Կեսարը չպատասխանեց նրա ողջույնին, պաղ արհամարհանքով նրան նայելով ՝ նստեց բազմոցին ու, քրմապետական գայիսոնը ձեռքում խաղացնելով ՝ արտաբերեց սառն ու անտարբեր.
— Պատմի ՛ ր. քեզ կլսեմ ամենայն հետաքրքրությամբ ։ Պուբլիոսին շփոթեցրեց քրմապետի վարմունքը ։
— Չեմ հասկանում քեզ, պոնտիֆե ՛ կ, ի ՞ նչն է այդպես հետաքրքրում քեզ և ի ՞ նչ նորություն է, որ կարող եմ հաղորդել միայն ես,— հարցրեց նա ։
Կեսարը նրան նայեց վերից վար, ապա հեգնեց. Պատմիր այն մասին, թե ինչպե ՞ ս են որոշ տղամարդիկ գիշերը վերածվում կնոջ ։
— Սա ի ՞ նչ անհեթեթություն է,— Կլոդիոսը ձեռքերը կողքի տարածեց,— ի ՞ նչ անմիտ կատակ. ո ՞ վ է հորինել այս ողջ պատմությունը, որ առավոտից պղտորում է հանգիստս ։ Եվ դու հավատացե ՞ լ ես դրան, Կեսար,— Պուբլիոսը նայեց քրմապետի աչքերի մեջ ։— Երբ առաջին անգամ այդ լուրն ինձ հասավ, կարծեցի չարակամներիս մոգոնած հերթական հերյուրանքն է, և լուրջ չընդունեցի ։ Բայց, ահա, պարզվում է, որ զուր է հանգստությունս, քանի որ մարդիկ հակում ունեն նենգորեն սարքված կեղծիքն ընդունելու եղելության տեղ ։
Կեսարը նրան լսում էր թերահավատության շինծու ժպիտը դեմքին, և երբ նա ավարտեց խոսքը, հարցրեց ՝ բառերը երկարացնելով.
— Ուրեմն կանանց ուրվակա ՞ ն է երևացել ։ Դե, ինչ, հնարավոր է, բայց տարօրինակ է, թե ինչու այդ ուրվականը չի եղել նման ուրիշ որևէ մեկի ։
Պուբլիոսին դող համակեց, որը նա քողարկեց մեծագույն ջանքերով ու պատասխանեց մի փոքր ուշացումով.
— Այդ նույն կանայք երեք ամիս առաջ Հորտենզիոսին տեսել էին Բիբուլոսի տանը, երբ Մարկոսը, վատառողջ լինելով ՝ բժշկվելու էր մեկնել Լուկա ։ Բայց ի ՞ նչ պարզվեց. այդ ամենը հորինել էին մի խումբ մարդիկ, որոնց ձեռնտու չէր մեծահամբավ սենատորների մտերմությունը ։ Սակայն եթե դու իսկապես հավատ ես տածում այդ ասեկոսների հանդեպ,— իսկ քո վարմունքից այդպես է երևում,— ես հիմա ևեթ կհրամայեմ կանչել սպասավորներիս, որոնք քո և բոլոր աստվածների առաջ կերդվեն, որ ես երեկ ողջ երեկոն անց եմ կացրել տանը, քանի որ հյուրընկալում էի... Բայց ո ՛ չ,— Պուբլիոսը ձեռքը թափ տվեց,— նրանց խոսքին դու նշանակություն չես տա, ավելի լավ է հիմա բանբեր ուղարկեմ սիցիլիացի իմ ծանոթի ետևից, որն ինձ մոտ էր մինչև ուշ գիշեր ։
— Կարիք չկա,— ասաց Կեսարը ՝ քմծիծաղով, և Կլոդիոսը, որ դիմում էր դեպի դուռը, կանգ առավ կես ճանապարհին ։— Պիտի տխրեցնեմ քեզ,— Կեսարը ետ նստեց բազմոցին,— ես գալիս եմ բազիլիկայից, և այնտեղ իմացա, որ քո դեմ դատական գործ է հարուցված ու...
Կեսարը դիտավորյալ դադար տվեց ՝ Կլոդիոսի վերաբերմունքը պարզելու համար ։ Իսկ նրա դեմքից չքացել էր կեղծ ինքնագոհության արտահայտությունը, և միայն այժմ էին նկատելի դարձել անքնությունից կոպերի տակ առաջացած մթին պարկերը ։
— Բայց դա թյուրիմացությո ՛ ւն է,— կանչեց Կլոդիոսը թևաթափ ։