էին դեպի հարցում անող կոնսուլը ՝ ավելի մոտիկից նրան տեսնելու և լսելու համար, իսկ նա Պոմպեոսի ու Կրասոսի հետ ռոստրաների մոտ էր, որ բարձր էին գետնից տաս արմունկ ։ Ռուֆիոնը, Կուրիոնը, Օպիոսը, Պոլիոնը և Նեպոտը մեկ սանդուղք ցած էին գտնվում նրանցից, իսկ Մարկոս Անտոնիոսը երկու տասնյակ վետերանների գլուխ անցած ՝ անցուդարձ էր անում հռետորական բարձունքի շուրջ ։
Տիբերից փչող հովը ծածանում էր վեր պարզած զինանշանները, սաղավարտների փետրափնջերն ալիքվում էին մայրացած արտի նման ։ Փողեր հնչեցին, պարիսպների վրա դեղին դրոշ փողփողաց, ու Կեսարը վեր պարզեց ալեփառ գայիսոնը. հարյուր հազար մարդիկ քարացան լարված լռությամբ ։
— Հռոմեական ժողովուրդ,— կոնսուլի բամբ ձայնը տարածվեց Մարսյան դաշտի վրա,— սենատորների անհոգությունն ու բարձրամտությունը ստիպում են ինձ, հակառակ իմ կամքի, այսօր դիմել ձեզ ։ Կոնսուլական ընտրություններում ձեր աջակցությունը խնդրելով ՝ խոստացել էի հողային օրինագիծ ներկայացնել սենատին և տերը եղա իմ խոսքի ։
Փայտյա բուրգերի վրա կանգնած մունետիկները կրկնում էին նրա խոսքը ետին շարքերի համար, և նա խոսում էր ընդմիջումներով ։
— Ես հիմա չեմ պատմի ձեզ, թե որպիսի անվայելուչ խոսքեր եղան այնտեղ իմ հասցեին, և նրանք ինչպես էին սպառնում ինձ. դա վերաբերում է միայն ինձ և ինքս կհոգամ իմ արժանապատվության համար ։
Այդ միջոցին երկնային նշաններին հետևող ֆեցիալների խմբից առանձնացավ Յուպիտերի քուրմը և կոնսուլին մոտենալով ՝ հաղորդեց, թե աստվածները բարեհաճ չեն, ու անհրաժեշտ է հետաձգել հավաքը ։
Կեսարը նրան լսում էր բավականին հանգիստ, ու երբ քուրմն ավարտեց խոսքը ՝ խեթ նայելով նրան ՝ ասաց ազդու ձայնով.
— Աստվածներին ես ավելի մոտ եմ կանգնած, և նրանք ինձ բոլորովին այլ բան հաղորդեցին ։
Քուրմը, որը չէր սպասում նման վերաբերմունքի, շվարել էր ։
— Բայց, պոնտիֆե ՛ կ, դա հայրենիքի դավաճանությո ՛ ւն է...— փորձեց առարկել քուրմը, բայց քրմապետի ցասումնալից հայացքը հնազանդեցրեց նրան, ու նա հեռացավ գլխահակ ։
— Ամենազոր աստվածներն օրհնում են հավաքը և բարին ավետում մեզ,— բացականչեց կոնսուլը ՝ ձեռքերը կարկառելով վեր ։
Մարսյան դաշտը դղրդաց ուրախ կանչերից ։ Իսկ երբ կրկին լռություն տիրեց, կոնսուլը շարունակեց.
— Դուք գիտեք, թե որքան զորեղ է Ֆակտիոն, և ոչ մի կոնսուլ միայնակ ի զորու չէ նեղել նրանց. այսօր ես կրկին համոզվեցի դրանում ։ Եվ ահա ինչ կասեմ ձեզ, քվիրիտներ. ձեր փրկության հույսը կապեք միայն և միայն ձեզ հետ, քանի որ ոչ մի մագիստր, որքան էլ բարձր պաշտոն ունենա, ազատություն չի բերի ձեզ ՝ եթե դուք այդ չկամենաք ։ Հիշեք, թե որպիսի հապճեպությամբ նրանք վերականգնեցին ժողովրդական տրիբունի պաշտոնը, երբ դուք չէիք հասցրել անգամ ձեր դժգոհությունը հայտնել ։ Նրանք գունատվել էին սարսափից, երբ դուք ցույցեր էիք