հուսալով, որ նա հաշվի կառնի իրեն մատուցած օժանդակությունը ։ Բոլոր այս խորհուրդներն անընդունելի էին Կեսարի համար, քանի որ ոչ մի կերպ չէր ցանկանում կորցնել տառապանքով ու արյամբ նվաճած դիրքն ու հեղինակությունը ։ Ամեն ինչ նորից սկսելու ժամանակ ու հնարավորություն իրեն այլևս չէր տրվի, և նա վճռեց մնալ քաղաքում, ինչ հետևանք էլ դա ունենար ։ Հեռանալը նա ամենևին փրկություն չէր համարում, քանի որ չարաբաստիկ այդ միջադեպից հետո Կատոնի և Պոմպեոսի դաշինքը դառնում էր հավանական, ու եթե այն կայանար, ինքն այլևս չէր տեսնի Հռոմը ։ Երբ Օպիոսը լուր բերեց, որ Գայոս Անտոնիոսը և Ահենոբարբը, Կատոնից գաղտնի, բանագնաց են ուղարկել Պոմպեոսի մոտ, և իմպերատորը ընդունել է նրանց ամենայն պատշաճությամբ ՝ նրան իր վիճակը պատկերացավ անողոք պարզությամբ ։ Նրա հոգին բզկտվում էր ծանր մտքերից ու ճնշող զգացումներից, չգիտեր ՝ ինչ աներ և, ընդհանրապես, ամեն գործ նրան թվում էր անիմաստ ։ Ոչինչ մոռացնել չէր կարող իր վիճակի անհուսալիությունը, և նա, ուրվականի նման մռայլ ու դժգույն, օրերով մնում էր փակված իր սենյակում ՝ առանց որևէ մտքի ։ Բայց, որքան էլ տարօրինակ էր, նա չէր մեղադրում իրեն հաճույքի ժամերի պատճառով նման անմխիթար վիճակում հայտնվելու համար. գիտեր, որ վաղ, թե ուշ ՝ ճակատագիրը հատուցում է պահանջելու բազում սիրային վտանգավոր կապերի համար, և հոգու խորքում նույնիսկ պատրաստ էր դրան, բայց որ դա տեղի կունենար բախտորոշ այսպիսի պահի և կհայտնվեր նման անելանելի դրության մեջ, երբ կորուստը մեծ էր, իսկ վտանգը ՝ ահռելի, նա երբեք պատկերացնել չէր կարող ։ Նրան զարմացնում էր կումիցիայում տարած հաղթանակի և գաղտնիքի բացահայտման զուգադիպությունը ։ Այդ միտքը հանգիստ չէր տալիս նրան ։ Հետզհետե նա գալիս էր այն համոզման, որ դա Կատոնի արածն է, և որ պրինցեպսը վաղուց տեղյակ է եղել իր և Մուցիայի կապին ու սպասել է հարմար պահի ՝ այն բացահայտելու համար ։
Տրտմության և տառապանքի բազում օրերից հետո նրա վարքում կտրուկ փոփոխություն նկատվեց. առավոտից նա անմնացորդ տրվում էր խնջույքներին ՝ չանսալով ո ՛ չ բժշկի զգուշացումներին, ո ՛ չ մոր թախանձանքներին, և խմում էր ինքնամոռացության աստիճան, կարծես նրան այլևս չէր անհանգստացնում իրեն սպառնացող վտանգը ։ Բայց դա մահվան մտքի հետ հաշտված մահապարտի ուրախություն էր, և Ավրելիան, որ հասկանում էր այդ ամենը, լուռ տանջվում էր ու տառապում ։
Մագնիան ափ իջավ նոյեմբերյան կալենդներին ։ Նույն այդ օրը կեսգիշերին մոտ ծառաներն Ափրոկլեսին հանեցին քնից ՝ ասելով, թե տերն անհապաղ ուզում է տեսնել իրեն ։ Տասն օրից ավելի պատրոնը նրան խոսքի չէր արժանացրել, և լուրջ փոփոխություն կանխագուշակելով ՝ ազատարձակը շտապ հագնվեց ու մեկ րոպեից տաբիլինում էր ։ Տիրոջը նա գտավ սեղանի մոտ նստած, մազերը ՝ խռիվ, անքնությունից, թե գինովությունից մթին պարկեր էին հայտնվել դեմքին, բայց աչքերը փայլում էին անսովոր կրակով ։ Ափրոկլեսը ձգվեց ՝ պատրաստ ամեն փորձության ։
— Շտապի ՛ ր Ռուֆիոնի մոտ,— ավելի շուտ խնդրեց, քան հրամայեց Կեսարը,— և հաղորդիր նրան, որ իրեն սպասում եմ անհամբեր ։
Ափրոկլեսը գլուխ տվեց և կամենում էր դուրս գալ, երբ լսեց թիկունքից.— Կառք վերցրո ՛ ւ և ծառաներ ։ Թե նրան տանը չգտնես, գնա ՛ Պրեցիայի մոտ ։