Կրքերը շարունակում էին եռալ, նիստը դառնում էր անկառավարելի ։ Նրանք, ովքեր սկզբում չէին համարձակվում բացեիբաց պաշտպանել դավադիրներին, աշխուժացել և դա անում էին Կեսարի առաջարկի պաշտպանության քողի տակ ։ Դահլիճի ընդհանուր տրամադրությունն այնպիսին էր, որ եթե Կեսարի առաջարկը դրվեր քվեարկման, պաշտպանություն կգտներ մեծամասնության կողմից, ինչը Ֆակտիոի սրտով չէր ։ Նրանք խոժոռված միմյանց էին նայում, ապա կոնսուլին նշաններով հասկացրին ելույթ ունենալ Կեսարի դեմ ։ Բայց հազիվ էր նա սկսել խոսքը, երբ Մումերկոսը պատանու ճարպկությամբ թռավ տեղից և, ձեռքերը դահլիճի վրա տարածելով, գոչեց ամբողջ ուժով.
— Չեմ ճանաչում այսօր ձեզ, հա ՛ յր սենատորներ, այդ երբվանի ՞ ց դուք սկսեցիք հանդուրժել մեր սուրբ օրենքների ոտնահարումը. չէ ՞ որ Տասներկու տախտակների օրենքը, որ ի տես ամենքի կախված է Ֆորումում, պարզ ասում է ՝ նախագահողն իրավունք չունի ազդել կողմերից ոչ մեկի վրա ։
— Մումերկոսը ճիշտ է, Մումերկոսը ճիշտ է,— բացականչեցին այս ու այն կողմից օրինապաշտ հռոմեացիք, որոնց վրդովեցրել էր կոնսուլի արարքը, և չհանդարտվեցին, մինչև նա չհեռացավ ռոստրայից ։
— Հեծյալին սաստեցինք,— ասաց Մումերկոսը ՝ ինքն իրենց գոհ, ապա, մռայվելով, շարունակեց,— բայց Կատոնին խանգարել չենք կարող ։ Իսկ նա հիմա կանի այն, ինչ չհասցրեց նրա մանկլավիկը ։
Եվ իսկապես, Մումերկոսը չէր ավարտել խոսքը, երբ ռոստրայի մոտ երևաց Կատոնը ՝ գունատ, դժգոհ դեմքով ։
Մինչ մունետիկները կլռեցնեին ժողովականներին, Պիզոնն աննկատ ելավ դահլիճից ։ Կուրիայի հրապարակում խմբված բազմության հարցին, թե ինչ աղմուկ է, նա ձեռքերը վեր պարզելով պատասխանեց բարձրաձայն, թե Կեսարը սենատին պարտադրում է ներում շնորհել քաղաքն այրել ծրագրած հայրենադավներին ։ Ամբոխը, որին այնքան էլ չէին ոգևորում Կատիլինիայի ձեռնարկումները, փոթորկվեց, ինչպես ծովն է ալեկոծվում հանկարծահաս պտտահողմից, և ձայներ լսվեցին, թե Կեսարն անազնվորեն չարաշահում է ժողովրդի վստահությունը ։ Երևի թե հուզումն աստիճանաբար մարեր, եթե Պիզոնի մարդիկ, որ անհամբերությամբ սպասում էին պատրոնի նշանին, չսկսեին այստեղ-այնտեղ փսփսալ, թե Կեսարն ինքն է դավադիրներին համոզել հրդեհել քաղաքը, որպեսզի, խառնաշփոթի մեջ սպանելով Ցիցերոնին, գրավի կոնսուլի պաշտոնը ։ Երբ այս լուրը հասավ Ցիցերոնի սաներին, նրանք լցվեցին անհուն ցասումով և հավաքվածներին հրմշտելով, դիմեցին դեպի տաճարի մուտքը ։ Աստիճաններին ելնելով ՝ աղաղակեցին բարձրաձայն ու պահանջեցին անհապաղ դատաստան տեսնել հայրենադավ սենատորի հետ ։ Ամբոխը, որ Կեսարին պարտական էր անհամար նվիրատվությունների համար, մոլորվել էր ու չգիտեր ՝ աջակցե ՞ ր Ցիցերոնի սաներին, թե ՞ ոչ ։ Իսկ Պիզոնի մարդիկ անընդհատ գրգռում էին նրանց, քաջալերում էին կոնսուլի սաներին, կանչում էին բազմության միջից.
— Մա ՛ հ Կեսարին, մա ՛ հ դավաճանին ։— Նա ՛ է պատճառը բոլոր դժբախտությունների ։— Մա ՛ հ նրան, մա ՛ հ ։