Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 126

— Բավական է, մայր, որքան համբերեցինք, ես այլևս տանել չեմ կարող անարդարությունն այս։ Եկել է բեկումի պահը, որին սպասել եմ երկար տարիներ, և հիմա, վերջապես, պարզ կդառնա՝ հովանավո՞ր են ինձ աստվածները, թե՞ զուր եմ անրջել, զուր եմ մորմոքվել երկնային նշանի սպասումով։ Ավրելիան ցանկացավ ինչ-որ բան ասել, բայց որդին թույլ չտվեց նրան։ — Մի՛ փորձիր հանգստացնել ինձ, մա՛յր,— նրա հայացքի դեմ հանկարծ հառնեց Կատիլինայի պատկերը,— ամեն ինչ վճռված է։ Այս անգամ ես տուն կգամ հաղթանակած, կամ ինձ սպասում է աքսորը։ Ավրելիան լուռ արցունքները կուլ տվեց՝ համոզված, որ ո՛չ հորդորը, ո՛չ թախանձագին խնդրանքը ետ չեն պահի որդուն։ Մոր խոնավ աչքերը նկատելով՝ Կեսարը նրան ամուր սեղմեց կրծքին և ցրիվ հայացքով նայելով հեռուն՝ ասաց հուզված. — Մի՞թե դու չէիր ափսոսա երկունքիդ ցավերը, մա՛յր, եթե ես երկնչեի։ Ավրելիան ոչինչ չասաց, համբուրեց որդու ճակատը և բարի գիշեր մաղթելով՝ քայլերն ուղղեց դեպի աղոթատուն։ Մասն չորրորդ Գլուխ առաջին Կեսգիշերին մոտ Հուլիոսների տան դարպասներին մոտեցավ մթաթույր թիկնոցով երիտասարդ մի կին։ Նրա պարանոցով գցված մարգարտաշար վահանակները քայլելիս խփվում էին պարզորոշ ուրվագծված ստինքներին և առկայծում ինչպես աստղիկներ։ Ոտքերի ալկարմիր մաշիկները հազիվ էին նշմարվում թիկնոցի երկար փեշերի տակից։ Բոցագես վարսերն առատորեն թափվում էին ուսերին, թեթևակի շպարված դեմքին. մազերին ոսկեփոշի էր ցանված, որ լիալուսնի տակ պսպղում էր դեղնավուն ցոլքերով։ Նա ձեռքին կիթառ ուներ։ Զգուշորեն շուրջը նայելով՝ կինը հրեց դարպասն ու այն բաց գտնվելով՝ անաղմուկ ներս մտավ։ Բակում ոչ ոք չկար, և մոտենալով առմուտքին՝ թաքնվեց մրտենու թփերի մեջ։ Տան ներսից անցուդարձի թույլ ձայներ էին լսվում։ Ինսուլայում տղամարդ չկար, և նա գիտեր այդ մասին. կանայք գիշերը հաղորդակցվելու էին Բոնա Դեայի հետ, և պատրիկը, ում հարկի տակ հավաքվելու էին քաղաքի երևելի մատրոնաները, վերակացուների և բոլոր ստրուկների հետ մինչև լուսաբաց պիտի բացակայեր տնից։ Ներսում բոլոր կանթեղները մարեցին, միայն սրբարանի լուսամուտն էր աղոտ վարդագունված, որի կիսաթափանց վարագույրների վրա ստեպ-ստեպ կանանց ստվերներ էին երևում։ Առմուտքի կողմից փականի չքչքոց լսվեց, հետո նախասրահի դուռը բացվեց թույլ ճռռոցով, և աստիճանների վրա հայտնվեց սպիտակազգեստ մի սպասուհի։ Նրա ձեռքին ճրագ չկար, և կիսախավարի մեջ դեմքը հազիվ էր երևում։ Թփերի մեջ թաքնվածը սսկվեց։ Հուշիկ քայլերով առաջանալով՝ սպասուհին գլուխը դուրս հանեց