անում, բայց նրանց հաջողվեց խաղաղեցնել ձեզ ՝ ավելացնելով հացաբաժանումների չափը ։ Եվ ես ուզում եմ հավատալ, որ կյանքն իմաստնացրել է ձեզ և նորեն չեք տրվի խաբեությանը ։
Բազմության միջից փորձեցին խանգարել նրան, բայց նրանց սպառնացին Տիբերը նետել ։
— Մի ՞ թե պարզ չէ ձեզ համար, որ նրանք չեն հրաժարվի իրենց իշխանությունից ավելի վաղ, քան դուք կջանաք ազատվել ստրկությունից ։ Եվ ես զգոնության եմ կոչում ձեզ ՝ ստրկությունը մի համարեք հանգստություն և մի աղավաղեք հասկացության իմաստը ձեր վախկոտության պատճառով ։ Դուք ամենևին բավականություն չեք ստանա, եթե ամոթալի գործերը հաղթեն արդարությանն ու ազնվությանը, երբ փառքն ու պատիվը բաժին ընկնեն անարժաններին. այդ ժամանակ անչափ դժվար է ազնիվ լինել ։ Հավաքվելով այստեղ ՝ դուք ցույց տվեցիք նրանց, որ ուժ եք, և եթե պառակտվեք ՝ նրանք կդիմեն ամեն անօրինականության ձեզ ավելի դաժանորեն ճնշելու համար ։ Եվ դա նրանք կանեն մեծագույն հաճույքով ու վարպետությամբ ։
— Ի ՞ նչ անենք,— հարցրին առաջին շարքերից ։— Մենք պատրաստ ենք, առաջնորդի ՛ ր մեզ ։
— Ձեզ պիտի առաջնորդեն ձեր խիղճ ու պատվախնդրությունը, և ես պառակտումի ու զենքի դիմելու կոչ չեմ անում. առանց այդ էլ ինձ արդեն մեղադրում են դրանում ։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ և առաջինը գնալ ուղիով, որն ազատություն կբերի բոլորիս ։ Ես չեմ բացառում, որ կարժանանամ Գրակքոսի բախտին, բայց ուզում եմ սկսել նրանից, ինչով նա ավարտեց կյանքը ։ Դուք այսուհետ պիտի կտրուկ փոխեք ձեր գործելակերպը. հեռանալով այստեղից, պիտի չմոռանաք խորհել ազատության մասին և այլևս չլինեք այն երկչոտ արարածը, որպիսին էիք դեռ այսօր առավոտյան ։ Որքան էլ դառն է եղել մեր ոչ հեռավոր անցյալը և որքան էլ տուժել ենք մենք ՝ ոչնչից բողոքելու իրավունք չունենք, քանի որ մեր դեմ ուղղված բոլոր որոշումները մեր իսկ կողմից հավանության են արժանացել ահա այս Դաշտում, անմահ աստվածների և այս տաճարների ներկայությամբ ։ Եվ որպեսզի այլևս ստիպված չլինենք զղջալ ուշացումով, պիտի սպանենք մեր մեջ նստած ստրուկին և դադարենք մեր ձայնը տալ նրանց, ովքեր ծախու են կամ ի սկզբանե տրամադրված են մեր դեմ ։ Իմ ասածները հայտնություն չեն բոլորովին, բայց սա է փրկության ուղին, և ձեր ռազմի դաշտը պիտի լինի այսուհետ այս հրապարակը, և պիտի կարողանաք մերժել բոլոր որոշումներն ու օրինագծերը, որոնք ուղղված կլինեն ձեր դեմ, և ոչ թե օրվա հացի մտահոգությամբ տարված ՝ վատթարացնեք ձեր վիճակը հանցավոր հնազանդությամբ ։ Եթե արյուն պիտի թափեք, ապա միայն այստեղ և ո ՛ չ օտար ափերում, ու թող նրանք իրենց նախնիների պատկերներո ՛ վ հալածեն բարբարոսներին ու իրե ՛ նք հոգան իրենց ընտանիքների անվտանգությունը ։
Մի քանիսը փորձեցին առարկել, բայց նրանք սակավաթիվ էին և նրանց ձայնը խլանում էր հավանության անզուսպ բացականչությունների ծովում, ինչպես խեղդվողի աղերսալից ճիչն է խլանում ալեբախության դղրդյունի մեջ ։
— Մի ՞ թե ձեզ չի զարմացնում այն, որ վերջին ամիսներին կումիցիաները չեն անցնում հեծյալ վաշտի հսկողությամբ և վիգիլները չեն գերազանցում մյուս ընտրողներին ։ Եվ մի ՞ թե հարց չեք տվել ինքներդ ձեզ, թե ինչո ՞ ւ սենատը հանկարծ