և կնճռոտվեց։ — Նա գժտվել է Կատոնի հետ և խորհուրդ էր հարցնում՝ ինչպես վարվել։ Նա պատրաստ է աջակցել քեզ, բայց երկյուղում է, թե դու չես ընդունի իրեն։ Կեսարը ոչինչ չասաց, մի քանի անգամ անհանգիստ եկավ-դարձավ սրահում, ապա, նստելով մահճակալի եզրին, հարցրեց. — Եվ դու լիովին վստահո՞ւմ ես նրան։ — Այո՛, Կեսար,— պատասխանեց Մումերկոսը վճռական տոնով,— ես միշտ վստահել եմ մեղքերն անկեղծորեն խոստովանող մարդուն և մինչ այսօր չեմ սխալվել։ Նրանից ես, օրինակ, իմացա, որ սենատի նշանավոր այն նիստից առաջ ինքը և Կատոնը այցելել են Ցիցերոնին և առաջարկել քեզ ևս ճանաչել որպես դավադրության կազմակերպիչ։ — Հետաքրքի՜ր է,— Կեսարը ձեռքերը խաչեց կրծքին,— սկսում եմ ինչ-որ բան հասկանալ։ — Ես ուզում եմ դու հաշտվես նրա հետ, Կեսա՛ր, ու երևի թե չպիտի ասեի քեզ այդ մասին, բայց ավելի վատ կլիներ, եթե դա իմանայիր հետո։ — Եվ ի՞նչն է խանգարել նրանց,— հարցրեց կոնսուլը՝ լարվելով։ — Ցիցերոնին հաջողվել է նրանց համոզել, թե տվյալ պահին Կրասոսն առավել վտանգավոր է իրենց համար։ — Ահա՜, թե ինչ,— Կեսարը ոտքի ելավ։— Պարզվում է՝ ողջությանս համար պարտական եմ Ցիցերոնի՞ն։ — Պարտակա՞ն,— Մումերկոսը քահ-քահ ծիծաղեց,— նա պարզապես երկյուղել է պլեբսի զայրույթից, այլապես մեծագույն հաճույքով կմեռցներ նաև քեզ։ Ապա, վայրկենապես լրջանալով, շարունակեց. — Նա սպանել է քո մերձավորներին, իսկ դու ուզում ես երախտապա՞րտ լինել քեզ խնայելու համար։ Պատժել է պետք նրան, ահա՛, թե ինչ։