— Բայց Միդիոսը չէ ՛ ր աջակցել Դեմոսթենեսին պրոսկրիպցիաների մեջ մտցնելու համար,— ասաց Կեսարը բորբոքված,— չէ ՛ ր հալածել նրա հարազատներին, այլոց չէ ՛ ր նվիրել նրա հողերը, չէ ՛ ր աքսորել քվեստորության պատրվակով ։
Կատոնը նրան նայեց արձանի գունատությամբ, ապա ասաց ՝ ծանր շնչելով.— Ամենքին է հայտնի, որ Ֆուֆիդիան էր քեզ հալածում և ոչ թե ես ։— Հին միջոց է ՝ մեղքերը բարդել մեռյալների վրա,— նետեց Կեսարը թունոտ ։— Եթե անգամ դու ճիշտ ես, պատրաստ եմ փոխհատուցել զրկանքներիդ համար ։
— Փոխհատուցե ՞ լ,— Կեսարի աչքերում զայրույթ շողաց, իսկ մարմինը դողում էր տենդահարի նման ։— ԵՎ քեզ թվում է ՝ կարո ՞ ղ ես անել այդ, Կատո ՛ ն ։— Նա խոնարհվեց դեպի պրինցեպսը և արյունոտ աչքերով նայում էր նրան ։— Դե ՛, ասա ՛, որքա ՞ ն կարժենար Կոռնելիան ինձ համար. հազա ՞ ր տաղանդ, երկո ՞ ւ հազար, իսկ գուցե թե ՝ մի բարեբեր լատիֆունդիա ՞՝ Նեապոլի մոտերքում... Չե ՛ մ կարող հաշտվել քեզ հետ, Կատո ՛ ն, որքան էլ գրավիչ է առաջարկդ, հանուն Հոնոսի և Վիրթոսի ՝ հանուն պատվի և քաջության, չեմ կարող ։ Դու սկզբում արհամարհում էիր ինձ, հետո հեռացրիր, քանի որ խանգարում էի հանգիստդ, իսկ հիմա փորձում ես ինձ գնել ոսկով ։ Ոչինչ չի ստացվի. ես հաղթելու եմ քեզ, և դու դա գիտես ։
Այս խոսքերից Կատոնը սփրթնեց, կտրուկ շարժումներով ելավ բազմոցից և Կեսարին նայում էր սպառնալից հայացքով ։
— Մեծամի ՛ տ ես,— նետեց նա ատամների արանքից, և նրա ձեռքերը բռունցքվեցին ։
— Քաղաքականությունը համեստ մարդու տեղ չէ,— պատասխանեց Կեսարը ՝ ակնդետ նայելով պրինցեպսի աչքերի մեջ ։
— Թող Թեմիսը լինի մեր դատավորը,— ասաց Կատոնը ՝ արդեն բակում ։
— Նա անաչառ է,— արձագանքեց Կեսարը առանց չարության և գլխի թույլ խոնարհումով հրաժեշտ տվեց պրինցեպսին ։
Հազիվ էր Կատոնը հեռացել, երբ բակ իջավ Ավրելիան ՝ խորին անհանգստության կնիքը դեմքին ։
— Ի ՞ նչն էր նրան մեր տուն բերել, որդիս,— հարցրեց մատրոնա ունիվիրան [ 46 ] հուզված. այս ողջ ընթացքում նա իրեն տանջել էր հազար ու մի կասկածներով ։
— Հարկ չկա անհանգստանալու, մա ՛ յր,— պատասխանեց Կեսարը և որպեսզի աչքերը չմատնեին իրեն համակած զայրույթը ՝ քայլեց դեպի ատրիում ։— Նա հետաքրքրվում էր, թե որքան արժեմ ես, և անչափ տխրեց ՝ իմանալով, որ աշխարհում չկա այնքան ոսկի, որով կարելի լինի գնել ինձ ։
Ավրելիան փարվեց որդուն և խոնավացած աչքերով նայեց նրան ։
— Զգույշ եղիր, զավա ՛ կս,— ասաց նա դողդոջուն ձայնով,— դու խաղում ես կրակի հետ և չես գիտակցում քեզ սպառնացող վտանգը. նա բոլորովին այլայլված դուրս եկավ այստեղից, և այժմ ամեն փորձանք սպասելի է նրանից ։ Սիրտս վատ բան է գուշակում ։ Ինքս եմ միշտ գործողությունների մղել քեզ, բայց հիմա, խնդրում եմ, հանգիստ թող նրան. նա վրեժխնդիր կլինի պարտության համար ։
Իսկ որդին պատասխանեց ՝ շոյելով մոր ալեխառն վարսերը.