« Բայց ինչո ՞ ւ ես պիտի ուղղեմ այն »,— ակամա մտածեց կոնսուլը և զգալով, որ իրեն քաշում են նենգ խաղի մեջ ՝ օգնության կանչեց բոլոր աստվածներին ։
— Բայց նա քրմապետ է. մի ՞ թե չեք երկյուղում բարձրյալների զայրույթից,— Ցիցերոնը մի հուսահատ փորձ արեց ազդել հյուրերի վրա ։
Սակայն աստվածներին վկայակոչելն ամենևին ներգործություն չունեցավ, և Կատոնը, ելնելով բազմոցից, ասաց վճռականորեն.
— Եթե վաղը նա մեղադրվի դավադիրներին աջակցելու մեջ ՝ ոչինչ չի փրկի նրան խուսափել պատժից ։
Ցիցերոնին սառը քրտինք պատեց ։ Իր վիճակը նրան պատկերանում էր անողոք պարզությամբ. եթե ընդառաջեր հյուրերին և մեղադրանք ներկայացներ քրմապետի դեմ, կարժանանար ամբոխի զայրույթին, որից նա երկյուղում էր դավադիրներից առավել ։ Եթե հրաժարվեր... Եվ նա ցավով գիտակցեց, որ զրկված է այդ հնարավորությունից ։ Ֆակտիոին պաշտպանելով ՝ գժտվել էր Լուկուլլոսի, Կատիլինայի, Մումերկոսի, Կրասոսի և այլոց հետ, ու սոսկումով մտածեց, թե ինչ կլինի իր վիճակը, եթե սենատական վերնախավը երես թեքի իրենից ։ Քաջարի և սառնասիրտ մարդ չլինելով ՝ նա մոլորվել էր լարումից, նա չէր նայում հյուրերի կողմը, որոնք արտաքուստ ձևացնում են, թե եկել են խնդրանքով, բայց իրականում սպառնում են, լավ իմանալով, որ մերժումն իր համար հավասարազոր է կործանման ։
Եվ նա անիծեց այն օրը, երբ ինքը ՝ դժոխային այս քաղաքում հայտնված անփորձ ու անօթևան սկսնակ հռետորը, ընկավ Կատոնի որոգայթը ։
Նա օգնության կանչեց նաև բոլոր սրբերին, անտառների ու դաշտերի ոգիներին, իր նախնիների ուրվականներին և աղերսեց փրկության ուղի ցույց տալ իրեն ։
— Բոլորովին պետք չէ անհանգստանալ,— Կատոնը լավ էր ճանաչում կոնսուլին և նրա աչքից չէր վրիպել նրան համակած հուզմունքը,— իմ մարդիկ բռնել են ոմն Տարկվինիոսի ՝ պլեբեյական տներից, որը գրություն էր բերում Կատիլինայից ։ Ուրեմն, այդ Տարկվինիոսը մորթապաշտի մեկն է և խաչվելուց խուսափելու համար պատրաստ է ամեն ստորության ։ Ես անձամբ քննել եմ նրան, և նա համաձայն է վաղը ցուցմունք տալ սենատին, որ Կեսարից բազմաթիվ անգամ քաջալերող գրություններ է տարել Կատիլինային ։
Պիզոնը խորհրդանշական գլխով արեց, որ նշանակում էր, թե միջոցն այս քննարկվել է վերնախավի կողմից ամենայն մանրամասնությամբ և հավանության արժանացել ։
— Նրա խոսքերը վստահություն կներշնչեն, և շատերը կհավատան նրան, քանի որ Կեսարը մտերիմ էր Սերգիուսին ։ Քեզ մնում է պաշտպանել Տարկվինիոսին ։ Ամեն ինչ կընթանա բարեհաջող, երկյուղելու հարկ չկա ։ Կեսարին շատերն են կասկածում, իսկ ես նույնիսկ համոզված եմ, որ նա դավադիրների հետ է, թեև, պիտի խոստովանեմ, նա գործում է շատ զգույշ. իմ մարդիկ հետևում են զօր ու գիշեր, բայց կասկածելի ոչինչ չեն նկատել ։
Ցիցերոնի դեմքը մի պահ լուսավորվեց հրճվանքի ճառագայթներով, ինչպես հրճվում է նավաբեկությունից հետո անմարդաբնակ կղզում հայտնված մարդը ՝ օգնության եկող նավ տեսնելով, և նա, հայացքին նախկին մռայլությունը հաղորդելով, ասաց, ինքն իր հնարամտությունից գոհ.