Կաստորի տաճարի մոտ փողհարները կանգ առան։ Ֆորում հասան նաև
վետերանները։ Ձյունաթույր նժույգ հեծած լեգատը զեկույց տվեց կոնսուլներին։
Նրանցից մեկն օրհնված գինի մատուցեց լեգատին, իսկ հիերոդուլները հապճեպորեն
զոհարանին մոտեցրին սևամորթ մի արջառ։ Մյուս կոնսուլը, ձեռքերը վեր պարզելով,
աղոթք մրմնջաց, որն ավարտեց «հոս էջե» կանչով։ Նրա այս խոսքի հետ լայնաշեղբ
մի տապար փայլատակեց օդում, և տապալված անասունի արյունը հորդեց սրբազան
վիրապի մեջ։ Լեգատը մեղրագինի հեղեց զոհի վրա, և ֆորումը դղրդաց որոտընդոստ
բացականչություններից։ Փողկանչի հետ ազնվատոհմիկ կանայք ու օրիորդներ իջան
ամֆիթատրոնից և ծաղկեպսակներ նվիրեցին վետերաններին, և սրանք բուռն
ծափերի ներքո շրջանցեցին Յանայի տաճարը, Արգիլետով թեքվեցին աջ, ապա
Պալատինիումի և Սելիումի միջև ձգվող փողոցներով հորդեցին դեպի Փոքր դաշտ,
ուր բոլորին առատ նվիրատվություն և ճոխ ճաշկերույթ էր սպասվում։
Ահեղ, ամեն ինչ խլացնող ռազմերթի և ոգեշունչ կանչերի ներքո միմյանց ետևից
եկան ու անցան Աֆրիկական չորս, Ասիական վեց լեգեոնները, Հռոդոսյան առանձին
կոհորտաները, Պոմպեոսի գվարդիան՝ բոլորն էլ կաղնեպսակի արժանացած
բազմափորձ, ամրակազմ զինվորներ։ Նրանք արծնապատ երկար սրեր էին կրում,
որոնք օրորվում էին քայլելիս, ուսերին հենած տանում էին բամբուկե ձիգ նիզակներ,
որոնց սայրերը շողարձակում էին թանկագին ակների պես։ Ծնկներից վեր նրանց
մարմինը ծածկված էր քարանետ մեքենաների հարվածներից ծռմռված վահանով ու
նաև անդիմակալ սաղավարտով, իսկ սրունքներն առնված էին դրվագազարդ
կնեմիդների մեջ։ Փողոցները նեղ էին, և նրանք գալիս էին մանիպուլներով, միմյանց
սեղմված, հպարտության ժպիտը դեմքերին։
Ապա եկան թիկունքով լայնալիճ աղեղ գցած թեթևազեն նետաձիգները. նրանք
վահան չունենալով՝ սովորաբար կռվում էին առաջապահ մանիպուլների
թիկունքում՝ թշնամուն խոցելով շարժական աշտարակներից կամ նժույգների
վրայից։ Նրանց հետևեցին գալլական գնդերը՝ բոլորը հաղթանդամ, այծենու
հագուստով և առատ բեղմորուսով։
Ամբողջ վեց ժամ փողոցներով հոսում էր զենքերի, զրահների, գունագեղ
փետրափնջերի, դրոշների, ոսկեզօծ ճարմանդներով ալ թիկնոցների հեղեղը, և թվում
էր, թե այս ամենին վերջ չի լինի այլևս։ Քաղցած հռոմեացիք իրենց գցում էին
մոտակա կրպակները, կարկանդակ, միրգ կամ խաշած միս գնում և չկամենալով
ոչինչ բաց թողնել՝ ծամում անմիջապես մայթեզրին։
Քաղաքը ցնցվեց, երբ Կարմենտական դարպասից ներս մտավ թրակիական
ծանրազեն հեծելազորը. այդ նրանք էին համարձակ գործողություններով
Տիգրանակերտի մոտ շփոթություն մտցրել հայերի մեծաքանակ բանակի մեջ և
փախուստի մատնել։ Նրանցից հետո դանդաղ վարգով եկան թաղիքե թասակ դրած
հռոմեական ընտիր հեծելավաշտերը՝ պրեֆեկտ Կասկայի գլխավորությամբ։ Օրը զով
էր, նրանք ազատվել էին թիկնոցներից, և լանջազրահի պղնձե թերթիկները փայլում
էին կուրացուցիչ ցոլքերով։
Ամբոխը մի առանձին ոգևորությամբ դիմավորեց Մագնիայի թիկնագնդին. նրանք
կարճ տաբատով էին և դարչնագույն կաշվե վերնազգեստով, զինված էին երկար
նիզակներով, իսկ մարմինն ուսերից մինչև ազդրերը ծածկված էր թեթև վահանով։
Մութն ընկավ, և հաղթահանդեսը շարունակվում էր հազարավոր ջահերի ներքո։