Արվարձանային կիսամութ փողոցներով մի ուրվական էր զգուշորեն առաջանում և
վիգիլներից երկյուղելով՝ աչք էր ածում ամեն անկյունից։ Նա գալիս էր Կապենայի
դարպասի կողմից և քաղաք էր սողոսկել միայն իրեն հայտնի գետնուղով։ Նրա
բախտից գիշերասյուքը մարել էր լապտերների մեծ մասը, և նա աննկատ հասավ
Սրբազան փողոց։ Այստեղ նրան գիշերապահներ պատահեցին, բայց նա
ճարպկությամբ մոլորեցրեց նրանց ու թեքվելով դերի Պալատինիում՝ թեթևացած
շունչ քաշեց։
— Ու՞ր ես կորել, սողո՛ւն,— գոչեց Կատոնը ահաբեկ ձայնով, երբ լրտեսը կանգնեց
նրա առաջ։ Որտե՞ղ ես քարշ գալիս, երբ գիտես, որ սպասում եմ քեզ։
Բայց լրտեսը չշփոթվեց բոլորովին և խոնարհվելով՝ ասաց հանգիստ տոնով.
— Թող ներողամիտ լինի իմ տիրակալը, ում անունը խավարեցնում է աշխարհի մյուս
երևելիներին՝ ինչպես արևն է խավարեցնում երկնքի աստղերին։ ԵՎ դո՛ւ, օ՜, տե՛ր իմ,
շատ շուտով կհամոզվես, որ մեղադրանքներդ անհիմն են և կցանկանաս ատրիումդ
զարդարել իմ արձանով՝ ի պատիվ իմ համառության, իսկ վատագույն դեպքում չես
ափսոսա մի տռուզ քսակ, թեպետ այն ամենը, ինչ կհաղորդեմ հիմա՝ չի ուրախացնի
քեզ։
Կատոնի դեմքին հետաքրքրասիրության կնճիռներ երևացին։
— Ես հայտնել էի քեզ, լուսաշո՛ղ իմ տեր, որ նրա տուն կասկածելի անձինք են
ելումուտ անում։— Լրտեսը ջղաձիգ մի շարժում արեց, ասես կամենում էր ուղղել
ծնված օրից իրեն տանջող սապատը։— Ես սենյակ վարձեցի Չորրորդ հատվածում,
իմ մի հին ծանոթի մոտ, և առավոտից հետևում էի բոլոր անցուդարձին։
Կատոնը գիտեր, որ նա զուր տեղը չի ուշանա և ներքուստ զղջաց պոռթկումի
համար։
― Եվ ի՞նչ։
Տիրոջ ձայնի մեջ գորովանք կար, և լրտեսը որսաց այն։
— Ոչինչ նշանակալի կարծես թե տեղի չէր ունենում, և մտադիր էի վերադառնալ
աստվածային իմ տիրոջ մոտ, երբ անսպասելիորեն փողոց ելավ մի մութ
կերպարանք։ Թեև կեսգիշեր էր արդեն, ու նա ծպտված էր անձրևանոցի մեջ, ինձ
համար դժվար չէր ճանաչել Ափրոկլեսին։ Նա հետքը խճճելու համար դիմում էր
ամեն խորամանկության, բայց ես պայծառաշուք Կատոնի միտքը չեմ զբաղեցնի ինձ
բաժին հասած դժվարությունների նկարագրությամբ, այլ միայն կհայտնեմ, թե ում
այցելեց Կեսա