կոտորել գերի ընկած հռոդոսցիներին, դրանով նրանք աստվածների և մյուս ժողովուրդների մոտ այն կարծիքը կստեղծեին, թե իրենք կռիվը սկսել են ամենևին ո ՛ չ հռոդոսցիների հարստություններին տիրելու, այլ սոսկ անհնազանդներին պատժելու նպատակով ։ Բայց նրանք չվարվեցին այնպես, ինչպես կուզենային, այլ վարվեցին այնպես, ինչպես արժանի էր Հռոմուլոսի իսկական հետնորդներին. մեր նախնիները բաց թողեցին գերիներին, քանի որ իրենց բարի անունը գերադասելի էր ամեն տեսակ ձգտումից ։ Եվ սա է պատճառը, որ հեռավոր այդ կղզու բնակիչները ավելի քան հարյուր տարի ապրում են մեզ հետ հաշտ ու համերաշխ ։ Ահա այդպես պիտի վարվենք նաև մենք, հայր սենատորներ, և դավադիրների գործած հանցանքն այժմ մեր աչքին չպիտի երևա ավելի բարձր մեր հեղինակության հանդեպ ունեցած հոգածությունից, քանի որ առժամանակ հետո, երբ անցնի այսօր մեզ համակած ատելությունը, մեր խիղճը կտանջի մեզ անարդար որոշման համար ։ Մյուս կողմից, ամենքիդ պարզ է, որ սենատը դատարան չէ, և որ մահապատիժ սահմանելու իրավունք ունի միայն ու միայն կուրուալային ժողովը ։ Եթե սենատը համարի, որ կարելի է գտնել նրանց գործած հանցանքին արժանի այլ պատիժ, ես պատրաստ եմ հավանություն տալ նրա բոլոր առաջարկներին ։ Սակայն, եթե դավադիրների հանցանքի ծանրությունը գերազանցում է այն ամենը, ինչ կարելի է պատկերացնել, այդ դեպքում ես առաջարկում եմ նրանց պատժել ՝ կիրառելով օրենքով նախատեսված պատիժները ։ Իսկ օրենքը, մեծարգո հայրեր, կրկնում եմ, սենատին չի թույլատրում մահապատիժ սահմանել ։
Սենատորները խորհրդանշանակ հայացքներ փոխանակեցին. զգացվում էր, որ նրանք համաձայն են քրմապետի հետ ։ Դա ոգևորեց Կեսարին և նա շարունակեց.
Եթե անհայտության մեջ ապրող մարդը չի կարողանում զսպել իրեն և որևէ զանցանք է գործում ՝ այդ մասին քչերն են իմանում ։ Նրա այդ արարքը մնում է անարձագանք ։ Բայց ահա բարձր իշխանությամբ օժտված անձնավորության յուրաքանչյուր քայլ հայտնի է դառնում ամենքին ։ Որքան բարձր է մարդու դիրքը հասարակության մեջ, այնքան նա զրկված է գործելու ազատությունից ։ Այդպիսի անձը պետական կարևորություն ունեցող որոշում կայացնելիս իրավունք չունի տրվել հույզերին ՝ ո ՛ չ ատելությանը, ո ՛ չ բարությանը, ո ՛ չ էլ խղճահարությանը, քանի որ այն, ինչը հասարակ մարդկանց մոտ կոչվում է անզսպվածություն, այս դեպքում ունի ուրիշ անուն ՝ դաժանություն և մեծամտություն ։ Անձամբ ես այն կարծիքին եմ, որ ոչ մի պատիժ ընդհանրապես չի քավի գործած մեղքը, բայց մարդիկ հնուց ի վեր սովոր են հիշել ոչ այնքան հանցանքը, որքան պատիժը, մանավանդ, եթե այն դաժան է թվում սովորականից ։
Դահլիճից հավանության ձայներ լսվեցին ։
— Ես համոզված եմ ՝ այն, ինչ քիչ առաջ ասաց մեծապատիվ Սիլանոսը ՝ քաջ ու վճռական այրը, ասաց ՝ ղեկավարվելով պետության հանդեպ ունեցած հոգածությամբ, և նրան այդ քայլին չի մղել ո ՛ չ ատելությունը, ո ՛ չ կողմնապահությունը. նրա զսպվածությունն ու անշահախնդրությունը հայտնի են ինձ ։ Ես չեմ համարում նաև, թե նրա առաջարկը դաժան է,— ի ՞ նչը կարող է դաժան լինել դավադիրների համար,— բայց այն իսկապես անհամատեղելի է մեր պետական օրենքների հետ ։ Իմ կարծիքով վախը կամ դավադիրների հակաօրինական արարքները միայն կարող էին դրդել նման առաջարկի ։ Վախի մասին այստեղ խոսելն ավելորդ է, քանի որ մեր կոնսուլի,— Կեսարը նայեց Ցիցերոնի կողմը ՝ անկարող քողարկել հեգնական