Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 161

քաղաքական նենգ խաղերի ընդունակ սենատորների դեմ ։ Նրա համար ավելի դյուրին կլիներ հնազանդեցնել պարթևներին, գրավել Հնդկաստանը և հասնել աշխարհի վերջին, քան գլուխ հանել մի վիճակից, երբ քաղաքական զույգ ուժերից մեկի առաջնորդը չէր ընդունում իրեն, իսկ մյուսից ինքն էր խորշում ։ Նա մի վերջին փորձ արեց մտերմանալ Կատոնի հետ և խնդրեց նրա զարմուհու ձեռքը ։ Բայց մերժում ստացավ և, սաստիկ վիրավորելով ՝ երեք օր չելավ տնից ։
Խիստ օրինապահ լինելով ՝ նրա մտքով չէր անցնում հակադրվել սենատին, քանի որ հանձին սենատի նա տեսնում էր հայրենիքը, իսկ հայրենադավ լինել չէր կարող ։ Սակայն օպտիմատների գործողությունները հետզհետե նրան հանգեցրին այն մտքին, որ նրանք բոլորովին մտահոգված չեն հայրենիքի շահերով, ա ՛ յն հայրենիքի, որի բարօրության համար ինքն անպատմելի զրկանքների էր ենթարկվում օտար ափերում և հարյուր անգամ մեռած կլիներ, եթե չլիներ աստվածների ողորմածությունը ։ Նրա հոգում դաժան կռիվ էր սկսվել օրինասեր քվիրիտի և նվաստացած իմպերատորի միջև, և շատ ուշացումով նա գիտակցեց, որ հարմար պահը անխոհեմաբար բաց է թողել ձեռքից և որ ինքը հիմա սակավաթիվ իր մերձավորների հետ ոչինչ փոխել չի կարող...
Կեսգիշերին մոտ նրան զեկուցեցին, որ ծպտյալ մի տղամարդ տեսակցություն է խնդրում ։ Կարգադրեց անմիջապես ներս հրավիրել ու ելնելով էքսեդրայի մութ որմնախորշից, ուր նստած էր առավոտից, անհամբերությամբ սպասեց խորհրդավոր այցելուին ։ Սրահ մտնելով և համոզվելով, որ իմպերատորը մենակ է, տղամարդն իջեցրեց թիկնոցի խոնավ կնգուղը ։ Մագնիայի դեմքի վրայով դժգոհության չքողարկված ալիք անցավ ։ Ուշք չդարձնելով իմպերատորի անբարեհաճությանը ՝ եկվորը ծոցից հանեց մագաղաթե մի գալար և խոնարհվելով ՝ պարզեց նրան.
— Իմ տերը ՝ ազնվազարմ պրետոր և գերագույն քուրմ Գայոս Հուլիոս Կեսարը, Վեներայի ժառանգորդն ու Մարցիուս թագավորի հետնորդը, կարգադրեց ինձ արեգնափայլ իմպերատորին հանձնել այս գրությունը ։
Մագնիան արհամարհանքով նայում էր Ափրոկլեսին, ապա կնճռոտվելով ՝ մեքենայորեն ձեռքն առաջ պարզեց և գրությունը վերցնելով ՝ մոտեցավ օջախին ։ Նրա շուրթերը դողացին ատելությունից, երբ կարդաց գրությունը, հայացքը մթագնեց հանկարծահաս ցասումից, մեկ կամեցավ բանբերի ներկայությամբ կրակը նետել նամակը, բայց զսպեց իրեն և, հրավիրելով սենեկապետին,— Ափրոկլեսը ծածկվեց կնգուղով,— կարգադրեց ուղեկցել այցելուին ։
« Որպիսի ՜ ստորություն,— ափերով գլուխը բռնած ՝ մտածում էր Պոմպեոսը,— և դեռ նա համարձակվում է հանդիպման հրավե ՞ ր ուղարկել ինձ »։
Զայրույթի մի նոր պոռթկում համակեց նրան, և ձեռքերը վեր կարկառելով ՝ բացականչեց դառնաձայն.
— Օ ՜, Նեմեսի ՛ ս ՝ վրեժխնդրության չքնաղ դիցուհի, խորհուրդ տուր ինձ ՝ ինչպե ՞ ս պատռել սարդոստյանը մոլորումի, որ այսպես անգթորեն պարուրել է ինձ ։
Նա մի քանի րոպե խիստ վրդովված քայլեց սրահում, ապա անզորությունից փլվեց բազմոցին ու ձեռքն առնելով գալարը ՝ վերստին ընթերցեց այն ։ Բոլորովին այլ մտքեր այցի եկան նրան այս անգամ, և նա երկար ժամանակ մտախոհ հայացքը չէր կտրում աշխուժորեն ճարճատող կանթեղներից ։