Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 171

— Արգելում է խոսել, բայց պայթում եմ արդեն լռակյացությունից և եթե շարունակեմ հետևել նրա խորհրդին, ավելի շուտ կվախճանվեմ հենց դ...
Նրա խոսքն անավարտ մնաց, սկսեց ուժգնորեն հազալ ու թարախ թքել, իսկ երբ հանդարտվեց, ասաց նվաղուն ձայնով.
— Անիծյալ Աֆրիկա. տանջվում եմ այսպես արդեն քառասուն տարի ։ Երնեկ նրանց, ովքեր մեռան կռվում և չտեսան իրենց պարտությունը մահվան առջև ։
— Մեծապատիվ սենատորը դեռ երկար կապրի,— փորձեց մխիթարել Կեսարը,— և վաղ է այդ մասին մտածել ։ Ես Կրասոսին գրություն եմ հղել ՝ ուղարկելու Ասորիքի ամենահմուտ բժշկողներին. այդ դևերը, ինքդ գիտես, կախարդանքով ու մոգությամբ մարմնից վանում են ամեն ցավ ։
— Ոչինչ այլևս չի օգնի ինձ,— հոգոց հանեց Մումերկոսը,— և ժամն է ՝ անձամբ ստուգելու անդրշիրիմյան կյանքի առասպելը ։
Հետո, միանգամից մոռանալով իրեն համակած տրտմությունը, հարցրեց ՝ զննող հայացքով նայելով կոնսուլի աչքերի մեջ.
— Այդ ճի ՞ շտ է, որ կարգադրել ես ձերբակալել Կատոնին ։
— Կումիցիայի արդյունքները ներկայացրել էի սենատի հաստատմանը, իսկ նա փորձում էր տապալել ամեն ինչ,— Կեսարն անհոգ ժպտաց ։— Բայց ես կարգադրեցի նրան ազատ արձակել նիստից հետո ։
— Որպիսի երանությունից է զրկել ինձ Էսկուլապիոսը ՝ գամելով անկողնուն. որքան կուզենայի տեսնել նրանց ՝ քիթը կախ գցած ։ Լավ խորամանկեցիր դու նրանց ։ Կատոնն ամբողջ մի շաբաթ ոչինչ չի կերել, երբ լուր է առել Լավեռնայի հանդիպման մասին ։ Իսկ նա մինչ այդ հանգիստ էր, քանի որ Կրասոսի բարեկամը լինելով ՝ ակամա դարձել էիր Պոմպեոսի թշնամին ։ Նա ոչ մի վտանգ չէր ակնկալում, ինչպես ամենքը, և վստահ էր, որ ձեր միջև դաշնություն չի լինի ։ Բայց ես նրան չեմ մեղադրում աչալրջության պակասի մեջ. դու արեցիր անհնարինը ։ Որ Մագնիան կջանար չհիշել Մուցիայի հետ կապված պատմությունը ՝ չէի կասկածում. նրան ոչինչ այլևս չէր մնում անելու ։ Բայց ինձ համար այդպես էլ անհայտ մնաց, թե ինչպես կարողացար համոզել Կրասոսին. ժամանակին ինքս էլ փորձեցի հաշտարարի դեր խաղալ, սակայն ցենզորը գրգռվում էր Պոմպեոսի անունը լսելով ։
— Միայն ինձ և աստվածներին է հայտնի, թե որքան ջանք թափեցի,— հոգոց հանեց Կեսարը ։— Դեմոսթենեսը ոչինչ էր իմ դեմ այդ օրերին ։ Բայց պիտի խոստովանեմ, որ այդ դաշնության և իմ կոնսուլության համար պարտական եմ Կատոնին. լիներ նա պակաս համառ, ոչնչի չէի հասնի ։
— Բայց նրանք չեն ների քեզ, Կեսար,— հանկարծ մռայլվեց Մումերկոսը,— չեն ների նաև քրմերին չենթարկվելու համար, և...
— Թող կորչեն գրողի ծոցը,— Կեսարը թափ տվեց ձեռքը ։— Չէ ՞ որ ինքդ էիր ուսուցանում, որ անմտություն է վախենալ անխուսափելիից ։
— Բայց դա վաղուց էր և դու տասնութ էլ չկայիր, իսկ այդ տարիքում իսկապես պետք չէ երկյուղել, քանի որ քիչ բան ունես կորցնելու ։ Սակայն թույլ տուր ավարտեմ միտքս. ինձ լուրեր են հասել, թե ոմանք դժգոհում են քո խստությունից, թե որոշ սենատորներ վախից կուրիա չեն գալիս և որ քեզ նմանեցնում են Սուլլային ։