Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 169

չհամաձայնել նրա հետ կամ իրենց ոգևորությունը չեն արտահայտել նրա ծրագրերի մասին։ Թող չշփոթեցնի ձեզ բոլորովին նրա թվացյալ արհամարհանքը մեծահարուստների նկատմամբ. նրանց մեղադրելով ինքնիշխանության, ինքնագովության և հասարակ ժողովրդի հանդեպ տածած արհամարհանքի մեջ, նա խստաբարո հոր համբավ է վաստակել և խորամանկորեն կամենում է շահել պլեբեյների և ստորին մյուս դասերի համակրանքը, որոնցից ինքը խորշում է իրականում։ Նա ձևացնում է, թե ատում է այն պոետներին և բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե վերին ճշմարտությունը հասու է միայն ընտրյալներին և հասարակ ժողովուրդը պիտի երկրպագի նրանց՝ ինչպես ամենակարող աստվածների։ Բայց միևնույն ժամանակ նա ոչ մի անգամ ունկնդիր չի եղել ժողովրդի ձայնին և առանց բացառության մերժել է բոլոր օրինագծերը, որոնք կարող էին թեթևացնել ձեր հոգսերը։ Ինչո՞ւ է նա այդպես համառորեն դեմ հողաբաժանումին... Այդ միջոցին թիկունքից նրան մոտեցած Ռուֆիոնը նրա ուշադրությունը հրավիրեց քաղաքի կողմից եկող ստվար խմբի վրա։ Նրանց մեջ ճանաչելով Կատոնին ու Բիբուլոսին՝ Կեսարն ընդհատեց ելույթը և տեսնելով, թե որպիսի վճռականությամբ են նրանք հավաքվածների միջով առաջանում դեպի ռոստրան՝ ձեռքը պարզեց նրանց ուղղությամբ ու բացականչեց. — Ահա՛, գալիս են նրանք, ովքեր լողում են առատության մեջ, լատիֆունդիաներ ունեն բոլոր չորս կողմերում, բայց չեն կամենում մի ոտնաչափ հող տրամադրել ձեզ, որ դրա կարիքն զգում եք անչափ։ Մի՞թե դուք, քվիրիտներ, կհանդուրժեք նրանց և թույլ կտաք նորեն խաբեն ձեզ՝ բարիքների անձրև խոստանալով, ինչպես խաբում էին, թե Պոմպեոսն ահա կգա Հայաստանից և բազում ստրուկներ կնվիրեն յուրաքանչյուրիդ։ Մռայլված բազմությունը մեղվապարսի նման խլրտաց անկանոն՝ չիմանալով ինչպես արտահայտել զայրույթը։ — Թող ձեր խիղճը և ինքնասիրությունը լինեն ձեր խորհրդատուն այժմ, և վարվեք, ինչպես կամենաք. հավատացեք նրանց սին խոսքերին ու ընկղմվեք երազանքների գիրկը, միայն թե կուզենայի զգուշացնել ձեզ՝ քանի դեռ անուշ թմբիրի մեջ կլինեք, Ֆակտիոն կալանդներ կհագցնի ձեր ոտքերին, որ դեռ չեն բուժվել հարքից։ Եվ մի մոռացեք, որ ձեր այժմյան և գալիք թշվառությունների միակ մեղավորը դուք եք, և ձեր որդիներն էլ կապրեն այսպես անազատ և կանիծեն ձեզ՝ նզովյալ այս աշխարհն իրենց բերելու համար։ Կեսարը հեռացավ ռոստրայից. դա նշանակում էր, որ այն կամովին զիջում է եկվորներին։ Նրան հետևեցին Պոմպեոսը, Կրասոսը, Ռուֆիոնը, մյուսները։ Երբ հռետորական բարձունքը բոլորովին դատարկվեց, ամբոխն իրեն լքված ու որբացած զգաց։ Մի պահ մոլորվեց, չիմանալով՝ ինչ անել, ապա անլսելի մի հրամանով բոլոր կողմերից մղվեց դեպի եկվորները։ Նրանց ծաղրում էին, սուլում, փայտի ու քարի կտորտանքներ նետում նրանց ճանապարհին, ինչ-որ երգ երգում, որի բառերն անհնար էր զանազանել համատարած ժխորի մեջ։ Սակայն մեծատոհմիկները լիկտորների օգնությամբ ճեղքելով խիտ շարքերը առաջանում էին՝ ուշք չդարձնելով այդ ամենին։ Նրանց անբռնազբոս վարմունքից ամբոխը գրգռվեց, ցրվեց հրապարակով, քանդեցհանեց մի քանի ճալաքար ու նետեց լիկտորների վրա։ Սրանք վահան չունեին և երկյուղած ետ քաշվեցին՝ Կատոնին ու Բիբուլոսին