Հաջորդ օրը հանդիսականների թիվը եռապատկվել էր. անչափ մեծ էր բռնագրաված գանձերն ու Միհրդատի կանանց և որդիներին մոտիկից տեսնելու գայթակղությունը, ու փողոցները բռնված էին դեռ լուսաբացից առաջ ։
Երրորդ ժամին քաղաք մտան տասնյակ կառքեր, որոնց վրայի պղնձե հսկա տախտակները տեղեկացնում էին, որ հաղթահանդեսը կատարվում է Պոնտոսի, Հայաստանի, Կապադովկայի, Պափլագոնիայի, Մեդիայի, Կոլխիդայի, Սիրիայի, Ալբանիայի, Իբերիայի, Արաբիայի, Կիլիկիայի, Միջագետքի, Փյունիկիայի, Պաղեստինի և Հրեաստանի նկատմամբ տարած հաղթանակների պատվին, որ այդ երկրներում գրավվել է երեք հազար ամրոց, ինը հարյուր քաղաք, որ ծովահեններից բռնագրավվել է ութ հարյուր նավ, վերաբնակեցվել է երեսուն քաղաք, և որ գրաված բոլոր երկրների տարեկան հարկը կազմելու է ութսուն միլիոն դենարե ։
Կառքերին հաջորդեցին արծաթով և ոսկով լի թասեր ու անոթներ բռնած երեք հազար զինվորներ. նրանք բերում էին այն քսան հազար տաղանդը, որ Մագնիան նվիրաբերում էր գանձարանին ։ Հազար հոգի տանում էին նրբագործ գավաթներ, սափորներ, սկահակներ, երկու հարյուր ձիասայլ կրում էին արվեստի գործեր ՝ ոսկե, ագալմատոլիթե, մարջանե անդրիներ ու արձաններ ։ Ապա ցուցադրվեցին բռնագրաված զենքերը ՝ պոնտական պարսպակործան մեքենաներ ու զարմանահրաշ այլ սարքեր, որ կառուցել էր Միհրդատի մեխանիկ Կալիմաքոսը, ոսկեհուռ զրահներ, սիրիական օձազարդ սաղավարտներ, հայկական վահաններ, աղեղներ ու երկճանկ նետերի տրցակներ, բազմատեսակ սրեր, շողշողուն ձիասարքեր ու սթարներ, մանգաղակիր ռազմակառքեր ՝ այնքան շատ, որ այս ամենի ցուցադրումը տևեց մինչև մայրամուտ ։
Երբ փողոցներում երևացին սրբազան թաս բռնած լեգատները ՝ ամենքը հասկացան, որ սկսվում է գերիների երթը ։ Եվ, իսկապես, շատ չանցած ՝ բազում շղթաների զրնգոց լսվեց, ապա հայտնվեցին գերիները և գլխահակ ու դանդաղ քայլեցին ցնծացող հռոմեացիների հաղթական կանչերի ներքո ։ Նրանց մեջ էին Հրեաստանի թագավոր Արիստոբուլոսը ՝ ընտանիքի հետ, Եվպատորի սկյութացի կանայք և յոթ զավակները, Իբերիայի արքայազնը, ծովահենների առաջնորդները, Տիգրանի ազգուրաց որդին, որ հոր դեմ առաջնորդել էր նախ պարթևներին, իսկ սրանց խայտառակ պարտությունից հետո ՝ հռոմեացիներին, և ում Մագնիան կարգադրել էր կալանդներ հագցնել այն բանից հետո, երբ սա հոխորտացել էր իմպերատորի վրա ՝ տեսնելով, թե ինչպիսի ակնածանքով է նա վերաբերվում ծերունազարդ թագավորին ։
Գեղանի կույսեր կային գերյալների մեջ, որ հնազանդ արքաներն էին նվիրել Պոմպեոսին, և մանուկներ կային սիրունատես, որ պատանդ պիտի մնային Հռոմում ։
Երթը հանկարծ ընդհատվեց, կոխկրտված ծաղիկներից երփներանգված փողոցները շունչ առան մի պահ, բայց լռությանը հաջորդեց դարպասների կողմից եկող հիացական բացականչությունների ականջ ծակող որոտը, որն ալիք-ալիք տարածվեց, հասավ ֆորում. Մագնիան մտնում էր քաղաք ։ Ճերմակ նժույգներ հեծած պրեֆեկտները բերում էին իմպերատորի զինանշանն ու դրոշը, երկու լիկտոր կրում էին Պոմպեոսի վահանը, որին մերկ ատամներով և օձ-մազերով Մեդուսա էր պատկերված, մեկ ուրիշ զինվոր բերում էր իմպերատորի սուրը ։ Երկու տրիբուն ոսկեգամ պախուրցներից բռնած բերում էին Պոմպեոսի արծաթաբաշ ձին ՝ պարանոցից մինչև գավակը ծածկված հակնթագույն ծածկոցով և զարդարված կարմիր ու սպիտակ ժապավեններով ։ Նոր էին պրեֆեկտները հասել Արգիլետ, երբ