փողոցներում երևաց քառանժույգ, ոսկեհուռ մի կառք, որի փղոսկրե գահավորակին բազմել էր տրիումֆատորը ՝ Ասիան, Աֆրիկան և Եվրոպան նվաճած Գնեոս Պոմպեոս Մագնիան ։ Նրա ուսերին Ալեքսանդր Մակեդոնացու թիկնոցն էր, հպարտության շառագունումը քողարկելու համար ՝ դեմքը շպարված էր կարմիրով ։ Ջահել մի ստրուկ, խոնարհված նրա ականջին, անվերջ հիշեցնում էր ճակատագրի փոփոխականության մասին, և որ մեծարանքին կարող են հաջորդել վհատությունն ու անհաջողությունը ։ Մի երկրորդ ստրուկ նրա գլխավերևում ակնազարդ պսակ էր բռնել ։
Անթիվ անհամար զինվորներ էին ուղեկցում նրան, որ գալիս էին անկանոն շարքերով և գլխներից վեր թափահարելով պարտված բանակների դրոշները ՝ երգում էին.
Բերում ենք ահա ՛ քաջաբազուկ հերոսին աննման, Ե ՛ վ Ասիան և Ա ՛ ֆրիկան պաշտում են նրան, Մինչ նա տիրում էր հողերին օտարների ՝ Մուցիան նվաճում էր սրտերն այրերի...
Հռոմի ծաղրող ամբոխը ոգևորում էր նրանց ցնծության անհուն աղաղակով, կանայք պինիայի ճյուղեր էին նետում կառքի վրա, պատանիները վանկարկում էին իմպերատորի անունը, առավել համարձակները մոտեցել ու բռնել էին պախուրցներից, դերասանների խումբը խառնվելով զինվորներին ՝ խելահեղ պարում էր, մերթ կրկնում Մագնիայի շարժումները, մերթ քայլում որպես գերյալ, առաջ բերելով ամբոխի քրքիջը ։
Հաղթահանդեսն ավարտվում էր ։ Հանդիսականները միացան զինվորներին, աղքատ խաժամուժը գոռում էր ՝ կոկորդ չխնայելով, ասես այդ կերպ իր երախտիքն էր հայտնում ճաշկերույթի համար, որ տրվելու էր տրիումֆից հետո ։
Մի քանի օր անց, երբ քաղցր հուշ էին դարձել տոնախմբության մանրամասները, և մարզերից եկած ժողովուրդը ետ էր դարձել, իսկ քաղաքը հանդարտվել էր վերստին, Մագնիան երեք տարվա ընդմիջումից հետո ներկայացավ սենատ ։ Նպատակ ունենալով կատարել վետերաններին տրված խոստումները, նա առաջ քաշեց ագրարային մի ծրագիր, որը նախատեսում էր հողհատկացումներ անել Կամպանիայում ։ Լուկուլլոսը ոչինչ չէր խնայում նրան տապալելու համար, իսկ Կատոնը, որ չէր մոռացել Յուպիտերի տաճարի հետ կապված պատմությունը, այնքան ձգձգեց հարցի քննարկումը, որ Մագնիան ստիպված եղավ օրինագիծը հանել սենատից և փոխադրել ժողովրդական ժողով ։ Նա անչափ զարմացավ, երբ ժողովը, որ երկու ամիս առաջ ջերմորեն պաշտպանել էր իրեն և թույլատրել վերադառնալ բանակի հետ ՝ այժմ մերժեց իր նվազ կարևոր առաջարկը ։ Նա չիմացավ, որ օպտիմատներից բացի Կեսարի խորհրդով իր առաջարկին դեմ են քվեարկել նաև պոպուլյարները ։
Նա վարժվել էր իր հրամանի անշեղ կատարումին, նրա առջև թագավորներ էին խոնարհվել, և հիմա անսովոր էր ու անպատվաբեր այս ամենը ։ Նա ամաչում էր վետերանների աչքին երևալ ։ Բնությունը նրան օժտել էր աննկուն զորավարի, բայց ո ՛ չ դիվանագետի հատկանիշներով, և նա, որ հաղթել էր աշխարհի ուժեղագույն բանակներին ու աննշան ճակատամարտ անգամ տանուլ չէր տվել, անզոր էր