Գլուխ վեցերորդ
Ապա դարձավ Կեսարին, որ հոգեկան գերլարումից մթագնած, բայց և թեթևացած հայացքով նայում էր հեռուն ։
— Դու ապացուցեցիր ինձ, որ անելանելի վիճակ չի լինում կյանքում. դա մենք հորինել ենք ՝ մեր անճարությունը կոծկելու համար ։
Գլուխ վեցերորդ
Մագնիան ափ իջավ նոյեմբերյան կալենդներին ։ Դեռ չէին բեռնաթափվել վերջին նավերը, իսկ Հռոմում արդեն հուզումներ էին սկսվել. պլեբեյները տրվել էին վարդագույն երազներին ՝ հուսալով, որ Պոմպեոսը կվերադարձնի երբեմնի իրենց ինքնուրույնությունը, որ կորսվել էր Սուլլայի օրոք. պոպուլյարներն ու Ֆակտիոից դժգոհ մյուս խավերը ուզում էին հավատալ, որ Ասիան նվաճողն իշխանությունն ուժով կվերցնի իր ձեռքը, և պատրաստ էին աջակցել նրան ։ Սակայն Մագնիան զորքը ցրեց հենց Բրունդիզիոնում և սակավաթիվ թիկնախմբի հետ ուղղվեց Հռոմ ։ Տարենտայի, Նեապոլի և ճանապարհին գտնվող մյուս քաղաքների ու շեների բնակիչները չէին հավատում աչքերին ՝ տեսնելով ինչպիսի համեստությամբ է իմպերատորը վերադառնում փառավոր արշավանքից. անզեն, փոքրաթիվ ուղեկիցների հետ, ասես ելել էր ամենասովորական ճամփորդության ։ Դա այնպես հուզեց նրանց, որ թողնելով ամեն գործ ՝ միացան զորավարի շքախմբին և նրա ետևից շարժվեցին դեպի Հռոմ ։ Երթավորներին միանում էին նորանոր մարդիկ, գալիս էին ամբողջ գյուղերով, գալիս էին գրաստներ հեծած, ոտքով, սայլով, երեխաների ու կանանց հետ, և ունկն չդնելով տուն դառնալու իմպերատորի կոչերին, օրերով քայլում էին փոշեկոլոլ ճանապարհներով ։ Կապուայի մոտ նրանց թիվը հասավ հարյուր հազարի, չհաշված ստրուկների բազմաթիվ այն խմբերը, որոնք արտառոց փոփոխության ակնկալումով փախել էին տերերից և իմպերատորին ուղեկցում էին հեռվից ՝ չհամարձակվելով միանալ իտալիկներին ։
Հռոմը չսպասեց ՝ իմպերատորը հասներ քաղաք ։ Լուր առնելով, որ նա Օստիական ճանապարհին է, պլեբեյները, ազատարձակները, պրոլետարները, Մագնիայի բարեհաճությունն ակնկալող պատրիկներն ու ավելի վաղ վերադարձած զինվորներն ընդառաջ գնացին նրան ։ Ու երբ մի քանի օր անց Պոմպեոսը հասավ Մարսյան դաշտ ՝ նրա ուղեկիցների թիվն անցնում էր կես միլիոնից ։ Բանակի ցրումից հանգստացած Ֆակտիոն վերստին խուճապի մատնվեց, երկյուղելով, թե ամբոխը, ներխուժելով քաղաք, կարող է անկարգություններ հրահրել ։ Սակայն բանը դրան չհասավ, քանի որ հասնելով պոմերիայի գծին [ 51 ] ՝ Մագնիան բոլորին համոզեց ցրվել տրիումֆին հավաքվելու պայմանով, իսկ ինքը վրան խփելով ՝ սպասեց սենատի հրավերին ։ Իսկ այդ օրերին քաղաքում կոնսուլական թեկնածուների գրանցում էր կատարվում ։ Պոմպեոսը բանագնաց ուղարկեց Կուրիա, խնդրելով բացառություն անել և ընտրությունները հետաձգել մեկ ամսով, որպեսզի իր լեգատ Ափրանիոսը, որ Լիբիական կոհորտաների հետ մնացել էր Տիգրանի մոտ, կարողանար ներկա գտնվել ու քվեարկվել կոնսուլի պաշտոնի համար ։ Երբ նրան լուր բերին, թե սենատը Կատոնի պահանջով մերժել է իր խնդրանքը, նա խիստ զարմացավ, որ համարձակվել են արհամարհել իրեն և մի պահ զղջաց բանակը ցրելու համար, բայց հետո հանգստացրեց իրեն ՝ այդ մերժումը դիտելով որպես նախանձի հետևանք ։
Այդ միջադեպից մի քանի օր անց ՝ վաղ առավոտյան, երբ Ապոլոնի ոսկեհուռ կառքը սրբազան բլուրները ողողել էր դեղնավուն ցոլքերով, Կարմենտական դարպասից