Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 135

սպանել Ցիցերոնին ։ Կուրիոսին դա չէր բավարարում, նա առաջարկում էր սպանել վստահություն չներշնչող բոլոր սենատորներին, ինչպես նաև մյուս դասերից որոշ երևելիների, մեծամասամբ նրանց, ում ինքը պարտք էր ։
Խորամանկորեն իմանալով հանրապետությանը սպառնացող աղետի մասին, Կուրիոսի տարփուհին շտապեց կոնսուլի մոտ և ամեն ինչ պատմեց նրան ։ Դավադիրների ջոկատները ձերբակալվեցին ՝ չհասցնելով այրել գոնե մեկ տուն ։ Ցիցերոնին սպանելու համար առանձնացված խումբը, որ պանդոկներից մեկում սպասում էր հրդեհի սկսվելուն, շրջապատվեց և կարճատև մարտից հետո անձնատուր եղավ ։ Լենտուլոսը դարանակալվեց իր տան մոտ և ձերբակալվեց զինակիցների հետ ։ Լուրջ ընդհարում եղավ միայն նավահանգստում, ուր Ցեպիոնն իր մարդկանցով սպասում էր Կատիլինայի բանբերին ։ Պրետորներին դա հայտնի չէր, և խոհակիցների ձերբակալման լուրն առնելով ՝ Ցեպիոնը գրավեց նավահանգիստը, ապա ոտքի հանելով իր ստրուկներին, որոնք բոլորն էլ հմուտ կռվողներ էին, հրդեհեց առափնյա թաղամասերը ։ Նա հարձակվեց Լենտուլոսին ուղեկցող վիգիլների վրա, բայց մի կերպ փրկվելով խորամանկորեն սարքված շուրջկալից ՝ հեռացավ քաղաքից ՝ իր հետ տանելով նավահանգստում եղած բոլոր ռազմանավերը ։
Այս ամենից խիստ անհանգստացած կոնսուլը, չնայելով ուշ ժամին, դեցիմվիրներին կարգադրեց շրջել բոլոր սենատորների տները և առավոտ վաղ նրանց հրավիրել արտակարգ նիստի...
Կեսգիշերը բավականին անց Ցիցերոնի առանձնատան մոտ կանգ առավ ծիրանագույն մի պատգարակ, որի փարթամ ծոպերը իջնում էին մինչև գետին ։ Պատգարակի պերճանքից և այն ուղեկցող սպառազեն լիկտորների ու ջահակիր ստրուկների տեսքից դժվար չէր ենթադրել, որ ժամանողը բարձրաստիճան մագիստր է ։
Լիկտորներից մեկը, որ եղեգնյա ճիպոտներ ու սակր էր կրում, բախեց դարպասը ։ Պատնեշի մյուս կողմից ուշացած քստքստոց լսվեց, ապա ետ քաշված փոքրիկ պատուհանից երևաց թավամազ մի գլուխ ։
— Հայտնիր կոնսուլին, որ ժամանել են պատվարժան հայրեր Մարկոս Կատոնը և Գնեոս Պիզոնը,— ասաց լիկտորը ՝ դռնապանի ուսի վրայից նայելով պատուհանից ներս,— և կամենում եմ տեսակցել նրան ։
Երևելի անձանց անունները լսելով, դռնապանը անհետացավ վայրկենապես, սակայն չմոռացավ փակել պատուհանը ։ Հեռացող ոտնաձայներ լսվեցին, հետո լռություն տիրեց ։ Որոշ ժամանակ անց դարպասը բացվեց կրնկի վրա, և ներս մտած պատգարակն առնվեց զինավառ պատանիների կրկնակի օղակի մեջ ։ Ցիցերոնի սաների ուղեկցությամբ այն առաջացավ խճածածկ ծառուղով, որ փշրված հայելու նման պսպղում էր լիալուսնից, և կանգ առավ ճերմակավեմ առանձնատան առմուտքի մոտ ։
Կոնսուլը հյուրերին ընդունեց տաբիլինում, ուր պատրաստվում էր վաղվա նիստին ։ Երբ մնացին երեքով ՝ Պիզոնը ներում խնդրեց տարաժամ այցելության համար, բայց Ցիցերոնը ձեռքը թափ տվեց և սեղանին փռված մագաղաթները հավաքելով ՝ ասաց.
— Գիտեի, որ չեք կարող աչք կպցնել, երբ հանրապետությունը վտանգի մեջ է ։ Քիչ առաջ ինձ մոտ էր Վելլեյոսը և իր օգնությունն էր առաջարկում շուտափույթ կարգուկանոն հաստատելու համար ։