Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 157

քաղաք մտան մարտական երկար թիկնոցներով տասներկու հեծյալ փողհարներ և ազդու կանչերով տրիումֆի սկիզբն ազդարարելով ՝ երկու շարք կազմած ուղղվեցին դեպի Ֆորում ։ Ապա երևացին արծիվներ բռնած լեգեոներները ՝ շուրթերին ռազմական մի հին երգ ։ Փողոցների սալահատակը դղրդում էր Աֆրիկան, Եվրոպան ու Ասիան ոտքի տակ տված կոթուրնոսների համաչափ դոփյունից. ջայլամի և սիրամարգի փետուրներով, մետաքսե երփներանգ ու բոլորաձև թելիկներով զարդարված սաղավարտները ծփում էին արևի տակ, և երթը նմանվում էր առասպելական ոսկեթեփուկ վիշապի ։ Խրոխտ քայլող վետերանները, որ կռվել սկսել էին դեռևս Սուլլայի հրամանատարությամբ և տրորել էին Աֆրիկայի ավազուտները, Իսպանիայում մարտնչել տարագիրների դեմ, ծովը մաքրել ավազակներից, հիմնահատակ կործանել Ամիսոսն ու Տիգրանակերտը ՝ բերում էին անուշահոտություններով օծված զինանշաններ, բազում արշավանքներից խունացած ու աղքատի հագուստի պես քրքրված դրոշներ ։
— Իո ՜, տրիումֆ, իո ՜, տրիումֆ,— աղաղակում էին մայթերը հեղեղած քվիրիտները ՝ դաշտային ծաղիկներ ցանելով նրանց վրա ։ Գդակներ էին նետվում օդ. պատանիները ձեռնասուն աղավնիներ էին թռցնում, որոնք հանդարտ պտտվում էին ֆորումի վրա. ունևորները կես ասանոց դրամներ էին շաղ տալիս զինվորների ոտքերի տակ, և դրանք զրնգում էին կոթուրնոսների ծանր հարվածներից ։ Առաջին անգամ տրիումֆ տեսնող մանուկները հետաքրքրասիրությունից այրվելով ՝ հավաքվել էին տների հարթ տանիքներին և դափնու ճյուղեր էին թափում զինվորների վրա ։
Այնքան մեծ էր հաղթանակած զորքին մոտիկից տեսնելու գայթակղությունը, որ ժողովուրդը միախառնվել էր ՝ մոռացած ցենզային ամեն բաժանում. քվիրիտների հետ միևնույն շարքում կանգնել էին քաթանե պիլեում դրած ազատարձակները, վաշխառուների ու հարուստ պլեբեյների մեջ կարելի էր տեսնել դակված ականջով ասիացի կամ խափշիկ ստրուկների, ազնվատոհմիկ մատրոնաները հարևանություն էին անում վատահամբավ պարուհիների և կուրտիզանուհիների հետ ։ Ողջ Հռոմն էր ելել դիտելու հաղթահանդեսը, բացառությամբ, թերևս, քրմերի, որոնց օրենքն արգելում էր զորք տեսնել ։
Բազմերանգ տունիկա հագած հռոմեացիների, լայն տաբատով գյուղացիների մեջ իրենց արտասովոր հանդերձանքով, երկար, մինչև գոտկատեղ իջնող մորուքով կամ բոլորովին սափրած գլխով աչքի էին ընկնում Եգիպտոսից, Աֆրիկայից, Մավրիտանիայից ժամանած վաճառականներն ու հյուպատոսները ։
Ջրի երես էր ելել նաև Հռոմի ողջ տիղմը. ցնցոտիավոր մուրացկանները, մի կերպ օր մթնեցնող աղքատները, կես ասի դիմաց հանձնվելու պատրաստ պոռնկուհիները, խեղանդամ ծեր զինվորները հեղեղել էին դարպասամերձ ուղիները և աչք չէին կտրում զրնգացող մետաղադրամներից ։ Սովորական օրերին նրանց գոյությունն այսպես նշմարելի չէր, քանի որ ներծծվում էին Սուբուռայի և Էսքիլենի անձուկ նրբանցքները, անհետանում ՝ հայտնի չէ որտեղ, ողորմություն խնդրում գերեզմանատներում, և երամ-երամ ելնում էին միայն տոներին ։
Ֆորումը ճերմակել էր կանանց ու երեխաների հետ փայտե ժամանակավոր ամֆիթատրոնում բազմած սենատորների տոնական զգեստներից ։ Հով անող ստրուկներ էին երևում շարքերի մեջ ։