Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Página 119

հնարավորությունը, քանի որ գտնում էր, որ առաջինը դառնալու ամենակարճ ուղին առաջինին հաղթելն է... Ափրոկլեսը շուկայից տուն դարձավ շնչակտուր և ոտքի տակ ընկնող սպասավորներին հրմշտելով՝ վազեց տաբիլինում։ Կեսարին այնտեղ չգտնելով՝ նա իրեն գցեց գավիթ, ուր այդ ժամին սովորաբար հանգստանում էին պատրոնները։ Հուլիան և Պոմպեան փղոսկրե գահույքներին բազմած՝ ուրախ զրուցում էին։ — Ու՞ր է տերը,— հարցրեց Ափրոկլեսը դռների մոտից՝ շունչը տեղը բերելով։— Որտե՞ղ կարող եմ գտնել նրան։ Նա ամբողջովին կորել էր քրտինքի մեջ, մազերը խռիվ էին եկել, դեմքի մկանները ցնցվում էին նյարդերի լարումից, իսկ աչքերից զայրույթ էր կաթում։ Այդպես նա նման էր ողբերգակ դերասանի, և տիրուհիները զրույցը թողնելով՝ զարմացած նրան էին նայում։ — Ու՞ր է տերը,— կրկնեց Ափրոկլեսը՝ մատներով սանրելով մազերը և ուղղելով հագուստի փեշերը։— Կարևոր լուր ունեմ նրա համար։ — Պիտի որ Կրասոսի մոտ լինի,— մայր և աղջիկ պատասխանեցին գրեթե միաբերան և տեսնելով, թե Ափրոկլեսն ինչպես քամուց արագ հեռացավ, տարակուսանքով նայեցին միմյանց և ոչինչ չհասկանալով՝ ուսերը թոթվեցին։ Փողոցում Ափրոկլեսը ծակոց զգաց գոտկատեղում, դադարեց վազել և կողը բռնելով՝ առժամանակ քայլեց կիսակքած։ Նրա բախտից վարձու կառք պատահեց։ Երբ նա Կրասոսի սպասավորների հետ էքսեդրա մտավ, պատրիկները լուսամուտի մոտ նստած՝ լրջորեն զրուցում էին ինչ-որ հարցի շուրջ։ Ազատարձակի տարօրինակ տեսքից անհանգստացած՝ Կեսարը մոտեցավ և սևեռուն հայացքով նրա դեմքը զննելով՝ հարցրեց. — Ի՞նչ է պատահել, Ափրոկլե՛ ս։ — Քիչ առաջ... այնտեղ... պանդոկում... կաշառում են,— կմկմաց հույնը։ Կեսարը գինի հրամցրեց նրան։ Ափրոկլեսը մի շնչում խմեց այն։ — Իսկ այժմ մի շտապիր,― ասաց նրան Կեսարը,— և պատմիր՝ ինչ ես լսել պանդոկում։ Կրասոսը նույնպես մոտեցավ հույնին։ — Առևտուրն ավարտել էի և ծառաներին կողովների հետ տուն ուղարկելով՝ մտա գինետուն՝ կոկորդս մի քիչ թրջելու,— Ափրոկլեսն իրար սեղմած ափերը պահեց կզակի տակ ու ծնկի եկավ։— Թող ների՛ ինձ Կեսարը։ Թևից բռնելով, Կեսարը նրան ոտքի կանգնեցրեց։ — Գնացի Լամիոնի պանդոկը,— շարունակեց հույնը։― Դա գերեզմանների մոտ է, այնտեղ պատրիկներ չեն հաճախում։ Մի գավաթ գինի վերցրի ու նստեցի սրահի խորքում։ Նոր էի տեղավորվել, երբ ներս մտավ իմ հին ծանոթներից մեկը՝ ծեր զինվոր Աքանան։ Նա իր աջ ձեռքը թողել է Ֆիլոբեոտի մոտ, թեև դա չէ կարևորը։ Պլեբեյների մեջ նրան բոլորն են ճանաչում, մանավանդ պանդոկապանները, որոնց բոլորին նա պարտք է։ Նա նկատեց ինձ, և ես մտածում էի, թե հիմա կբռնի օձիքս ու բաց չի թողնի, մինչև չհյուրասիրեմ իրեն։ Բայց կատարվեց անսպասելին. նա ոչ