Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 170

թողնելով մեն-մենակ կատաղած ամբոխի դեմ ։ Սարսափից արյունոտված աչքերով իրեն մոտեցողներին նայելով ՝ Բիբուլոսը նահանջեց ՝ առաջ պարզած կոնսուլական երասակները, որ նրա անձեռնմխելիության խորհրդանիշն էր ։ Կատոնը չշարժվեց տեղից ու թավ հոնքերի տակից շանթող հայացքով նայում էր նրանց ։ Հեռվից նետված փայտի մի կտոր դիպավ նրան, և նրա դեմքին արյան վտակներ երևացին ։ Քարեր դիպան նրա ոտքերին ։ Հայտնի չէ ՝ ինչ կլիներ նրա վերջը, եթե վրա հասած քրմերն իրենց մարմնով չծածկեին նրան ու չբացականչեին ՝ ձեռքերը երկինք կարկառած.
— Ուշքի ՛ եկեք, Էնեասի ՛ զավակներ. ատելությունն արյամբ է շղարշել ձեր զգոնությունը և կուրացրել ձեր աչքերը, ուշքի ՛ եկեք ՝ հանուն անմահ աստվածների և սթափ աչքերով նայեք ձեր շուրջը. չէ ՞ որ ձեր առջև պրինցեպս է, ում անձը ձեռնմխելի չէ սրբազան կուռքերի նման ։ Ուշքի եկեք և երկյուղեք աստվածների զայրույթից ։
Աստվածամեծար հռոմեացիք վայրկենապես սթափվեցին, գլխներից վեր բարձրացված քարերն այդպես էլ չնետվեցին, բռունցք դարձած ձեռքերը թուլացան ։ Պլեբեյներից մեկը ճանկեց կոնսուլական երասակները, ծնկին զարկելով ՝ երկու կտոր արեց այն ու շպրտեց Բիբուլոսի երեսին ։ Ամբոխն անզուսպ հռհռաց ՝ թույլ տալով պատրիկները գլխիկոր հեռանան հրապարակից...
— Պայծառաշուք տեր,— անհամարձակ շշնջաց սպասավորը ՝ խոնարհվելով Էմիլիոսի վրա, և երբ սենատորը դժկամությամբ բացեց աչքերը, շարունակեց,— ժամանել է կոնսուլ, սենատոր և գերագույն քուրմ Գայոս Կեսարը և տեսակցություն է խնդրում ։
— Գրողի տարած,— ասաց Մումերկոսը խիստ, բայց առանց չարության,— մի ՞ թե չեմ ասել քեզ, որ նրա առջև իմ տան դուռը բաց է ՝ գիշեր, թե ցերեկ ։
— Ես կարծեցի քնած ես, վեհաշուք տե ՛ ր,— ետ-ետ գնալով ՝ արտաբերեց ստրուկը ։— Թեկուզ մեռած լինեմ ։
Շատ չանցած ՝ դռների մեջ հայտնվեց Կեսարը ՝ կոնսուլական սպիտակերիզ քղամիդով, և առաջանալով դեպի մայրիփայտե մահճակալը, որին պառկած էր ծերունի սենատորը ՝ բացականչեց.
— Բարի ողջո ՛ ւյն Մարգագետինների և արոտավայրերի գլխավոր վերահսկիչին ։ Թող հեռու փախչեն նրա մարմնից ոգիները չար և թող Էսկուլապիոսը բժշկի նրան, ինչպես բժշկեց իմ բարեկամ Կուրիոնին, որը, մոլորվելով Թրակիայի ճահճուտներում, սովամահությունից փրկվելու համար սնվել էր լոտոսի արմտիքով և իսպառ կորցրել հիշողությունը ։
— Բարի ողջույն քեզ ՝ կոնսուլ, սենատոր և գերագույն քուրմ,— Մումերկոսը նրան նայում էր այնպիսի գորովանքով, ինչպես քանդակագործը ՝ իր կերտած արձանին ։— Մո ՛ տ նստիր ։
Կոնսուլին գահույք մատուցեցին ։ Մումերկոսը սպասավորներին կարգադրեց բարձեր բերել և նստեց անկողնում ։ Այդ միջոցին սենյակում հայտնվեց մռայլ մի կերպարանք ՝ ամբողջովին սևազգեստ և առատ բեղմորուսով ։
— Գնա, Սելեոս, գիտեմ ՝ ինչ ես ասելու,— դիմեց նրան Մումերկոսը, իսկ երբ բժիշկը հեռացավ, դարձավ Կեսարին.