Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 127

դարպասից և փողոցում ոչինչ չգտնելով ՝ ցանկանում էր ետ դառնալ, երբ լսեց իր անունը ։
— Ի ՞ նչ կա ներսում,— հարցրեց կիթառահարուհին կիսաձայն, երբ նրան նկատելով, Աբրան մոտ եկավ ։
— Ամեն ինչ կարգին է ։ Սպասիր ՝ փակեմ դարպասը ։ Եվ վերադառնալով ՝ հոխորտաց.
— Ու ՞ ր ես, անխիղճ, տիրուհին հալումաշ է լինում կարոտից. քանի ամիս նա սպասում է այս օրվան ։
— Օ ՜, մի ՛ խոսեցրու,— դժգոհեց գիշերային հյուրը ՝ ելնելով թփերի միջից,— իմ չար բախտն ինձ հետ է. որտեղից որտեղ եկել էր Սիցիլիայի իմ հին ծանոթը, և հոգիս ելավ, մինչև ազատվեցի նրանից ։
Ապա, լուսամուտներին նայելով, հարցրեց.— Որքա ՞ ն մարդ կա ներսում ։
— Սպասվածից ավելի,— պատասխանեց Աբրան ։— Չեն զլացել, անգամ Տիբուրից եկել-հասել են այստեղ ։ Քույրդ էլ է ներսում ։
— Չերևա ՞ մ հանկարծ նրա աչքին,— անհանգստացավ եկվորը և նկատելի մռայլվեց ։
— Այդքան երկչոտ մի ՛ եղիր,― հորդորեց Աբրան սառնասրտորեն և նրա խոպոպիկներն ուղղելով ՝ ավելացրեց,— հարազատ մայրդ էլ չի ճանաչի քեզ այս հանդերձների մեջ ։
Հետո ձեռքից բռնելով ՝ նրան ուղեկցեց ներս ։ Մթան մեջ խարխափելով, նրանք հասան ատրիում և թաքնվեցին արձանիկների ետևում ։ Աբրան շշուկով բացատրեց, որ սպասուհիները գնացել են սրբազան օձի ետևից և ուր որ է կվերադառնան ։ Եվ, իսկապես, շատ չանցած ՝ հեռու սրահներից հազիվ լսելի ոտնաձայն հասավ նրանց, ապա տասնյակ ջահերից շիկնած նկարազարդ պատերն արտացոլվեցին ողորկ հատակին և գնդաձև մոմակալների ու ոսկեջրած առաստաղի վրա ։ Դանդաղ ու հանդիսավոր սրահ մտավ կանանց ստվար մի խումբ, որի առջևից երկու սպասուհի խեցե բարձր պնակ էին տանում ։
— Սպասիր ինձ այստեղ,— ասաց Աբրան, երբ կանայք անհետացան վարագույրի ետևում ու սրահը վերստին ընկղմվեց խավարախառն անդորրի մեջ,— ես հիմա կգամ. պառավ վհուկը տիրուհու ննջարանը հսկում է Կոլխիդայի հրեշի պես ։
Աբրան կուլ գնաց խավարին ։ Երկար ժամանակ նա չէր երևում ։ Ձանձրանալով արձանների թիկունքում կուչ գալուց ՝ կիթառահարուհին ելավ թաքստոցից և թաթերի վրա առաջացավ Աբրայի գնացած ուղղությամբ ։ Պատերը շոշափելով ՝ նա դուրս եկավ ատրիումից ։ Հետո անցավ նեղ ու երկար միջանցքով ։ Առջևից սանդալների թույլ չքչքոց լսվեց, և կարծելով, թե եկողն Աբրան է, նա փորձ չարեց թաքնվել, մանավանդ որ ձայնը գալիս էր մոտիկից և ինքը չէր հասցնի ետ վազել միջանցքով ։ Նա սոսկաց, երբ իր առջև հայտնվեց ճրագ բռնած անծանոթ մի սպասուհի, որ հախճապակե անոթով բուրումնավետ ինչ-որ հեղուկ էր տանում ։