Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 151

ուժով գրավելու բազում առաջարկներին և Նեպոտին գործուղել էր՝ բարերար կարծիք ստեղծելու իր անվան շուրջ, որպեսզի վերադառնալով, առանց դժվարության զբաղեցներ բարձրագույն պաշտոններից որևէ մեկը։ Կեսարը լրջորեն չէր վերաբերվում ո՛չ Մագնիային աջակցող խմբերի գործունեությանը, ո՛չ էլ նրա լեգատի ձեռնարկումներին, քանի որ այլևս հույս չուներ, թե նա կընդվզի սենատի դեմ։ Բայց և գիտակցում էր, որ եթե կամ մի ուժ, ի վիճակի՝ վերացնելու ֆակտիոն, Պոմպեոսն է՝ իր մեծաքանակ բանակով։ Եվ նա անհրաժեշտ էր համարում ամեն գնով խանգարել Պոմպեոսի և Կատոնի մերձեցմանը։ Այս խորհերով էր տարված, երբ բանբեր եկավ Մուցիայից. սիրուհին հայտնում էր, թե եղբայրը կամենում է տեսնել իրեն։ Նեպոտը մտադիր էր որոշ բարեփոխումներ անել նախքան իմպերատորի վերադարձը, և այդ նպատակով ցանկանում էր ընտրվել ժողովրդական տրիբունի պաշտոնում։ Տեղյակ լինելով, որ քրմապետն իր թեկնածությունն է առաջադրելու պրետորի պաշտոնի համար, նա առաջարկում էր օժանդակել մեկմեկու և ապահովել համախոհների ու կլիենտների քվեները։ Կեսարը չհամաձայնելու ոչ մի պատճառ չէր տեսնում, ավելին՝ այդ կերպ դյուրությամբ կընտրվեր պրետորի պաշտոնում, և հետո, մտերմություն անելով իր հետ, Պոմպեոսի մարդիկ ինքնըստինքյան հակադրվում էին Ֆակտիոին։ Բացի այդ, ինքը տեղյակ կլիներ իմպերատորի բոլոր ձեռնարկումներին։ Ընտրություններն անցան երկուստեք բարեհաջող։ Սակայն Կատոնը, որ լրտեսների միջոցով հետևում էր նրանց ամեն քայլին, նրանց գործողությունները սահմափակելու նպատակով հաջողեցրեց Բիբուլոսի պրետուրան [48] , իսկ ինքը դարձավ Նեպոտի պաշտոնակիցը։ Կրասոսը ոչ մի կերպ լսել չէր ուզում Մագնիայի հետ համագործակցության մասին, որքան էլ իմպերատորի ուժերով Ֆակտիոն տապալելու Կեսարի փաստարկները նրան համոզիչ էին թվում։ Նա Ֆակտիոին նեղելու այլ ուղի էր ընտրել, փորձելով սենատական վերնախավի դեմ գրգռել հեծյալ դասին, որոնք ամիսներ առաջ վարձակալել էին ասիական պրովինցիաներից որոշ տարածքներ և այժմ, համոզվելով այդ հողերի անբերրիության մեջ, կամենում էին չեղյալ համարել պայմանագրերը կամ գոնե իջեցնել տոկոսի չափը, որի մասին Կատոնը լսել անգամ չէր ցանկանում։ Գործին չէր օգնել նաև Ցիցերոնի միջամտությունը, և Կրասոսը, հանձն առնելով հեծյալների պաշտպանությունը, Պոլիոնի և Կուրիոնի հետ օրինագիծ էր պատրաստում՝ սենատին ներկայացնելու համար։ Նա Կեսարին չէր խանգարում աջակցել Նեպոտին, թեև իմպերատորի բարձրացումը նրա սրտով չէր։ Ժողովրդին իրենց կողմը գրավելու համար հարկավոր էր համարձակ որևէ գործողության դիմել, և Կեսարը շարունակ Մետելլոսին համոզում էր օգտվելով ժողովրդական տրիբունի իր իրավունքից՝ գործ հարուցել Ցիցերոնի դեմ ու մեղադրել նրան հանրապետության քաղաքացիներին ապօրինաբար մահապատժի ենթարկելու մեջ։ Նորընտիր տրիբունն ամեն կերպ խուսափում էր հանդես գալ Ցիցերոնի դեմ, բայց Կեսարը հանգիստ չէր տալիս նրան՝ հավատացնելով, որ դա արվելու է ո՛չ թե Ցիցերոնին պատժելու, այլ Ֆակտիոից դժգոհ ուժերը միավորելու նպատակով, և որ, անկախ դատավարության արդյունքից, իրենք բազում աջակիցներ ձեռք կբերեն։ Եվ իսկապես, թեև Կատոնը շահեց դատը, Նեպոտի հեղինակությունը շեշտակի աճեց։ Նրա մոտ գալիս և իրենց օժանդակությունն էին առաջարկում անգամ հեռավոր մարզերից, նրա շուրջը սկսեցին համախմբվել Կատիլինայի ողջ մնացած