Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 130

քիվաշարը, որի վրա զարդաքանդակներ էին նշմարվում։ Պինիաների ու նոճիների շարքերի մեջ անհետացող-երևացող սպիտակազգեստ մատրոնաներն ասես խավարում թարթափող աստղախմբեր լինեին։ Ծպտյալը պարտեզում չէր։ Նրանք հավաքվեցին ձկնարանի շուրջը, բայց քնած կենդանիներից ու իրենց դողդողացող արտացոլումներից զատ ոչինչ չտեսան ավազանի մեջ։ Ինչ-որ մեկն առաջարկեց ստուգել թռչնանոցը, որ հեռու չէր. բայց նրանք միայն սիրամարգերին վախեցրին, որոնք զմրուխտյա ագիները հովհարաձև փռած՝ դեսուդեն ընկան՝ գիշերային անդորրը թրատելով անհանգիստ ղունղունոցով։ Կրկին դառնալով տուն, նրանք ամենայն բծախնդրությամբ ստուգեցին խոհանոցը, ճաշարանը, ննջարանները։ Քնից արթնացրին Հուլիային, որ անկողնում նստած՝ շշմած նայում էր սենյակի անկյունները խուզարկող մեծատոհմիկ կանանց։ Նրա հարցին, թե ինչ է պատահել, չպատասխանեցին ու նշաններով հասկացրին բարձրաձայն չխոսել։ Այդպես նրանք հասան սպասուհիների կացարաններին և Աբրայի սենյակում պատահեցին կեղծ նվագածուին։ Սկզբում աղմկելով փախան, ապա սրտապնդվելով՝ նրան դուրս արին կացարանից և բարձերով ու ոտնամաններով հարվածելով՝ հալածեցին դեպի ելքը։ Խույս տալով հարվածներից՝ ծպտյալը պատեպատ էր խփվում. ճանաչվելը հավասարազոր էր մահվան, և նա երկու ձեռքով ամուր կառչել էր կեղծամից։ Նա մի կերպ իրեն գցեց բակ և ճարպկորեն ելավ դարպասի ճաղաշարի վրա։ Նրա ձեռքերը զբաղված էին, և սպասուհիներից մեկը հաջողացրեց ճանկել կեղծամը։ Ու մինչ նա կցատկեր դարպասից այն կողմ՝ կանայք լուսնալույսի տակ մի անկնթարթ տեսան նրա դեմքը... Գլուխ երկրորդ Երեկոյան, երբ քաղաքը թնդում էր աննախադեպ լուրից և ամեն անկյունում խոսում էին գիշերային սրբազնագործության խորհրդի պղծման մասին, Կեսարը երկու լիկտորների հետ մտավ Պուբլիոս Կլոդիոսի ինսուլան։ Ուղեկիցներին նախասրահում թողնելով՝ նա, հրավերի չսպասելով, ներս մտավ։ Նրա դեմքին սառել էր վրդովմունքի և վրեժխնդրության համր արտահայտություն, և նա առաջանում էր գլուխն աննշան խոնարհած, մռայլված հոնքերի տակից ահեղորեն զննելով շուրջը։ Նա քրմապետական ձյունաթույր շուրջառով էր՝ եզրերն ասեղնագործված ոսկե թելերով. փղոսկրե հմայիլը, նրա անձեռնմխելիության և բոլոր ապրողաց հոգիների վրա իշխանության խորհրդանիշը, չարագուշակ փայլով պսպղում էր կրծքի վրա, և գույների երանգներն անկանոն հաջորդում էին միմյանց։ Ոչ ոք չէր հանդգնում փակել նրա ուղին, նրա աստվածային վեհությունից երկյուղած՝ ստրուկները կողմ էին քաշվում, ու երբ նա անցնում էր՝ շուրջառի երկար փեշերը սահեցնելով հատակի վրայով, ծնկի էին գալիս և համբուրում գետինը, որ դեռ պահում էր նրա մարմնի ջերմությունը։ Երբ Կեսարը հայտնվեց ատրիումում, Պուբլիոսը, որ մինչ այդ անշարժ նստած էր պարտեզամերձ բազրիքների մոտ, ելավ ու ձևացնելով, թե իրեն խիստ զարմացրել է պոնտիֆեկի [47] անսպասելի այցելությունը, ընդառաջ գնաց նրան։