բարիացավ ու թույլ տվեց բացահայտ խոսել անցյալի իր մեղքերի մասին։ Հիմա
կարող եք Սուլլային հայհոյել՝ որքան կուզեք, կարող եք անվանել նրան
ժողովուրդների դահիճ կամ արնախում հրեշ, և ոչ ոք պատասխանատվության չի
կանչի ձեզ։ Ֆակտիոն ոչ միայն աչք է փակում այս ամենի վրա, այլև ինքն է
լրտեսների միջոցով տոն տալիս դրան, որպեսզի դժգոհությունից ծնունդ առած ձեր
եռանդը վատնեք նրա անցյալը փորփրելով։ Եվ մինչ դուք ջանասիրաբար կքրքրեք
այն,— իսկ նրանց մեղքերը որքան ասես շատ են և մի հավերժություն է պետք գլուխ
հանելու համար,— և կշարունակեք ննջել կեղծ ինքնագոհության մեջ, ամեն ինչ
կկրկնվի նորից, այս անգամ առավել դաժանությամբ։
— Դուք հիմա այդպես անօգնական եք և զայրացած ձեր անզորությունից, քանի որ
բոլոր նրանք, ում դուք ընտրել եք ձեր պաշտպանության համար, իրենց ողջ
զորությունը գործադրում են ի վնաս ձեզ՝ կաշառված լինելով կամ պարզապես
շողոքորթելով մի խումբ մարդկանց, ովքեր զավթել են գանձարանը, տնօրինում են
բանակն ու պրովինցիաները և հաշվետու չեն ոչ մեկի առաջ։ Իսկ դուք, որ բյուր եք,
տրվում եք նրանց իշխանությանը և ողորմածությանը, որպեսզի նրանք տիրեն ձեզ և
ձեզ շահարկեն իրենց նպատակների համար։ Մի՞թե դուք կարծում եք, թե կոնսուլ
Մարկոս Բիբուլոսը, որ նույնպես նրանցից է, նոր օրինագծեր կհաստատի ձեզ
համար կամ կմտածի ձեր բարօրության մասին։ Այնինչ դուք նրան տվեցիք ձեր ձայնը
և կամովին նրան դարձրիք ձեր տիրակալը։ Ու քանի դեռ չեք զանազանի բարերարին
թշնամուց, այդպես անօգնական էլ կմնաք։
Թաթերի վրա ձգված՝ նրան լսում էին համակ ուշադրությամբ, ոմանք ելել էին
փարախի [52] ցանկապատին։ Առաջին անգամ նրանք բացեիբաց լսում էին այն, ինչի
մասին երկար տարիներ խոսել էին ծածուկ։
— Դուք արդեն հասցրել եք համոզվել, որ ձեր համբերատարությունը ձեր թշնամին է,
քանի որ որքան լռում եք, այնքան ձեր վիճակը ծանրանում է։ Փուչ խոստումներից
զատ, որ տալիս են ձեզ ընտրություններից առաջ, դուք ոչինչ չեք ստանում ձեր
հնազանդության դիմաց։ Սուլլայի մահից հետո, որը հանցավոր կերպով ստրկացրել
էր ձեզ և պոետներից ապրելու թողել միայն ներբողական պոեզիայի հիմնադիր
Արիոնի հետնորդներին, դուք հավատացիք, թե նա իր հետ տարավ ողջ չարիքը,
այնինչ նրան փոխարինեց Կատոնը՝ ավելի նենգ ու ավելի դաժան։ Եվ եթե Սուլլան
երբեմն կարող էր բարեհոգի լինել՝ նրա հետնորդը զերծ է նման թուլությունից։
Անհամար զոհեր բերած խռովությունների, հույզերի ու ապստամբությունների ողջ
պատասխանատվությունն ընկնում է նրա և նրա մերձավորների վրա, ու դեռ կգա
հատուցման ժամը։
Ժողովուրդը ծափահարում էր, ապա սկսեց ոտքերով դոփել գետին՝ վանկարկելով
կոնսուլի անունը։
— Նա, որ կասկածամիտ է Դիոնիսոս Ավագից առավել և դաժան, որքան Ֆալարիսը,
իր նախորդից խելացի է այնքանով, որ խորամանկ է, ու հիմա անչափ դժվար է
զանազանել՝ ում է նա թշնամի համարում, ում՝ բարեկամ։ Համոզվելով, որ
ընդդիմադիրներին չի կարող հաղթել խոսքի ճարտարությամբ և մտքի սլացքով, նա
ստորաբար վարկաբեկում է նրանց, կեղծ լուրեր տարածում Քաղաքում. նրա
լրտեսները վխտում են ամենուր, և նա, որ պաշտոնի բերումով կոչված է հետևել
օրինականությանը և մեզ բոլորիս պաշտպանել ստից ու կեղծիքից՝ անամոթաբար
դավեր է նյութում նրանց դեմ, ովքեր համարձակություն են ունեցել հրապարակավ