Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 145

Դահլիճով հավանության ալիք անցավ։ — Նման վտանգ ես չեմ ակնկալում Մարկոս Ցիցերոնից, ոչ էլ մեր ժամանակներից, բայց եկեք չմոռանանք, որ անմահ աստվածները մեր ժողովրդին օժտել են վեհ մտածողությամբ. մեզանից յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, իսկ դրանք խիստ տարբերվում են միմյանցից։ Մեկ այլ ժամանակ, մեկ այլ կոնսուլի օրոք, որը ձեռքի տակ ունենար այսչափ զորք, կեղծիքին կարող էին հավատալ որպես ճշմարտություն, և եթե սենատի որոշմամբ կոնսուլը մերկացներ սուրը, ապա ո՞վ ցույց կտար նրան սահմանը, ո՞վ կսահմանակափեր նրա արարքները։ — Կեսարը ճիշտ է,— կանչեցին դահլիճից,— մենք իրավունք չունենք խախտել օրենքը։ Հետո աղմուկն այնպես սաստկացավ, որ մունետիկները երկար ժամանակ չէին կարողանում հանդարտեցնել հայրերին։ Իսկ Կեսարը, ձայնը բարձրացնելով, շարունակեց. — Մեր նախնիները, հայր սենատորներ, որ երբեք չեն զգացել ո՛չ քաջության, ո՛չ հպարտության, ո՛չ ողջամտության պակաս՝ հարմար են գտել դատապարտյալին չմեռցնել, այլ ընդունել են օրենքներ, որոնք մեծատոհմիկի համար պատիժ են սահմանում աքսորը և տաժանակրությունը։ Սա է, իմ կարծիքով, այն հիմնական պատճառը, որը մեզ չի թույլատրում ընդունել Սիլանոսի առաջարկությունը։ — Իմ ելույթից թող այն կարծիքը չստեղծվի, իբր ես դավադիրներին ազատելու կոչ եմ անում։ Ոչ, ամենևին ոչ։ Ես առաջարկում եմ բռնագրավել նրանց ունեցվածքը, նրանց շղթայակապ պահել ամուր բերդեր ունեցող քաղաքներում՝ մինչև ապստամբության վերջնական ճնշումը։ Համոզված եմ, այդ ընթացքում հայտնի կդառնան ավելի շատ մանրամասներ, և ոչինչ մեզ չի խանգարի խաղաղ պայմաններում, առանց ավելորդ շտապողականության որոշելու նրանցից յուրաքանչյուրի բախտը։ — Կարծում ես մի բան կստացվի՞,— հարցրեց նա Մումերկոսին՝ վերադառնալով իր տեղը։ — Միայն թե հաջողվի հետաձգել պատժի իրականացումը,— գլուխն օրորելով արտաբերեց ծերունազարդ սենատորը, ապա ավելացրեց թունոտ,— անիծյալներ, ինչպես խանգարեցին Կրասոսին։ Իսկ այդ նույն ժամանակ դահլիճում մտքերի աշխույժ փոխանակություն էր սկսվել։ Կեսարի առաջարկը շատերը համարում էին մարդասիրական և ընդունելի, սակավ ձայներ պաշտպանում էին Սիլանոսին։ Մումերկոսը ևս ձայն խնդրեց, բայց Սիլանոսը, օգտվելով իր արտոնություններից, հերթ չտվեց նրան և, մոտենալով ռոստրային, հայտարարեց, որ հրաժարվում է իր առաջարկից և պաշտպանում Կեսարին։ Նրա այս խոսքերից դահլիճը փոթորկվեց, ոմանք ծափահարում էին, մյուսները սպառնում էին Սիլանոսին, նախագահողին չենթարկվելով՝ խոսում էին տեղերից, շարքերում վիճում էին միմյանց հետ, բռունցքով հարվածում նստարաններին։ Համատարած ժխորի մեջ հուժկու մի ձայն կանչեց, որ եթե կասկած է հարուցում քաղաքների՝ ուր առաջարկվում է տեղավորել դավադիրներին, բերդականների վստահելիությունը, թող այդ քաղաքներն ընտրի կոնսուլն իր հայեցողությամբ։