Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | страница 122

թե մի մերժիր ինձ։— Նրա աչքերը փայլում էին վրեժխնդրության հետզհետե ուժգնացող կրակից։— Ես նրա նման նենգորեն չեմ վարվի ու չեմ կաշառի հարբեցողներին ու չքավորներին, որոնք մեկ ասի դիմաց պատրաստ են հոգին էլ ծախել։ Ես կկաշառեմ նրա կլիենտներին, մերձավորներին, բարեկամներին, ես կանգ չեմ առնի ոչնչի առաջ, և նա կմեռնի խայտառակությունից՝ պարտվելով նույնիսկ այն տրիբուսում, որն առաջադրել է իր թեկնածությունը։ Նրա ձեռքերը դողում էին, աչքերը շանթ էին արձակում, իսկ դեմքին խաղում էր չարագուշակ մի ժպիտ, որից Կրասոսը փշաքաղվեց... Որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ դառնալով տուն, Ափրոկլեսը զեկուցեց, որ Կատոնը քառորդ ժամից ավելի սպասում է իրեն։ Նա կարգադրեց պրինցեպսին տեղեկացնել իր վերադարձի մասին, բայց դեռևս չմարած բարկությունը և նոր ծագած զարմանքը քողարկելու ու նաև իրեն ներքուստ հանդարտեցնելու նպատակով երկար ժամանակ չէր տեսակցում անկոչ հյուրին։ Կատոնը նստած էր բազմոցին. նա սգո զգեստով [45] էր, և ոսկե շղթայով փղոսկրե կրծքազարդը շողարձակում էր մթաթույր հագուստի վրա։ Ծերությունից փոս ընկած նրա այտերն անխնա սպիտակեցված էին բուրումնավետ ինչ-որ փոշով, և էդիլի վրա նա մեռելի տպավորություն էր թողնում։ Թե չլիներ մութ ակնախոռոչներում ծվարած ամեն ինչ նկատող աչքերի նենգ փայլը, որ վկայում էր, թե դողդոջուն այդ մարմնի մեջ բավականաչափ կամք կա ու հոգու կորով, կարելի էր կարծել, թե բազմոցին ուրվական է կամ տեսիլք։ — Թող Էսկուլապիոսը առողջություն բերի մեծապատիվ պրինցեպսին,— ողջունեց Կեսարը զուսպ,— որ իր այցով այսպիսի մեծ պատվի է արժանացրել ինձ։ — Էսկուլապիոսը բոլորովին երես է թեքել ինձանից,— դժգոհեց Կատոնը, որ հասցրել էր ոտքի ելնել։ Սպասավորներ էին ելումուտ անում սրահ, և շուրջը նայելուց հետո Կատոնն ասաց. — Կարևոր զրույց ունեմ քեզ հետ և կուզենայի խոսել առանձին։ Կեսարը նրան առաջնորդեց տաբիլինում։ Կատոնն անխոս հետևում էր կանթեղները վառող էդիլին, իսկ երբ սենյակը լուսավորվեց պայծառորեն, նրանք նստեցին և արենա ելած գլադիատորների նման լուռ զննում էին միմյանց։ — Ես հասկանում եմ, որ իմ այցով ուրախություն չեմ բերել քո տուն,— լռությունը խախտեց պրինցեպսը,— և քիչ առաջ ասված քո խոսքերում հեգնանք կար։ Բայց ես երկար չեմ զբաղեցնի քեզ։ Կեսարը նրան նայում էր պաղ արհամարհանքով։ — Ուզում եմ խոսել ընտրությունների մասին, և ամենայն անկեղծությամբ, ինչպես տղամարդը տղամարդու հետ։— Նա մի պահ լռեց, ասես մտքերն էր ժողովում։— Ես հասկանում եմ քեզ. ինչպես ամեն խիզախ մարդ, դու ևս նորանոր փորձություններ ես որոնում, որոնք ճանաչում ու փառք կբերեն քեզ։ Բայց գերագույն քրմի պաշտոնը, որից վեր աստվածներն են միայն, ինքդ էլ հասկանում ես, վաղ է քեզ համար. ես չեմ ասում՝ անհասանելի։ Վրեժխնդրությամբ տարված՝ դու չես պատկերացնում՝ ինչ քայլի ես գնում և որպիսի ծախսեր են սպասվում քեզ խայտառակ կերպով չտապալվելու համար։