Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 152

զինակիցները, պոպուլյարները, Կատոնի կոշտ վարքից դժգոհ որոշ օպտիմատներ, գալլական ցեղապետեր, որոնց սենատը կրկին խաբել ու քաղաքացիություն չէր շնորհել ։ Նեպոտը շշմել էր հանկարծահաս հաջողությունից և այժմ, բավականաչափ աջակիցներ ունենալով, ձեռնամուխ եղավ գլխավոր խնդրին, որի համար ժամանել էր քաղաք ։ Նա կումիցիա [ 49 ] հրավիրեց ՝ նպատակ ունենալով Պոնտոսում պատերազմն ավարտած իմպերատորին թույլատրել բանակի հետ հայրենիք վերադառնալ ։ Կատոնը լավ հասկանում էր, թե ինչ վտանգ է թաքնված դրա տակ, սակայն նրա ջանքերը ապարդյուն եղան. ժողովուրդը բավարարեց տրիբունի պահանջը, և Մագնիան վերադառնալու էր ո ՛ չ թե որպես մասնավոր անձ, այլ իբրև գործող բանակի հրամանատար ։ Բայց պրինցեպսը հեշտ պարտվողներից չէր և չէր կարող հանգիստ նայել, թե ինչպես են ցնծում հակառակորդ ճամբարում. նա գտավ, որ իսկը ժամն է ՝ քանդելու գաղտնիքների կծիկը...
Երեկոյան, երբ խիստ գինովցած Մետելլոսը վերադառնում էր խնջույքից ՝ Արգիլետի մոտ նրա ուղին կտրեց սապատավոր մի ծերունի և պատգարակն առաջնորդող ստրուկին պարզելով մի գրություն ՝ խնդրեց այն հանձնել տրիբունին, ասելով, թե խիստ կարևոր լուր է բերել նրա համար ։ Ստրուկը, նրան խելապակասի տեղ ընդունելով, կոպտորեն հրեց ճանապարհից ։ Ծերունին համառում էր, և աղմուկից արթնացած Նեպոտը կարգադրեց նրան իր մոտ բերել ։ Սա մոտեցավ անհամարձակ ու տրիբունին պարզեց մոմած տախտակի մի կտոր ։ Նեպոտը մոտ կանչեց ջահակիրներին և, կարդալով գրությունը, մռնչաց ցասումից ու կարգադրեց դաժանորեն գանահարել ծերունուն, բայց նա չքվել էր ։ Հետո տրիբունը հրամայեց իրեն տանել Կարինք ՝ քրոջ մոտ ։ Ծանր մտքեր էին տանջում նրան ճանապարհին ։ Սրտանց կուզենար այդ ամենը կեղծիք լիներ, Ֆակտիոի հերթական զրպարտանք ։ Երբ տեղ հասավ, Պոմպեոսի տան բոլոր ճրագները մարած էին ։ Ոտքի հանելով դռնապաններին ու անգթորեն ծեծելով նրանց, պահանջեց հայտնել, թե ով կա տիրուհու մոտ ։ Ստրուկները, որ լավ էին ճանաչում տրիբունին, միմյանց հերթ չտալով, խոստովանեցին, որ մեկ ժամ առաջ եկել է Գայոս Կեսարը և որ նա տիրուհուն այցելում է արդեն երրորդ տարին ։ Ապա ընկան նրա ոտքերը և, նրա մաշիկները համբուրելով, աղերսեցին խնայել իրենց, քանի որ իրենք ոչ մի մեղք չունեն և թե վաղուց մտադիր էին գրել իմպերատորին, բայց վախենում էին արժանանալ տիրուհու զայրույթին...
Անակնկալ այս միջադեպից հետո Կեսարը երկար ժամանակ չէր գտնում իրեն ։ Մի ակնթարթում նա Մագնիայի մերձավոր բարեկամից դարձավ նրա ամենաոխերիմ թշնամին ։
Բոլոր նրանք, ովքեր գժտված էին Պոմպեոսի հետ և հույս ունեին Կեսարի միջնորդությամբ շահել իմպերատորի բարեհաճությունը ՝ խուճապի մատնվեցին. ոմանք մեկնեցին հյուսիս, առավել զգուշավորները լքեցին Իտալիան ։ Երբ լուր եկավ, որ Մագնիան անցել է Հունաստանը և շուտով ափ կիջնի Բրունդիզիոնում, ընտանիքի հետ հեռացավ նաև Կրասոսը ։
Մտերիմները նրան խորհուրդ էին տալիս հեռանալ քաղաքից ։ Պոլիոնը պատրաստ էր նրան տրամադրել Աստուրիայի իր ամառանոցը, որտեղից վտանգի դեպքում առանց դժվարության կարելի էր անցնել Մավրիտանիա ։ Մումերկոսը համոզում էր մեկնել Աֆրիկա, ուր փոխկուսակալ էր իր եղբայր Փաննիոսը ։ Ուրիշներն առաջարկում էին մեկնել Բրունդիզիոն և այնտեղ դիմավորել իմպերատորին ՝