Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Página 150

վիճակն ավելի ծանրացավ, երբ նրան սկսեցին լքել բոլոր նրանք, ովքեր ապստամբներին միացել էին հարստություն ձեռք բերելու նպատակով և այժմ կորցրել էին հաջողության ամեն հույս։ Մնացյալ ջոկատները փրկելու նպատակով նա դժվարամատչելի լեռներով ու կիրճերով ուղղվեց դեպի Պիստորիայի մարզ՝ հուսալով այնտեղից աննկատ անցնել Գալլիա։ Բայց փախստականներից տեղեկացած լինելով նրա մտադրությանը՝ Անտոնիոսը գրություն էր հղել Ահենոբարբին, որ մեկ լեգեոնով ու մեծաթիվ հեծելազորով սահմանի վրա էր, խնդրելով փակել ապստամբների ուղին։ Ու երբ անասելի զրկանքներ կրելով Կատիլինայի ջոկատները վերջապես իջան լեռներից, և Գալլիան ընդամենը մի քանի մղոնի վրա էր, հետախույզները լուր բերին, որ սահմանը բռնված է լավ դիրքավորված հանրապետական զորքերով։ Ապստամբները հայտնվեցին աքցանի մեջ. թևերից լեռներ էին, առջևում և թիկունքում՝ թշնամին։ Պարենը սպառվում էր, ու կրկին լեռները բարձրանալ՝ կնշանակեր կամովին սովի մատնվել։ Այլ ելք չունենալով՝ ապստամբները մթան քողի տակ աննկատ շրջվեցին դեպի Անտոնիոսի լեգեոնները, որոնք այդ պահին գտնվում էին մի նեղ հովտում և զրկված էին գերակշիռ ուժերը միանգամից մարտի մեջ մտցնելու հնարավորությունից։ Բայց աստվածները չէին աջակցում նրանց, և որքան էլ կռվում անվեհեր էին ու քաջ, եռժամյա մարտից հետո ստիպված էին նահանջել։ Նկատելով այդ և երկյուղելով, որ մարտի լուրը կհասնի Ահենոբարբին, Կատիլինան համախմբեց երկու տասնյակ թեթևազեն ազնվատոհմիկների և թշնամու շարքերը ճեղքելով՝ մղվեց դեպի Անտոնիոսը՝ հուսալով սպանել կոնսուլին և խուճապի մատնել նրա բանակը։ Նրանք բոլորը հմուտ կռվողներ էին և գրեթե անկորուստ առաջացան երկու հարյուր կանգուն։ Բայց հետո շրջապատվեցին բոլոր կողմերից, նրանց շարքերը հետզհետե նոսրացան և անկարող լինելով այլևս դիմադրել՝ գերությունից խուսափելով՝ ինքնասպան եղան։ Կորցնելով առաջնորդին, ապստամբները նետեցին զենքերը և փախան դեպի լեռները։ Սակայն Ահենոբարբը փակել էր բոլոր ուղիները, և նրանցից քչերը փրկվեցին։ Այս հաղթության առթիվ սենատը հնգօրյա տոն հայտարարեց, ու թեև ամենուր խնջույքի սեղաններ էին գցված և հացաբաժանումը կրկնապատկվել էր՝ քաղաքն ամենևին ցնծության մեջ չէր։ Շատերն էին հարազատ կորցրել, և մեռելատներում մարդիկ հարց էին տալիս միմյանց, թե ինչու է կյանքը դաժանացել այսպես, ինչո՞ւ են խռովությունները հաջորդում իրար և ինչո՞ւ առաջներում ամեն ինչ հարթ էր ու հռոմեացին հռոմեացու արյուն չէր թափում։ Եվ կամա, թե ակամա գալիս էին այն մտքին, որ երկիրը նորեն կխաղաղվի, եթե իշխանությունն անցնի անսահմանափակ իրավունքներով օժտված ուժեղ մի մարդու։ Մեռելատներից այս խոսակցությունը փոխադրվեց ֆորում, բաղնիք և հասարակական մյուս վայրերը։ Ու ամենքը, սակավ բացառությամբ, հույսը կապում էին Պոմպեոսի հետ, որը և՛ հեղինակություն ուներ, և՛ բանակ, և՛ օտարերկրյա ծանոթություններ։ Եվ տարբեր խմբավորումներ, դասեր ու համքարություններ միմյանցից անկախ բանագնացներ ուղարկեցին Ասիա, ուր իմպերատորը՝ ջախջախելով հապճեպորեն հավաքված պոնտական բանակը, Միհրդատին գտնելու նպատակով մտել էր երկրի խորքերը։ Ի պատասխան այդ խնդրանքների շուտով Հայաստանից վերադարձավ Մետելլոս Նեպոտը՝ Պոմպեոսի աներորդին և սիրած լեգատը. աժդահա մի այր, որն Ասիա մեկնելուց առաջ սիրում էր ամբոխին զվարճացնել կրկեսի արենայում կատաղած նժույգներ սանձելով։ Մագնիան որոշակի ոչինչ չէր պատասխանել իշխանությունն