Անտեղյակ անցորդները կանգնեցնում էին նրանց ու հարցեր տալիս, և նրանց պատասխանում էին, որ սենատը մերժել է նորընտիր կոնսուլ Կեսարի նոր օրինագիծը, որը նախատեսում էր հող բաժանել բազմազավակ հայրերին ու Պոմպեոսի վետերաններին, և վրդովված կոնսուլը լքել է կուրիան, տրիբուններից պահանջել օրինագիծն անմիջապես քննարկման դնել ժողովրդական ժողովում ։ Նաև ասում էին, որ այլոց հետ կուրիայից ելել են Պոմպեոսն ու Կրասոսը, և երբ կոնսուլը հարցրել է նրանց ՝ պատրա ՞ ստ են արդյոք աջակցել իրեն, ամենքի ներկայությամբ նրանք պատասխանել են, թե ով սուր վերցնի Կեսարի դեմ, իրենք նրա դեմ կելնեն և ՛ սրով, և ՛ վահանով ։ Կյանքում շատ բան տեսած հռոմեացիներին դժվար էր որևէ բանով զարմացնել, բայց այս վերջին լուրը շշմեցրեց նրանց ։ Երկար տարիներ ականատեսը լինելով ամենահզոր քվիրիտների գժտության ՝ նրանք պատրաստ էին երդվել բոլոր սրբություններով, որ ոչինչ այլևս չի հաշտեցնի նրանց, և շատերը երթին միանում էին հետաքրքրասիրությունից ։
Երբ, ընտրվելով կոնսուլի պաշտոնում, Կեսարը գլուխ բերեց Կրասոսի սիրիական կուսակալությունը ու բավարարեց հեծյալների պահանջը, և նրանք ամեն կերպ սկսեցին պաշտպանել նրա ձեռնարկումները, ու, որ նույնպես անսպասելի էր, ֆորումը հեղեղած Պոմպեոսի վետերանները սկսեցին նեղել օպտիմատներին ՝ նրբանկատ հռոմեացիք զգացին, որ շատ շուտով լուրջ իրադարձություններ են տեղի ունենալու ։ Հապճեպորեն հրավիրված այս հավաքը նրանք ընկալում էին որպես նախերգանք մեծ իրադարձության ։ Սա էր պատճառը, որ գրեթե ոչ ոք անտարբեր չմնաց, նույնիսկ նրանք, որոնց օրինագծի բախտը բոլորովին չէր հուզում և հողաբաժանման համար կումիցիա հրավիրելու Կեսարի որոշումը համարում էին հանդուգն մի տրիբունին վայել արարք ։
Շտապով փակվում էին կրպակները, դատարկվում գինետներն ու պանդոկները, պրոլետարները ելնում էին անձուկ նրբանցքների հազար ու մի մթին խոռոչներից, ինչպես անձրևորդերը ՝ տարափից հետո ։ Թմբուկ զարկող մունետիկները արտակարգ ժողովի լուրը հասցրին Էսքիլեն ու Սուբուռա, և քիչ անց առափնյա փողոցները հեղեղվեցին ամեն տեսակ արհեստավորներով, խեղանդամներով ու մուրացկաններով ։ Համքարությունները գալիս էին իրենց դրոշներով. կանխազգալով, որ բանը գուցե ընդհարումի հասնի ՝ շատերը բերում էին իրենց ստրուկներին ։
Դուրս գալով ֆորումից ՝ բազմությունը գնաց դեպի Մարսյան դաշտ ։ Նրանք քայլում էին ՝ կանչելով անցորդներին, թակում էին տների դարպասները ։ Երթի մեջ մի ծեր զինվոր, շարունակ երդվելով, պատմում էր, թե գիշերն իրեն երևացել է ծովի վրայով քայլող Օրիոնը, և ամենքը հավատացած էին, որ աննախադեպ փոփոխություն է լինելու ։ Աղմուկը տաճարներից դուրս բերեց հավատացյալներին ու քրմերին, կրկեսի երեսուն հազար հանդիսատեսները մի քանի րոպեից հայտնվեցին փողոցում ։ Էտրուսկյան նրբանցքի վրա ստվարամարդ մի քանի խմբեր միացան նրանց, որ գալիս էին Տիբերի ձախափնյա խիտ բնակեցված թաղամասերից ։ Անցնելով Ցելիումը ՝ ահագնացած բազմությունը Եզան նրբանցքով հասավ Վեստայի տաճար, որի բակում սև գլխանոցով վեց քրմուհիներ անխոս նստել էին ատրուշանի շուրջ և ուշք չդարձնելով իրարանցումին ՝ յուղի մեջ թաթախած փայտի կտորներ էին ավելացնում սրբազան կրակին, որ կյանքի խորհրդանիշն էր և պիտի վառվեր անվերջ ։
Մարսյան դաշտում ասեղ գցելու տեղ չկար, այստեղ էին նաև մերձակա լատիֆունդիաների բնակիչները, իսկ ժողովուրդը գալիս էր ու գալիս ։ Ամենքը մղվում