Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Página 124

Եվ որպեսզի տաքարյուն էդիլը չբռնկվեր, ինչից նա անչափ վախենում էր, ավելացրեց.
— Դու դեռ երիտասարդ ես, և ամեն ինչ դեռ առջևում է, իսկ հիմա քեզ պարտքերից ազատվել է պետք ։
« Նա սարսափում է պարտության խայտառակությունից,— Կեսարը կողքանց նայեց պրինցեպսին ՝ զննելով նրա խորշոմածածկ դեմքը ։— Բայց եթե նա իսկապես երկյուղում է Վելլեյոսից, ինչպես փորձում է ներկայացնել, ինչո ՞ ւ է պահանջել քվեարկել իմ դեմ »։
Էդիլի լռությունն ընկալելով որպես երկընտրանք ՝ Կատոնը ոգևորվեց, և նրա թորշոմած այտերին վարդագույն բծեր երևակվեցին ։
— Եթե Կեսարը գտնում է, թե իմ առաջարկածը բավարար չէ, պատրաստ եմ ավելացնել ևս հինգ միլիոն ։
Կատոնն անհամբերությամբ սպասում էր պատասխանի ։ Բայց Կեսարը ոչինչ չասաց և ելնելով բազմոցից ՝ անշարժացավ լուսամուտի մոտ ։
« Նա իր պատիվը փրկել է ուզում ամեն գնով ։ Տարօրինակ է, բայց սկսում եմ խղճալ նրան ։ Այսօր նա կիսաստված է շատերի համար, պաշտելի կուռք, իսկ վաղը, եթե պարտվի, ամենքը կծաղրեն նրան »։
Գավիթ ներխուժած զույգ աղավնիները կտրեցին նրա մտքի թելը, և նա մեկ րոպեի չափ հետևում էր զաֆրանի փոշով ծածկված ճեմուղիների վրա շորորացող թռչուններին ։ Կարճատև այդ դադարը օգտակար եղավ, և հանկարծ նրա միտքը զբաղվեց կարևոր մի հարցով, որին մինչ այդ ուշադրություն չէր դարձրել ։ Նա շրջվեց դեպի Կատոնը և հոնքերի տակից խեթ նայեց նրան ։
« Խարդախ դև, գիտե ՛ ս ինչ ես անում ։ Վստահ ես, որ չեն հավատա խոսքերիս, եթե բողոքեմ պրետորներին ։ Ահա թե ինչո ՞ ւ ես այդպես ինքնագոհ ։ Ես զրպարտչի անուն կվաստակեմ, ինձ խելագար կհամարեն, եթե ջանամ ապացուցել, որ Կատոնը կաշառել է... իր ոխերիմ թշնամո ՞ ւն... Ցնորք »։
Նրա դեմքին դառը քմծիծաղ երևաց, մի պահ կամեցավ շշպռել պրինցեպսին, բայց զսպեց իրեն հանուն հյուրընկալության ։
— Մեծապատիվ պրինցեպսի առաջարկը շատ է գայթակղիչ, բայց ես միշտ գնահատել եմ անկախությունը և այն բարձր դասել դրամից ։
— Ոչ ոք չի պատրաստվում կաշկանդել քո անկախությունը,— շտապեց բացատրել Կատոնը ՝ նրան համոզելու հույսը չկորցնելով,— սա սովորական մի գործարք է, և կարող ենք երկուստեք մոռացության տալ այն ընտրությունից հետո ։
— Սովորակա ՞ ն,― հեգնեց Կեսարը ։
— Այո ՛,— պատասխանեց Կատոնը անվրդով,— նմանատիպ շատ օրինակներ կարող եմ հիշատակել, որոնք քեզ նույնպես հայտնի են ։ Ա ՛ յ, Դեմոսթենեսը, ում դու պաշտում ես, դրամ ընդունեց Միդիոսից և վերջ տվեց նրա հետ թշնամանքին ։ Նույն կերպ վարվեց նաև Մելանոպոսը ՝ վերջ տալով հակամարտությանը Կալիստրատեսի դեմ ։ Եվ նրանց առաջնորդում էր մի վեհ նպատակ. « Այս մարդն իմ թշնամին է, բայց թող հաղթանակի պետության բարօրությունը և թող այն հեռու մնա պառակտումից »։