Կատոնն ինչ-որ բան ասաց քթի տակ, որը լրտեսին չէր վերաբերում, ապա
կարգադրեց շարունակել։
— Ես ճանաչեցի Օպիոսին. նա իմ թաքստոցից հեռու չէր և հսկում էր բացատը, ուր
երկու վրաններ էին խփված։ Պոլիոնն էլ էր այնտեղ. նրան ձայնից ճանաչեցի։
— Շողոքորթ, նենգ արարած,— նետեց Կատոնը ատամների արանքից,— և ինչպե՞ս է
նա բոլորին հիմարացնում։
— Կեսարն ու Պոմպեոսը մտան վրաններից մեկը։ Ես չէի կարող ավելի մոտենալ, և
ինձ համար լսելի չէր նրանց խոսակցությունը, անձրևն էլ մի կողմից էր խանգարում։
Քառորդ ժամ ամեն ինչ հարթ էր, հետո վեճի ձայներ լսվեցին, և այդ միջոցին
հայտնվեց մի երրորդ կերպարանք։ Ես չնկատեցի՝ որտեղից նա եկավ. հավանաբար
թաքնված էր մյուս վրանում։ Նա մի պահ սպասեց, ասես ունկնդրելով
խոսակցությունը, ապա ետ քաշեց կտավե դուռը, և ջահերի լույսի տակ ճանաչեցի
Կրասոսին...
— Կրասոսի՞ն,— Կատոնը գլուխը տարուբերեց դառը դեղահաբ ընդունած մարդու
նման։ Նրա շունչը կտրվում էր, փոս ընկած ու գունատ այտերին անափ զայրույթի
ջղագծեր էին երևակվել։
— Բայց չէ՞ որ նա Կրեմոնայում է.. Դուրսենուս, դու չե՞ս շփոթում,— դժվարությամբ
արտաբերեց նա։
— Օ՜, տե՛ր իմ,— կանչեց լրտեսը դառնաձայն՝ երկյուղելով, թե պատրոնը
բարկությունն իր վրա կթափի,— թող արժանանամ ես բոլոր աստվածների ահեղ
զայրույթին, թող չար ոգիները պատառ-պատառ անեն ինձ, որ վշտացրի քեզ իմ
լուրերով, բայց ես չեմ մոլորեցնում քեզ. այդպիսի փառահեղ կազմվածք ողջ Հռոմում
միայն նա ունի։
Լրտեսի հավաստումը բոլորովին չուրախացրեց նրան, ավելին, նա հանկարծ կծկվեց,
ասես իրեն մտրակում էին։ Դուրսենուսը, որ գիտեր՝ ինչ է դա նշանակում,
պապանձվել էր։ Նա խոսեց տիրոջ նշանից հետո միայն։
— Որքան ես հասկացա, վեհաշուք իմ տեր, իմպերատորը նախապես տեղեկացված
չէր, քանի որ երբ ցենզորը ներս մտավ, նա անմիջապես ելավ վրանից և կամենում էր
հեռանալ, իսկ Կեսարը համառորեն նրան համոզում էր չանել այդ։
Կատոնի աչքերը փայլեցին մի պահ, և նա հարցրեց անհամբերությամբ.
— Հետո՞, ի՞նչ եղավ հետո։
— Նրանք վերադարձան վրան,— պատասխանեց լրտեսն անուրախ։
— Պնակալեզ, մորթապաշտ շո՛ւն,— թշշաց Կատոնը՝ բռունցքները սեղմելով,—
պատվախնդրությունից բոլորովին օտարացած ասիական արքայիկ։ Օ՜, անմահ
աստվածներ, անհատակ է ստորությունը մարդկային։
Լրտեսը կամենում էր էլի ինչ-որ բան հաղորդել, բայց Կատոնը ընդհատեց նրան և
ոսկու մի քսակ պարզելով՝ ասաց.
— Գնա՛, հանգստացի՛ր։
Խոնարհաբար գլուխ տալով՝ ստրուկը հեռացավ։ Մնալով մենակ՝ Կատոնը մոտեցավ
լուսամուտին և մշուշոտ հայացքով երկար նայում էր խավարի մեջ հազիվ նշմարվող