— Շտապելու հարկ չկա,— Կեսարն աջը պարզեց Կլոդիոսին,— քանի դեռ նա
օժտված է իշխանությամբ՝ անմտություն է որևէ բան ձեռնարկել։ Ես կհայտնեմ՝ երբ և
ինչ է հարկավոր անել։
Կլոդիոսը երկյուղածությամբ շուրթերը հպեց քրմապետական ադամանդակուռ
մատանուն։
«Եթե նրան չխաչեն, ուրեմն կանանց իսկապես ուրվական է երևացել,— քրմապետը
մտածկոտ հայացքով նայեց իր առջև խոնարհված պատրիկին,— հետևաբար՝ նաև
սրբապղծություն չի եղել իմ տան մեջ»։
Գլուխ երրորդ
Քաղաքը չհասցրեց ուզածի չափ բամբասել Կլոդիոսի գործած սրբապղծության
մասին, քանի որ շուտով կատարվեցին առավել նշանակալից դեպքեր, որոնք իրենց
վրա բևեռեցին հասարակության ուշադրությունը։ Նոյեմբերի կեսերին Կատիլինան
երկու լեգեոնով Պերուզիայի վրայով շարժվեց հարավ։ Ապոլեիումը նրան հանձնվեց
առանց մարտի, Նուրսիայի կայազորը, որի պետը Ցիցերոնի կրտսեր եղբայրն էր,
փորձեց դիմադրել, բայց ժողովուրդը գիշերը բացեց դարպասները։ Պարենավորվելով
և զինվորագրելով կամավորներին՝ Կատիլինան սպասեց մինչև օգնական
ջոկատների ժամանումը, իսկ երբ զինվորների թիվն անցավ քսան հազարից՝
շարժվեց Հռոմի վրա՝ նպատակ ունենալով հանրապետական զորքերին դիմավորել
Լուկայի մոտ։
Սենատը խռովարարների դեմ ուղարկեց Գայոս Անտոնիոսին՝ նրան հանձնելով
Ութերորդ, Տասներեքերորդ և Ասիա մեկնելու համար Բրունդիզիոնում գտնվող
Տասնհինգերորդ լեգեոնների հրամանատարությունը։ Նրան թույլատրվեց նաև
զորահավաք անցկացնել հյուսիսային մարզերում։
Նոր էր Անտոնիոսը թողել Հռոմը, երբ շուկա ապրանք բերող գյուղացիների հետ
քաղաք սողոսկեցին Կատիլինիայի սուրհանդակները՝ դավադրություն
կազմակերպելու լուր բերելով նրա համախոհներին։ Լենտուլոսի տանը կայացած
գաղտնի ժողովը ծրագրեց խռովություն հրահրել Սատուրնալիայի տոներին, երբ
քաղաքը տարված կլիներ խաղերով ու գինեմոլությամբ։ Բայց, ի մեծ զարմանս
դավադիրների, հաջորդ օրը ողջ քաղաքը գիտեր այդ մասին։ Իսկ մեղավորը
Կուրիոսն էր։ Կամենալով շահել սիրուհու սիրտը, որը մտադիր էր լքել աղքատացած
պատրիկին, նա պարծեցել էր, թե շուտով ոսկու սարեր կունենա։ Սիրուհին նրան չէր
հավատացել ու ծաղրել էր, իսկ Կուրիոսը բացել էր գաղտնիքը։ Բայց քանի որ նրա
տարփուհին ոչ մեկին չէր հայտնել, թե ովքեր են դավադիրները և ումից է լուրն
իմացել, պահնորդությունը չգիտեր՝ որտեղից է սպասվում վտանգը։
Այնուամենայնիվ, սենատը Ցիցերոնին հանձնարարեց պաշտպանել քաղաքը՝
անսահմանափակ լիազորություններ շնորհելով նրան։ Մինչդեռ Կատիլինան
խռովության սպասումով խուսափում էր ընդհարվել Անտոնիոսի հետ և անընդհատ
փոխում էր բանակատեղին։
Դեկտեմբերյան կալենդներից մի քանի օր անց, երբ քաղաքը փոքր-ինչ խաղաղվել էր,
դավադիրները կրկին հավաքվեցին գաղտնի խորհրդակցության։ Բուռն վեճ եղավ։
Նախորդ ձախողումից գլուխը կորցրած Լենտուլոսը պահանջում էր հրդեհել քաղաքը
միաժամանակ մի քանի հատվածներում և, օգտվելով ստեղծված խառնաշփոթից,