Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 147

Ոգևորվելով այս կանչերից ՝ Ցիցերոնի սաները ելան ծածկահարթակ, ու երբ սպառազեն վիգիլները փակեցին նրանց ճամփան, կռվի բռնվեցին ։ Ամբոխի միջից օգնության հասան նրանց, ոմանք ջանացին փողոցի սալաքարերը հանել ։
Զայրույթի վարակը խելահեղ գալարումներով տարածվում էր ամբոխի մեջ ։
— Տարբեր մտքեր են ծնվում իմ սրտում, հայր սենատորներ, երբ նայում եմ մեր գործերի վիճակին, և բոլորովին տարբեր ՝ երբ լսում եմ մեր սենատորների ելույթները ։— Կատոնը դիտավորյալ բարձրացրեց ձայնը, որպեսզի փողոցից եկող աղմուկը չզբաղեցներ ժողովականներին ։— Որքան կարողացա ըմբռնել մինչ այժմ ելույթ ունեցած հռետորները ջանում էին արժանի պատիժ գտնել հայրենիքի, ծնողների ու իրենց սրբությունների դեմ պատերազմ հրահրած հանցագործների համար ։ Այնինչ իրերի դրվածքը պահանջում է ավելի շատ խորհել ո ՛ չ թե նրանց պատժի, այլ մեր փրկության մասին ։ Ի ՞ նչ է, մի ՞ թե դուք արդեն Կատիլինիային համարում եք պարտված, մի ՞ թե արդեն մոռացել եք, որ նա բազմահազարանոց զորքով շարժվում է Քաղաքի վրա ։— Նա մի պահ դադար տվեց և մռայլ հայացքով չափեց դահլիճը ։— Քաղաքին կործանում է սպառնում, իսկ դուք կարողանո ՞ ւմ եք խոսել կարեկցանքի ու գթասրտության մասին ։ Արթնացե ՛ ք վերջապես նիրհից, արթնացե ՛ ք և եթե կամենում եք այսուհետ էլ պահպանել այն ամենը, ինչ թանկ է ձեզ համար, եթե կամենում եք այսուհետ էլ ազատ ժամերին ըմբոշխնել կյանքի քաղցրությունը ՝ արթնացե ՛ ք և ձեռնամուխ եղե ՛ ք հանրապետության գործերին, որոնք ահա սպասում են հոգատար ձեռքի ։
Նրա ձայնն ազդու էր, հայացքը ՝ խիստ, և սենատորները նրան լսում էին կախարդվածի պես ։
— Ճարտարորեն և մեծ հմտությամբ կառուցելով իր ճառը, Գայոս Կեսարը քիչ առաջ այստեղ դատողություններ էր անում կյանքի ու մահվան մասին, պնդելով, թե անմահ աստվածները մահը սահմանել են ոչ թե որպես պատիժ, այլ որպես բնության օրենք, որպես փրկություն դժբախտությունից կամ էլ հանգիստ ՝ երկարատև աշխատանքից հետո ։ Ինչ խոսք, դա այդպես է, և սա է պատճառը, որ խելացի մարդիկ մահն ընդունում են բավականին հանգիստ, իսկ խիզախները ՝ անգամ ուրախությամբ ։ Ելնելով սրանից, Կեսարն առաջարկում է հայրենադավներին փակել քաղաքների բանտերում, այս պատիժը համարելով ծանր ՝ մահվան դատապարտումից ։ Բայց ինչո ՞ ւ, հա ՛ յր սենատորներ, նա չառաջարկեց նրանց փակել հենց այստեղ ՝ Հռոմում ։ Ինչո ՞ ւ ոչ մեկդ նրան չտվեցիք այդ հարցը ։ Նա լավ գիտի, որ այդ դեպքում չէիք համաձայնի նրա հետ, քանի որ ոչ ոք չի կարող վստահ լինել, թե ազատության մեջ գտնվող նրանց համախոհները կամ կաշառված ամբոխը ուժով չեն ազատի նրանց ։ Իսկ ի ՞ նչ է, հիմար կամ հանցագործ մարդիկ միայն Հռոմո ՞ ւմ կան. հայտնի բան է ՝ որտեղ թույլ է հսկողությունը, այնտեղ լկտիությունն ավելի է տարածված ։ Թե ՞ նա չի վախենում դրանից ։ Եթե չի վախենում, եթե համատարած այս սարսափի պայմաններում նա չի վախենում, ապա ես անհանգստանալու ավելի մեծ հիմքեր ունեմ իմ և ձեր վաղվա օրվա համար ։
Դահլիճով անհանգստության ալիք անցավ. դավադիրների հետ Կեսարի հնարավոր համագործակցության մասին ակնարկը, մանավանդ նրա ելույթից հետո, շատերին հանկարծ թվաց հավանական ։