Հյուրերը միմյանց նայեցին, ապա Պիզոնն ասաց.
— Ի ՞ նչ խոսք, ոչ ոք այսօր չի կարող անտարբեր մնալ. հայրենիքն իսկապես վտանգված է, ինչպես երբեք, և բոլորը, ովքեր պատճառ են եղել խառնակության ՝ ամենայն խստությամբ պատասխան կտան օրենքի և աստվածների առաջ ։ Բավական է, որքան համբերեցինք, վաղը ևեթ հարկավոր է մահապատժի ենթարկել նրանց ։
— Կարծում եք հայրերը կպաշտպանե ՞ ն այդ միտքը,— հարցրեց կոնսուլը ։
— Կասկած լինել չի կարող,— պատասխանեց Պիզոնը ինքնավստահ տոնով,— մենք հասցրել ենք տեսնվել շատերի հետ ։ Բայց, թերևս, հարկ կլինի մի փոքր սարսափեցնել բոլոր նրանց, ովքեր լավ չեն պատկերացնում, թե ինչ տեղի կունենար, եթե դավադրությունը չբացահայտվեր ժամանակին ։ Եվ մեծանուն հռետորի համար, որպիսին Մարկոս Ցիցերոնն է,— Պիզոնի աչքերը փայլեցին և նրա դեմքին խորհրդանշանակ ժպիտ հայտնվեց,— պիտի որ մեծ դժվարություն չլինի անել այդ ։
Գովեստների սիրահար կոնսուլը մեկ ուրիշ անգամ կշոյվեր այս խոսքերից, բայց այժմ նա լրջորեն անհանգստացավ. գիշերային այս այցից սիրտը լավ բան չէր գուշակում ։ Լայն ճակատը կնճռոտելով, նա հայացքը Պիզոնից պրինցեպսին փոխադրեց, ջանալով կռահել այցի նպատակը ։ Կատոնը լուռ էր և անուրախ, ու Ցիցերոնը սոսկումով նկատեց, որ նա իրեն է նայում այնպիսի հայացքով, ինչպես նայում են զոհաբերության տարվող ցուլին ։ Կործանման սարսափ տիրեց նրան, նրա աչքերը մթագնեցին, և Պիզոնի ձայնը, որ շարունակում էր խոսել, նրան հասնում էր բազմաթիվ արձագանքներով ։
Մեր թշամիները, ոտնահարելով ամեն սրբություն, ժողովրդին գրգռում էին մեր դեմ, վարկաբեկում էին մեծատոհմիկ այրերին և սպառնում ոչնչացնել նրանց, ու մենք աններելի սխալված կլինենք, եթե այժմ խիստ չվարվենք և օգտվելով խառնաշփոթից ՝ չազատվենք նաև բոլոր նրանցից, ովքեր, ճիշտ է, անմիջականորեն կապված չեն դավադիրների հետ, բայց կանգնած են մեր ճանապարհին և անախորժություններ կպատճառեն մեզ վաղը ։
— Ու ՞ մ նկատի ունի հարգարժան Պիզոնը,— հարցրեց կոնսուլը ՝ ջանալով քողարկել իրեն համակած անհանգստությունը ։
— Այդպիսիք շատ են, բայց ես կառանձնացնեի Գայոս Կեսարին ։ Աստվածները նրանից ազատվելու բարենպաստ պայման են ստեղծել, և մենք իրավունք չունենք վարանելու ։ Մեկ անգամ ներողամիտ եղանք և սխալվեցինք չարաչար ։ Հիշո ՞ ւմ եք, երբ Լեպիդոսի խռովությունը ճնշվեց, ես առաջարկեցի ապստամբների հետ պատժել նաև Կատիլինային, սակայն ինձ մերժեցին, պատրվակելով, թե Սերգիուսը նվազ վտանգավոր է ։ Եվ ի ՞ նչ ստացվեց ։
« Ահա ՜, թե ինչ »,— ափով քրտնած ճակատը տրորելով, Ցիցերոնը քայլում էր սրահում ։ Ապա նա դարձավ դեպի Կատոնը և ասաց վրդովված.
— Դուք հիմա ինձ խնդրում եք անել այն, ինչ ես պահանջում էի երեք տարի առաջ, երբ նա մեծ հեղինակություն չուներ, և ամեն ինչ անհամեմատ հեշտ կլիներ ։
— Դա իմ վրիպումն է եղել,— խոստովանեց Կատոնը,— ես թերագնահատեցի նրան ։ Բայց երբեք ուշ չէ ՝ ուղղել սխալը ։