Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 123

Կատոնի խրատական տոնը դուրս չեկավ Կեսարին, և նկատեց խիստ վիրավորված. — Ես դադարել եմ երազել տոգա հագնելու առաջին օրից ի վեր և որոշում ընդունելուց առաջ կշռադատում եմ այն։ — Այդ դեպքում դժվարանում եմ հասկանալ քեզ,— անկեղծ զարմանքով ասաց պրինցեպսը,— այսօր դու քսանութ միլիոն դենարե պարտք ունես... — Երեսո՛ւն,— ուղղեց Կեսարը։ — Առավել ևս։ Դառնալով քրմապետ՝ դու տարեկան կունենաս կես միլիոն շահույթ. դժվար չէ հաշվել, թե որքան ժամանակից կազատվես պարտքերից՝ նույնիսկ եթե անտեղի չվատնես ոչ մի սեստերցիում։ Իսկ քո պարտատերերից շատերը, որքան գիտեմ, արդեն նեղում են քեզ։ Պրինցեպսի խոսքերում շինծու ծաղր կար թաքնված, և Կեսարը որսաց այն, քանզի տեղյակ էր, որ պարտատերերից ոմանք Կատոնի դրդմամբ են շտապեցնում իրեն։ — Ինձ քաջ հայտնի է, թե մեծարգո պրինցեպսը որքան է մտահոգված այս հարցով,— իր հերթին խայթեց Կեսարը։ Կատոնը գունատվեց և անհանգիստ շարժվեց բազմոցի վրա։ — Քո փոխարեն ես այլ ուղի կընտրեի,— ասաց նա՝ փորձելով ձևացնել, թե չհասկացավ ակնարկը,— և կմեկնեի Պոնտոս. ասում են՝ հիմա Մագնիայի սպաները հեքիաթային հարստությունների տեր են դարձել։— Եվ բառերը երկարացնելով ու հայացքը չկտրելով Կեսարի դեմքից՝ արտաբերեց դանդաղ.— Եթե հարկ լինի, ես կարող եմ միջամտել։— Բայց զգալով, որ իր առաջարկն ամենևին չոգևորեց էդիլին, խուսանավեց.— Ամեն ոք ազատ է՝ տնօրինելու երկնավորների կողմից վիճակված կյանքը, և այս ամենն ասացի՝ նպատակ ունենալով ետ պահել քեզ մի քայլից, որով դու կամա, թե ակամա վատթարացնում ես քո վիճակը. շուտով կսկսվի նախընտրական պայքարը, մինչդեռ դու ազատ ոչ մի տաղանդ չունես։ Ասում են՝ Վելլեյոսը մտադիր է խնջույք սարքել քսան հազար սեղանների վրա ու նաև խաղեր կազմակերպել բոլոր մարզերում. ի՞նչ ես հակադրելու նրան, երբ ես, որ երբեք չեմ դժգոհել իմ կարողությունից, մոլորության մեջ եմ։ — Որքան հասկանում եմ՝ պայծառաշուք պրինցեպսին իմ ինսուլան է բերել ամենևին ոչ մտահոգությունն իմ անձի մասին,— նկատեց Կեսարը հեգնանքով։ — Ինքնըստինքյան պարզ է,— խոստովանեց Կատոնը,— բայց մտահոգությունն իմ անձի մասին կարող է շահեկան լինել նաև քեզ համար։ — Ախ, ահա՜ թե ինչ,— լրջացավ Կեսարը։ Դա ոգևորեց պրինցեպսին և մտածելով, որ ավելի հարմար պահ գուցե չլինի այլևս, շուրջը նայեց, ապա ասաց ցածրաձայն ու խորհրդավոր տոնով. — Ես պատրաստ եմ ազատել քեզ պարտքերից ու պարտապանների հետապնդումից, կհոգամ Պոմպեյքում կառուցվող ամառանոցիդ բոլոր ծախսերը, թե խոստանաս հանել թեկնածությունդ և երկրպագուներիդ համոզես քվեարկել իմ օգտին։— Տեսնելով, թե Կեսարն ինչպես անհանգիստ շարժումներ արեց, վրա բերեց.— Լավ մտածիր խոսքերիս վրա և մի շտապիր պատասխանել. մի՞թե որևէ շահ կունենաս, եթե քրմապետ դառնա Վելլեյոսը։