Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 142

Լենտուլոսից ։ Մունետիկները բարձրաձայն կարդացին դրանք, ապա անցան շարքերի միջով, որպեսզի սենատորները ճանաչեին դավադիրների կնիքները ։
Վկաների ունկնդրումը վերջապես ավարտվեց ։ Սկսվեց կարծիքների հարցումը ։ Ցիցերոնն առաջինը դիմեց գալիք տարվա համար ընտրված կոնսուլներին ։ Նրանցից Դեկիմոս Սիլանոսը նույնիսկ ռոստրային չմոտեցավ, այլ տեղից հայտարարեց, որ ինքը, որպես հայրենիքի բախտով մտահոգված այր, նախընտրում է մահապատիժ ։ Դահլիճը սսկվեց ։ Մյուս կոնսուլը մնաց նստած և ոչինչ չասաց. դա պաշտոնակցի հետ լիովին համամիտ լինելու նշան էր ։ Նույն կերպ վարվեցին նաև պրետորները, ժողովրդական տրիբունները, էդիլները ։ Այլ կարծիքներ չկային, և Ցիցերոնը մտադիր էր Սիլանոսի առաջարկը դնել քննարկման, երբ հետին շարքերից լսվեց հնչեղ մի ձայն.
— Հարցրո ՛ ւ, կոնսուլ ։
Ելույթ ունենալու Կեսարի ցանկությունն այնքան անսպասելի էր, որ դահլիճում սկիզբ առած շշուկը վայրկենապես մարեց ։
— Անխոհեմություն մի ՛ անի,— Մումերկոսը խիստ անհանգստացած բռնեց նրա ձեռքը ։— Սիրտս վկայում է ՝ ծուղակ է սա, և նրանք սպասում են մեր անզգույշ քայլին ։
— Բայց ես երբեք չեմ ների ինձ նրանց փրկելու վերջին հնարավորությունից չօգտվելու համար,— պատասխանեց Կեսարը կիսաձայն ու շարքերի միջով գնաց դեպի ռոստրան ։
Քաջալերող շշուկներ էին լսվում, սակայն եղան ձայներ, որ խառնակիչ անվանեցին նրան ։ Այնուամենայնիվ, դահլիճը շունչը պահած սպասում էր նրա ելույթին ։
— Մեծանուն Դեմոսթենեսը, հայր սենատորներ,— Կեսարը ձեռքերը տարածեց ամբիոնի վրայով և դահլիճին նայեց անհասցե մի հայացքով,— սաներից պահանջել էր իրենց ելույթներում ղեկավարվել ոչ թե անձնական թշնամանքով կամ թե քծնանքով, այլ արտահայտել այն, ինչը իրենք կհամարեն արդարացի և ճշմարիտ ։ Իմաստուն այս մտքին մենք անպայմանորեն պիտի հետևենք այժմ, երբ քննարկվում է պետական կարևորության այսպիսի մի հարց ։ Մենք պարտավոր ենք վերջնական որոշում կայացնելուց առաջ մոռանալ դավադիրների հանդեպ ունեցած մեր ատելությունը կամ թշնամանքը, քանի որ բանականության համար դժվար է զանազանել արդարն անարդարից, երբ հոգին պարուրված է թվածս զգացմունքներով ։ Եթե մենք անկեղծորեն կամենում ենք օգտակար լինել քննարկվող գործին, պետք է մի կողմ թողնենք մեր անձնական ցանկությունները, քանի որ, եթե ցանկությունը տիրում է մարմնին, հոգին անկարող է կողմնապահ չլինել ։
Նրան լսում էին համակ ուշադրությամբ ։
— Ինձ համար դժվար չէ, հա ՛ յր սենատորներ, օրինակներ բերել, թե ինչպես մեր ազգը ատելության կամ թե խղճահարության ազդեցության տակ ընդունել է մեզ ամենևին պատիվ չբերող որոշումներ ։ Բայց իմ կարծիքով ավելի տեղին կլինի հիշատակել, թե ինչպես մեր նախնիները, հակառակ իրենց ուժգին ցանկություններին, վարվել են ունկն դնելով անկողմնապահ բանականությանը ՝ դրանով բարձրացնելով իրենց հեղինակությունը բարեկամների ու թշնամիների մոտ ։ Մակեդոնական երրորդ պատերազմի ավարտից հետո, որը մղում էինք մեր հանդեպ թշնամորեն տրամադրված Պերսևս թագավորի դեմ, մեր նախնիները կարող էին