մագաղաթի վրայով սահեցրեց վեր ու քարացավ։ Թողեց կարդալը, գալարը գցեց
թուլացած ձեռքից ու ծանր-ծանր իջավ մանր աստիճաններով։
— Ալբանիայի իմ վիլլան էլ աչք ծակեց,— հառաչեց նա կիսաձայն ու քայլամոլոր
առաջացավ դեպի սյունաշարը, որտեղ կանգնած էր Կոտտան։ Ցրված հայացքով նա
մի պահ նայեց խղճահարությամբ իրեն նայող պրետորի աչքերին ու գնաց Տիբերի
ուղղությամբ։ Հեռուն գնալ նա չկարողացավ։ Հավաքվածների միջից դուրս վազեցին
մի քանի հոգի և նետվեցին Ավրելիոսի ետևից։ Արագավազ մեկը բոլորից անցավ ու,
տաբերնաների մոտ հասնելով սենատորին, դաշույնը թիկունքից խրեց նրա սիրտը։
Երկու վիգիլ մոտեցան ու, ոտքերից բռնելով, դիակը քարշ տվին, ալեզուսպ պատնեշի
վրայից նետեցին Տիբերի ջրերի մեջ, հետո երջանկությունից ցնծացող մարդասպանին
ուղեկցեցին Պալատինիում՝ հասանելիք պարգևն ստանալու։ Ֆուֆիդիան դադարեց
ճեմել, վերցրեց գետին ընկած մագաղաթը, ուղղեց կռանալուց թեքված սաղավարտը
և, ասես ոչինչ չէր պատահել, շարունակեց կարդալ։
Մի պահ իր կողմը դարձած հայացքների ծովի մեջ պրետորը նկատեց Հորտենզիոսին,
և երբ հրապարակը վերստին խաղաղվեց, արբանյակների օգնությամբ ճեղքելով
ամբոխը, մոտեցավ նրան։
Ընթերցումն ավարտած Ֆուֆիդիան չէր հասցրել հավաքել գալարը, երբ ամբոխն
սկսեց արագորեն ցրվել։ Մի անսպասելի վազվզոց սկսվեց հրապարակում,
աննկարագրելի քաշքշոց, որը, ի վերջո, վերածվեց խառնաշփոթ տուրուդմփոցի և
աստիճանաբար լցվեց քաղաքի փողոցները։ Ցուցակի մեջ ընկածների
հարազատներին թվում էր, թե բախտախնդիրները շտապում են սպանել իրենց
հարազատներին, բախտախնդիրներին թվում էր, թե մյուսները ցանկանում են առաջ
անցնել ու իրենց զրկել բաղձալի տաղանդներից։
Քիչ անց ֆորումում մնացին Կոտտան, Հորտենզիոսը, ևս իմ քանի հոգի ու նաև
իրարանցումի ժամանակ ոտնատակ տրված մեկ տասնյակի չափ վիրավորներ,
որոնք, գետնին նստած, մղկտալով, տրորում էին վնասված անդամները։
Մտնելով հռետորի թևը՝ Կոտտան մի կողմ տարավ նրան։
— Հրե՛շ, արնախում հրե՛շ,— կատարվածից ցնցված՝ բարձրաձայն հոխորտում էր
Հորտենզիոսը։
Պրետորը երկյուղածությամբ շուրջը նայեց. իրենց լսող չկար։
— Գնանք մի որևէ գինետուն, Գայո՛ս,— Քվինտոսը չէր հանդարտվում,— թեկուզ
ամենահետինը։ Հարբելու չափ խմել եմ ուզում։
— Դիմացի՛ր,— Կոտտան փորձեց հանգստացնել նրան,— հիմա քեզ խմել չի կարելի.
դու լուրջ ժամանակ անգամ չես հետևում խոսքերիդ։
Հորտենզիոսը դառնությամբ տարուբերեց գլուխը՝ հառաչելով.
— Որքան արժանավոր մարդիկ կոտորվեցին, Կոտտա՛, բոլորովին անմեղ մարդիկ։
Ոչ ոք հիմա վստահ չէ, որ վաղը չեն գա ի՛ր հետևից ու խեղդամահ չեն անի հենց
ննջարանում՝ սիրելիի գրկի մեջ։ Մենք բոլորս մեղավոր ենք այս ամեն համար,
Կոտտա՛, քանի որ օգնել ենք նրան՝ նվաճելու իշխանությունը. Հունաստանում դու
ապահովում էիր նրա թիկունքը, իսկ ես՝ հիմարս, Ֆիլոբեոտի մոտ մանիպուլ էի
առաջնորդում պոնտացիների դեմ։