Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Página 155

քաղաքի բոլոր տղամարդկանց ։ Չխնայեցին անգամ Պոմպեոսի հանգուցյալ հորը, որը մեծ հարբեցողի ու անառակի համբավ էր ունեցել քաղաքում ։
Հավաքվածներին հրելով ՝ Լուկուլլոսը ելավ ծածկահարթակ և անխնա վատաբանեց Պոմպեոսին ՝ պատմելով, թե ինչպես է նա Կրասոսից անամոթաբար խլել Սպարտակին հաղթողի դափնիները, ինչպես է կեղծ լուրեր տարածել, թե Տիգրանին ինքն է հաղթել և թե ինչպես է այժմ նա նախանձելով Կատոնի հեղինակությանը ՝ փորձում նսեմացնել նրան ։ Լուկուլլոսին լսում էին խանդավառությամբ, ստեպ-ստեպ ընդհատում էին նրան հավանության որոտընդոստ բացականչություններով ։ Նա պահանջեց Պոմպեոսին ոչ միայն զրկել աստվածների Հոր տաճարը վերանորոգելու բարձր պատվից, այլև խլել բոլոր այն շնորհները, որոնց նա հասել է խաբեությամբ ։
Վրեժխնդրության երկար սպասված պահը վերջապես եկել էր, և նա իր ելույթով այնպես գրգռեց ամբոխին, որ նրանք սկսեցին քարեր նետել մուտքը հսկող վիգիլների վրա, ջարդել լուսամուտներն ու բազիլիկան զարդարող պրետորական խորհրդանշանը ։ Կատոնի սաները և նաև երկու տասնյակ թունդ օպտիմատներ խուժեցին ծածկահարթակ և սկսեցին նեղել վիգիլներին, որոնք արյունահեղությունից խուսափելու համար պաշտպանվում էին գլանաձև երկար վահաններով ։ Ճնշումը գնալով ահագնանում էր, և ճեղքելով զինվորների շղթան ՝ մի քանի հոգի հասան դռներին ու փորձեցին տապալել դրանք ։ Ամբոխը քաջալերում էր նրանց ։ Բայց այդ պահին դռները հանկարծ բացվեցին կրկնի վրա, և նրանք իրենց առջև տեսան առանց թիկնախմբի ընդառաջ եկող պոնիֆեկին ։ Նրա դեմքը ճերմակեցված էր սրբազան փոշով, հոնքերը մթնեցված էին, գլուխը զարդարում էր ոսկեդրվագ դիադեմը, որի վրա նշմարվում էր Աստվածահոր պատկերը ։ Նրա ձեռքում շողում էր օձազարդ գայիսոնը ՝ անձեռնմխելիության և ապրողաց հոգիների վրա իշխանության խորհրդանիշը, իսկ ուսերին մարգարտաշար ծոպերով երկնագույն թիկնոց էր, որի դարսերի վրա ադամանդակուռ հմայիլը փայլում էր ծիածանի բոլոր գույներով ։ Ծարիրված կոպերի տակից նա հարձակվողներին նայում էր մի տեսակ անբացատրելի, ոչ այն է ՝ սարսափեցնող, ոչ այն է ՝ հանգստացնող հայացքով ։
Աստվածային հմայիլի և սրբազան գայիսոնի այդչափ մոտիկությունից խաղաղված օպտիմատները կախարդվածի պես նահանջեցին ՝ հրելով միմյանց ։ Մի քանիսը ծնկի եկան ու համբուրեցին քրմապետական սուրբ մաշիկները ։
— Արդար չէ որոշումդ, Կեսա ՛ ր,— ասացին նրանք ՝ առանց զայրույթի ու ցածրաձայն ։— Հարբեցողի որդին արժանի ՛ չէ նման բարձր պատվի ։— Հանգի ՛ ստ թող Կատոնին ։
Ամբոխը սսկվել ու սպասում էր նրա վճռին ։ Կեսարը լուռ նայեց նրանց, ապա ասաց կարեկցանքով.
— Գնացեք խաղաղությամբ, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ինքներդ եք ցանկանում ։
Պրետորի խոսքերից գոհացած ՝ քվիրիտները մի ակնթարթում ազատեցին հրապարակը և հաղթականորեն դիմեցին դեպի կուրիա, ճանապարհին անվերջ ծանակելով Պոմպեոսին ։
— Անկարծիք, բո ՛ ւթ խաժամուժ,— քամահրանքով նետեց Ռուֆիոնը հեռացողների ետևից,— որ չես զանազանում հիմարացումը հաղթանակից ։