Նրա ջղաձիգ դեմքն անզոր ցասում էր արտահայտում, և նա կծոտում էր շուրթերը անպարկեշտ բառեր չարտաբերելու համար ։
Կեսարը լուռ նայում էր, թե ինչպես է նա մատները ջարդոտում ։
— Եթե ես կամենայի բավականություն ստանալ, կհամբերեի ևս մի քանի օր ՝ տեսնելու համար, թե ինչպես են խաչում քեզ,— հանկարծ ասաց նա ։
Այս խոսքերը լսելով ՝ Կլոդիոսը քարացավ մի պահ, ապա դանդաղ շրջվեց դեպի Կեսարը և զարմանքից կլորացած աչքերով նայեց նրան ՝ դժվարանալով հասկանալ ասվածի իմաստը ։ Հետո խոնարհվեց քրմապետի վրա և այլայլված հայացքը չկտրելով նրանից ՝ շշնջաց.
— Ուրեմն դու չե ՞ ս ուզում, որ ես կործանվեմ ։ Բայց ինչո ՞ ւ, ինչո ՞ ւ ես այդպես մեծահոգի իմ հանդեպ ։
— Հասկանում եմ զարմանքդ,— խոսեց Կեսարը ՝ ելնելով բազմոցից ։— Իմ փոխարեն մեկ ուրիշն անշուշտ կփափագեր քո մահը, կսփոփվեր դրանով, որը կօգներ դիմանալ նվաստացումին ։ Ես նույնպես այդպես էի մտածում և, կարծում եմ, հարկ չկա ապացուցելու, որ կհասնեի նպատակիս ։ Բայց ես ճնշում չգործադրեցի քրմերի վրա և չմիջամտեցի դատավորներին ։ Թող ամենևին չթվա, թե մոռացել եմ ՝ ինչ է արժանապատվությունը, և ոչ էլ այդպես եմ վարվում զուտ մարդասիրությունից ։ Ո ՛ չ, ամենևին ո ՛ չ ։ Դու վիրավորել ես նաև աստվածներին, և ես չեմ ուզում առաջ անցնել նրանցից, քանի որ մարդկային զայրույթը ոչինչ է բարձրյալների ատելության հանդեպ, ու թե հոգսաշատ մահկանացուն երբեմն կարող է ներողամիտ լինել ՝ աստվածներին հատուկ չէ դա, և նրանք անպատճառ վրեժ կլուծեն իրենց հասցված անարգանքի համար ։ Ինչ վերաբերում է Պոմպեային ՝ ես ապահարզան եմ տվել, և նա իր անձի հետ իմ տնից տարել է անպատվությունը. հիմա կարող ես նրան այցելել առանց կեղծամի ։
— Մեր մեջ ոչինչ չի եղել,— մեղանչողի անկեղծությամբ ասաց Կլոդիոսը ։
— Դա ինձ բոլորովին չի հետաքրքրում,— վրա բերեց Կեսարը կտրուկ,— իմ կնոջ վրա կասկած անգամ չպիտի լինի, թեկուզ ողջ Քաղաքը թաղված լինի ապականության տիղմի մեջ ։
Ապա շրջվելով դեպի պարտեզը ՝ շարունակեց ՝ հեռուն նայելով.
— Ես չեմ կարող երաշխավորել աստվածների համար, թեև նրանց փոխանորդն եմ աշխարհի վրա, բայց քեզ հնարավորություն կտամ մեղքերդ քավելու իմ առաջ ։
― Պատրաստ եմ ընդունել ցանկացած պայման,— Պուբլիոսը վայրկենապես աշխուժացավ, մի պահ կամեցավ ծնկի գալ քրմապետի առաջ, բայց ինքնասիրությունը թույլ չտվեց անել այդ ։ Եվ անհամբեր սպասեց, թե ինչ է առաջարկվելու իրեն ։
— Դու պիտի վրեժխնդիր լինես Ցիցերոնից,— ասաց Կեսարը հակաճառություն չհանդուրժող տոնով ։
Կոնսուլի անունը լսելով ՝ Պուբլիոսը բացված ափով խփեց կրծքին ու գոչեց խրոխտ ձայնով.
— Ես պատրա ՛ ստ եմ ։