— Քո լրտեսները զուր հաց են փչացնում, և հարկավոր է նրանց բոլորին
խարազանել, որպեսզի հանձնարարություն կատարելու փոխարեն քարշ չգան
գինետներում. նրանք հայտնե՞լ են քեզ արդյոք այն մասին, որ Կեսարն այսօր
առավոտյան եղել է ինձ մոտ։
— Ահա՛ որ լսում եմ այդ մասին,— Կատոնն անկեղծորեն զարմացավ, իսկ Պիզոնը
հանկարծակի եկած՝ վեր թռավ բազմոցից։ Մի պահ նրանք կոնսուլին նայեցին
անբացատրելի մի հայացքով, որի մեջ թերահավատությունը խառնված էր
անհանգստության հետ, և հարցրին միաբերան.
— ԵՎ ի՞նչն էր նրան բերել քեզ մոտ։
— Այն, ինչ հիմա կասեմ ձեզ, կհարուցի ձեր զարմանքը և չեք հավատա, ինչպես
չհավատացի ես՝ լսելով նրան,— կոնսուլը մոտ գնաց հյուրերին։— Նա եկել էր
զգուշացնելու նախապատրաստվող խռովության մասին։
Սա իսկապես անհավատալի էր, և հյուրերը զարմանքից ջղաձգվելով՝ նայեցին
միմյանց։
— Սկզբում կարծեցի, թե դա հերթական խաղ է, և նա կամենում է շփոթության մեջ
գցել ինձ, բայց հազիվ էր հեռացել, երբ եկավ Կուրիոսի սիրուհին։
— Նա երևի գժտվել է Սերգիուսի հետ,— Պիզոնը փորձեց հասկանալ քրմապետի
տարօրինակ քայլի պատճառը,— այլապես ի՞նչն էր նրան դրդել մատնության։
Թերևս, այդպես է, որ կա։ Վերջին անգամ նա Կատիլինայի հետ տեսնվել է նրա
մեկնումի օրը։ Օպիոսի հետ նա եղել է Սերգիոսի մոտ. երկար չեն մնացել այնտեղ,
բաժանվել են մռայլված ու երկար ժամանակ անմիտ թրև եկել Քաղաքում։ Հետո
ամբողջ երեք օր Կեսարը դուրս չի եկել տնից։
Կատոնը գլուխն ափերի մեջ առած՝ խորհում էր, և դա լրջորեն անհանգստացնում էր
կոնսուլին. նա երկյուղում էր, թե աչալուրջ պրինցեպսը կուլ չի տա խայծը։
Մի քանի րոպե լռություն տիրեց, որը խախտեց Կատոնը՝ հարցնելով.
— Բայց չէ՞ որ նա ոչինչ ապացուցել չի կարող, եթե դու ժխտես, որ հանդիպել ես
նրան։
— Օ՜, գերապատիվ պրինցե՛պս, եթե այդպե՜ս լիներ,— Ցիցերոնը ողբերգակ
դերասանի նման դեմքին տառապանք հաղորդեց ու գլուխն օրորեց դառնությամբ։—
Նա խորամանկ է՝ աղվեսի պես և աչալուրջ՝ ինչպես բորենին. նա զրկել է մեզ
այդպիսի բավականությունից, քանի որ, ի մեծ տխրություն մեզ, նա վկա ունի. նրան
ուղեկցում էր Մարկոս Անտոնիոսը։
Կեսարի մտերիմ ընկերոջ անունը լսելով, հյուրերը խոժոռվեցին, իսկ Ցիցերոնը
շտապեց շեղել նրանց ուշադրությունը, քանի դեռ չէին հասցրել ուշքի գալ։
— Ես հասկանում եմ ձեր վրդովմունքը, մեծարգո՛ հայրեր, և վրդովված եմ
հավասարապես։ Ձեր մեջ խոսում է վրեժխնդրությունը՝ վեհ և սուրբ մի զգացում, բայց
Քաղաքին համակած անօրինակ խառնաշփոթի մեջ մոռանում եք ամենագլխավոր
վտանգը, որ կարող է վաղը նոր անախորժություններ պատճառել մեզ։
Հյուրերը կիտված հոնքերի տակից նայում էին նրան։